Ս․ թ. ապրիլի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսի արաբերեն և պարսկերեն ուսումնասիրող ուսանողները մասնակցեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատողների կողմից կազմակերպված դասախոսությանը և արաբատառ ձեռագրերի ցուցադրությանը:
Դասախոսության ընթացքում, որը վարում էին թուրքագետ Անի Ավետիսյանը, պարսկագետ Իվեթ Թաջարյանը և արաբագետ Վեներա Մակարյանը, նշվեց, որ Մատենադարանի Արևելագիտության բաժինը գործում է 2012թ-ից (նախապես՝ Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրման բաժին): Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուն ընդգրկում է մոտավորապես 3000 արաբերեն, պարսկերեն և օսմաներեն ձեռագրեր:
Ինչպես արաբատառ հավաքածուն, այնպես էլ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն կազմվել է Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտի (Լազարյան ճեմարան) և Սուրբ Էջմիածնի Մատենադարանից բերված ձեռագրերի վրա, ապա ստվարացել անհատական նվիրատվությունների շնորհիվ:
Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան արաբական, պարսակական, օսմանական գրչատեսակներին և դրանց առանձնահատկություններին: Հատկանշական է, որ բովանդակային և գեղագիտական առումով պարսկերեն հավաքածուն ավելի հարուստ է, քան արաբերեն և օսմաներեն հավաքածուները: Հետաքրքրական է, որ ձեռագրերում առկա մանրանկարների շնորհիվ նույնպես կարելի է պատկերացում կազմել ձեռագրի ծագման մասին: Օրինակ, լազուրով պատված մանրանկարները հուշում են, որ տվյալ ձեռագիրը Աֆղանստանից է, փիրուզովը՝ Իրանից, իսկ ոսկեպատ մանրանկարները հուշում են հովանավորի բարձր դիրքի մասին և այլն:
Կարդացեք նաև
Գնահատելով Մատենադարանի գիտանձնակազմի կողմից ցուցաբերած մասնագիտական բարձ պատրաստվածությունը՝ պետք է նշել, որ այսպիսի այցելությունները և դասախոսությունները կարևոր դեր են խաղում ուսանողների մտահորիզոնի ընդլայնման, մասնագիտական գիտելիքների խորացման և աշխարհաքաղաքական իրավիճակում ճիշտ կողմնորոշման գործընթացում:
ԵՊԼՀ