Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածությունում հակամարտությունների վրա և կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին հանդիպում անցկացնել՝ անվտանգության ոլորտում առկա խնդիրները քննարկելու համար:
«Մեծ թվով խնդիրներ են կուտակվել այստեղ մեզ մոտ, ընդհանուր տանը, որոնք պետք է լուծել՝ Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը… Ավելացել է Ուկրաինան, և դա արդեն լուրջ հակամարտություն է, շատերն անվանում են պատերազմ: Ես շատ հաճախ եմ քննադատում ԵԱՀԿ-ն այն բանի համար, որ մենք թույլ ենք արձագանքում այդ հարցերին, բայց չէ՞ որ դա ԵԱՀԿ աշխատանքին ուղղակիորեն առնչվող թեմա է, քանի որ դա առաջին հերթին եվրոպական մայրցամաքում անվտանգության կազմակերպություն է»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահը դարձյալ քննադատել է, որ ԵԱՀԿ ղեկավարներն արդեն երկար ժամանակ չեն կարողանում հավաքվել՝ քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները և «գծանշել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»: «Ստամբուլից հետո (1999թ. ԵԱՀԿ գագաթնաժողովը-խմբ.) պետությունների ղեկավարները մասշտաբային հանդիպում չեն ունեցել, մինչդեռ պետք էր… Պետք է հանդիպել և լուծել (խնդիրները-խմբ.): Եթե չհաջողվի լուծել, ապա գոնե գծանշել ուղիները, որոշակի հեռանկարներ»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ