Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը սպասում էր դատախազության պատասխանին, ՀԱՕԿ-ից ճոպանուղին վերցնելու փաթեթն արդեն պատրաստ է

Ապրիլ 29,2019 17:16

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը ճոպանուղին ՀԱՕԿ-ից վերցնելու՝ մարզպետի քայլը որակել էր պետական մարմնի կողմից ազդեցության եւ միջամտության փորձ Օլիմպիական կոմիտեի, որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեությանը: Գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նաեւ նշել էր, որ եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որեւէ թերացում էր նկատել, ապա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, եւ խնդիրը անմիջապես կշտկվեր: Այսօր ասուլիսում Aravot.am-ի՝ այս մասին հիշեցումներին Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց՝ հղում անելով Գլխավոր դատախազության հաղորդագրությանը. «Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում պետությանն ավելի քան 476 միլիոն դրամի վնաս է պատճառվել, հարուցվել է քրեական գործ: 476 միլիոն դրամը, չեմ կարծում, շտկելու սխալների եւ խորհրդատվական խողովակներով փոխհատուցում կատարելու գործընթաց կարող է լինել: Սա լրջագույն գործընթաց է, որով զբաղվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը»:

Մարզպետն ասաց, որ Ծաղկաձորի քաղաքապետից նաեւ այլ համայնքների ղեկավարներից պարբերաբար պահանջում է խոշոր պարտքատերերի ցանկերը եւ շատ զարմացել է, որ այնտեղ տեսել է ՀԱՕԿ-ին, որը գույքահարկի գծով որեւէ լումա չէր վճարել Ծաղկաձորի համայնքապետարան. «10 տարի գործել է առանց գույքահարկ վճարելու: Հողի հարկից ազատված է: ՀԱՕԿ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Լեռնատուր» ՍՊԸ-ին 605 հեկտար հողատարածքներ են հանձնվել՝ անվարձահատույց եւ անժամկետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Պետրոսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ սպասում էր դատախազության պատասխանին, այն արդեն կա, ի՞նչ քայլեր է պատրաստվում անել: Ի պատասխան մարզպետն ասաց, որ մտադիր է իր առաջարկությունների փաթեթն ամբողջացնել՝ հիմքում ունենալով դատախազության հաղորդագրությունը եւ կառավարությանն առաջարկել, որպեսզի 2004 թվականի կառավարության որոշումը վերանայվի: Այդ որոշմամբ Ծաղկաձորի ճոպանուղին տնօրինման էր հանձնվել ՀԱՕԿ-ին:

Մարզպետն ասաց, որ հնարավոր է ՀԱՕԿ-ից վերցնելով ճոպանուղին հանձնվի տուրիզմի պետական կոմիտեին կամ՝ տնտեսական զարգացման եւ Էկոնոմիկայի նախարարությանը. «Մի բան աներկբա է, այնպիսի տուրիստական պոտենցիալը, տուրիզմի արդյունաբերության մեջ այնպիսի հսկան, ինչպիսին Ծաղկաձորի ճոպանուղին է, չպետք է այս կերպ շահագործվեր եւ նրա շահագործումից գեներացվող շահույթները չպետք է հարկվեն բացառապես ուղղակի կամ անուղղակի հարկերով՝ շահութահարկով, այլ, նաեւ, պիտի մաս հանվի տվյալ համայնքին, մարզին, մաս հանվի Հայաստանի հանրապետությանը՝ որպես լուրջ աղբյուր տուրիստական ենթակառուցվածքների զարգացման համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930