Անկախ-ի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանում է իր կողմից քաղաքական ակումբ հիմնադրելու վերաբերյալ մամուլի հրապարակումները։
-Պարոն Մանուկյան, օրերս մամուլը գրեց, որ Դուք ստեղծել եք քաղաքական ակումբ։ Ի՞նչ քաղաքական ակումբի մասին է խոսքը, խնդրում եմ պարզաբանեք։
-Ընդհանրապես, արևմտյան քաղաքական մշակույթի մեջ շատ կարևոր դեր են խաղում քաղաքական ակումբները։ Ըստ որում, ակումբները կարող են լինել տարբեր անվանումներով՝ «Յախտ ակումբ», «Գոլֆ ակումբ» և այլն, բայց դրանց մի զգալի մասն ունի քաղաքական-հասարակական քննարկումների կամ ավելի ճիշտ՝ շփումների ֆունկցիա։ Մեծ մասամբ այնտեղ համախմբված են մարդիկ, որոնց տեսակետը երկրի ապագայի, գործընթացների, տնտեսական գաղափարախոսության և քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ նույնն է։
Այդ ակումբները հիմնականում ձևավորվում են ճաշակների, ընդհանրության շուրջ, բայց կան նաև ակումբներ, որոնց նպատակը ոչ թե համախոհների հավաքագրումն է, այլ ընդհակառակը՝ տարբեր բևեռների, տարբեր տեսակետների, տարբեր պատմական անցյալ ունեցող քաղաքական ուժերի բանավեճերը ոչ ֆորմալ հարթակում։ Այդ ոչ ֆորմալ զրույցները ինչ-որ ընդհանրական պատկերացումներ, տեսիլքներ են առաջացնում երկրի ապագայի նկատմամբ, կամ հասկանալի է դառնում, թե որտեղ են հակասությունները և որ հարցերը պետք քննարկել։ Իմ կարծիքով՝ Հայաստանում անհրաժեշտություն կա այսպիսի քաղաքական-հասարակական ակումբի ստեղծման, որտեղ ներգրավված կլինեն բարձր որակ և փորձ ունեցող քաղաքական գործիչներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ նրանից՝ ընդդիմություն են, թե իշխանություն, լիբերալ են, թե սոցիալիստ, արևմտամետ են, թե ոչ արևմտամետ։ Այսինքն, պետք է մի հարթակ, որտեղ մարդիկ իրենց կուսակցական «շորերը» դեն կնետեն ու իրար հետ կկարողանան երկխոսել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ապագայի համար նման ակումբը կարող է որոշակի դերակատարում ունենալ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն ակումբին, որի մասին մամուլը գրել է, ես դրա մասին դեռևս շատ չեմ խոսում, չեմ հայտարարում, որովհետև այն ձևավորման փուլում է, և պրոբլեմն այն է, թե ոնց ձևավորել ակումբը, որպեսզի ապահովվի հավասարակշռություն։ Հայաստանյան քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, իրար նկատմամբ բավականին սրությամբ կան հակասություններ, և պիտի կարողանաս այնպես անել, որ միակողմանի չլինի, լինի հավասարակշռված, որի դեպքում նոր այն նշանակություն և արդյունք կունենա։ Երբ ակումբի ձևավորումը կհասնի այդ աստիճանի, կարծում եմ՝ տեղի կունենա նաև ակումբի ներկայացումը, որպեսզի հասարակությունը նույնպես ծանոթ լինի դրա մասին։ Մինչ այդ կխուսափեմ շատ մանրամասներ խոսել այդ գործընթացից։ Ի դեպ, նման ակումբ ստեղծելու ցանկություն իմ մոտ եղել է վաղուց, բայց նախաձեռնությունը հիմա է, քանի որ կարծում եմ, որ մեր հասարակությունն այժմ զարգացման այն փուլում է, որ նման ակումբների ստեղծումն անհրաժեշտ է ու կարևոր։