«Միջազգային փորձը վկայում է, որ քաղաքացու տոն, որպես այդպիսին, գոյություն չունի: Միայն Էստոնիայում են քաղաքացու օր նշում: Հետեւաբար, սա արհեստածին է եւ ՀՀ իշխանության քարոզչության ամրապնդման միջոցառում է: Կարելի էր «Հեղափոխության օր» սահմանել, դա նորմալ կլիներ, աշխարհի շատ երկրներում նման օրեր կան»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ապրիլի 27-ին ՀՀ-ում տոնված Քաղաքացու օրվան, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը: Ըստ նրա. «Սպասվում էր, որ քաղաքացիները նախորդ տարվա այս օրերի պես դուրս են գալու փողոց, ոգեւորվեն, ծափ տան, բայց նման բան չեղավ ու չի լինելու, որովհետեւ էյֆորիան այլեւս չկա: Եթե սոցցանցերից վերացնես կառավարությանը սատարող «ֆեյքերին», իրենց պաշտպանող մարդ չի լինի, այդպիսիք շատ քիչ են»:
Վահան Բաբայանը կարծում է, որ ժողովրդի մի մասը միամիտ է եւ դեռ կարծում է, թե ամեն ինչ լավ է լինելու. «Երբ վստահության «լիմիտը» սպառվի, իշխանությունն էլ հենարան չի ունենա: Այսօր իշխանության հենարանն են «ֆեյսբուքյան ֆեյքերն» եւ միամիտ մարդիկ: Հիմա էլ եթե տեսնեք իմ ելույթի ուղիղ եթերը, դրա մեկնաբանություններում իշխանության «ֆեյքերը» գրում են աշխարհի հայհոյանքները: Երբ Փաշինյանն ուղիղ եթերում կոչ կանի «ֆեյսբուքյան տեռորը» վերացնել, այդ ժամանակ միայն կհասկանանք, որ մտահոգված են երկրում տիրող ատելության մթնոլորտով»:
Նախկին պատգամավորը նաեւ շեշտեց, որ Քաղաքացու օրը հանրության շրջանում բաժանությունների է հանգեցնում. «Ով տոնում է, քաղաքացի է, իսկ ով ոչ, քաղաքացի չէ՞…իրականում դա իրենց կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի տոնն է, ոչ թե ժողովրդի կամ քաղաքացու: Սա տոն չէ, այլ խեղկատակություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ