Ապրիլի 24-ին ԹՀ Ստամբուլ քաղաքում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ: Պոլսո Հայոց պատրիարքարանի Մայր եկեղեցում (Սբ. Աստվածածին) առավոտյան ժամերին ոգեկոչման պատարագ է մատուցվել: Կեսօրին Թուրքիայի Մարդու իրավունքների կառույցի (IHD)[1] ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում փորձ է արվել հիշատակի միջոցառում անցկացնել, սակայն ըստ «Ակօս» օրաթերթի, ԹՀ ոստիկանությունը խոչընդոտել է դրա անցկացմանը[2], ինչին արձագանքել են IHD-ի ղեկավարությունն ու ԹՀ խորհրդարանի (քրդամետ ԺԴԿ/HDP կուսակցություն) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը[3]:
IHD-ից նաև հայտնել են, որ ավելի ուշ հիշյալի առնչությամբ իրենք կհրապարակեն մամուլի հաղորդագրություն: Ավելի վաղ IHD-ն տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «ցեղասպանության ու ժխտողականության դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար հավաքվելու են այն նույն շենքի դիմաց, որտեղ մեկ դար առաջ բանտում պահվում էին հայ մտավորականները մինչ աքսորի ուղարկվելը»[4]: Երեկոյան մեկ այլ արարողություն է տեղի ունեցել Ստամբուլի մեկ այլ կենտրոնական վայրում` Շիշհանեի հրապարակում` ցեղասպանության հիշատակը հարգելու և մամուլի հաղորդագրություն կարդալու նպատակով: Ըստ Հրանտ Դինք հիմնադրամի, ապրիլի 23-24-ին հիշատակի միջոցառում է կազմակերպվել նաև Հրանտ Դինքի սպանված վայրում` «Ակօս» օրաթերթի նախկին խմբագրատան դիմաց: Մեկ այլ միջոցառում է տեղի ունեցել Շիշլիի հայկական գերեզմանատանը, որտեղ գտնվում է 2011թ. ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի շիրիմը:
ԹՀ նախագահը, ելույթ ունենալով Անկարայի Բեշթեփեյի ժողովրդական համաժողովների և մշակութային կենտրոնում Թուրքիայի արխիվների զարգացմանը, տեսլականին և պատմագիտական ուսումնասիրություններին նվիրված գիտաժողովին, հայերին կոչ է արել բացել արխիվները։ Նրա ընդարձակ ելույթից[5] կարելի է առանձնացնել հետևյալը. «Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին դասեր տվողները` բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչ օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը»:
Ֆրանսիային հիշեցնելով Ռուանդայի և Ալժիրի կոտորածների մասին` ԹՀ նախագահն իր ելույթում պնդել է, թե այս հարցում նրանք չեն կարող Թուրքիային դասեր տալ։ Նա շարունակել է, թե «մենք բացել ենք մեր արխիվները: Հեյ հայեր, դուք էլ ունեք, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Հետո էլ մենք՝ քաղաքական գործիչներս կխոսենք: Ճշմարտությունն իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները լիովին բաց են»։
Կարդացեք նաև
ԹՀ նախագահն նաև նամակ[6] է հղել պատրիարքական ընդհանուր փnխանnրդ Արամ արք. Աթեշյանին և ԹՀ հայազգի քաղաքացիներին, որտեղ նա նախ համայնքին ցավակցություն է հայտնում մարտի 8-ին վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ, ապա մասնավորապես նշում. «Այս տարի ևս հարգում ենք 1-ին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին»։ Ըստ նրա, ինչպես բոլոր կայսրությունների կործանման շրջանում է լինում, այնպես էլ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին երկրի սահմաններում և հարևան տարածաշրջաններում լուրջ ճգնաժամեր են եղել։ Էրդողանը տեղի ունեցածի մեղքը բարդել է համաճարակների, համատարած գաղթերի, պետական իշխանության թուլացման հետևանքով ակտիվացած զինված հրոսակախմբերի վրա։ Միաժամանակ Էրդողանն առաջ է քաշել իր այն թեզը, թե «ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հայերը Թուրքիայի հավասար և ազատ քաղաքացիներն են»։ Նամակում նա մաղթում է նաև հաջողություն, որպեսզի «հայ համայնքի նոր հոգևոր առաջնորդը հնարավորինս շուտ ընտրվի», ապա շարունակում, թե «հավատում եմ, որ համատեղ ապագա կառուցելու ուղին մեկն է և միասնական»: Նամակի և հարցի առնչությամբ գրառումներ են կատարվել ԹՀ նախագահի թվիթերյան էջում[7]:
[2] http://www.agos.com.tr/tr/yazi/22351/ihd-nin-sultanahmet-teki-24-nisan-anmasi-engellendi
[3] https://twitter.com/GaroPaylan
[5] http://www.milliyet.com.tr/son-dakika-cumhurbaskani-siyaset-2863285/
[6] https://www.tccb.gov.tr/basin-aciklamalari/365/105096/turkiye-ermenileri-patrik-genel-vekili-sayin-atesyan-a-mektup և http://www.hurriyet.com.tr/gundem/son-dakika-cumhurbaskani-erdogandan-ermeni-patrigine-mektup-41192927
[7] https://twitter.com/RTErdogan