Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի տնօրենին գրավով ազատ կարձակե՞ն

Ապրիլ 29,2019 17:22

Քիչ ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին (լուսանկարում) կալանավորելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ին կայացված որոշման դեմ Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Նշենք՝ պաշտպանական կողմը Դավիթ Ղազարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել:

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին Դավիթ Ղազարյանը կալանավորվեց: ՊԵԿ քննչական վարչության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Եվրասիական զարգացման բանկը հետաձգել է «Սպայկա» ընկերության վարկավորմանն ուղղված ծրագրի իրականացումը: Այս մասին ապրիլի 25-ին Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում EADaily-ի թղթակցին ասել է ԵԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Բելյանինովը. «Այնտեղ պահանջներ կան հարկերի վճարման հետ կապված, ուստի մենք դեռ կասեցնում ենք: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն «Սպայկայի» մասով կասեցվել է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»: ԵԱԶԲ-ն նախատեսում էր «Սպայկային» 67 միլիոն դոլարի վարկ տրամադրել՝ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ծրագրի իրականացման համար:

Դավիթ Ղազարյանի շահերի պաշտպան Սամվել Սիմոնյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը կլինի վաղը՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10.30-ին: Դառնալով գրավի չափին՝ ասաց. «Գրավի չափ նշված չէ: Ցանկացած ողջամիտ գումարի չափ ընկերությունը պատրաստ է որպես գրավ տրամադրել: Դատարանն է որոշում. օրենքով նախատեսված է, որ գրավի չափը կարող է թողնվել դատարանի հայեցողությանը ողջամտության սահմաններում: Օրինակ՝ մեկ միլիարդ դոլարը ողջամիտ չէ, բնականաբար, մեկ միլիարդ դրամը ողջամիտ է»:

Շահերի պաշտպանն ասաց, որ իրենց պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, սակայն չեն ցանկանում մանրամասնել, որպեսզի դա չազդի դատարանի որոշման վրա: Նա հավաստիացրեց՝ որևէ հիմք չկա ենթադրելու, որ պարոն Ղազարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը. նախաքննության մարմին էլ չի բերում նման հիմքերը: Ըստ նրա՝ կալանքն ամբողջությամբ ենթադրությունների վրա է. «Անգամ կալանքը փոխելու միջնորդության ներկայացումից հետո պարոն Ղազարյանը չկատարեց փորձ հանրապետությունը լքելու, թեև այդ իրավասությունն ուներ: Որպես մեղադրյալ պարոն Ղազարյանը ցուցմունք չի տվել, սակայն հայտարարություն է արել, որ ցանկացած հարկային պարտավորություն, եթե կա, ընկերությունն ի վիճակի է և պատրաստ վճարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930