Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազա՞տ է այդ առումով մամուլը, ինչո՞ւ չեն հրապարակում ֆինանսական աղբյուրներն ամբողջությամբ». Արտակ Զեյնալյանի դժգոհությունը

Ապրիլ 29,2019 15:44

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասուլիս էր հրավիրել՝ եռամսյակի հաշվետվությունը ներկայացնելու: Նա դժգոհում էր, որ լրագրողները, փոխանակ իր հաշվետվությունից, ներկայացրած թվերից հարցեր տան, այլ հարակից թեմաներից են հետաքրքրվում: Մենք հարցրեցինք՝ վերջերս ասել եք, որ «մամուլի գործառույթներից մեկը հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը եւ ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը», ձեր կարծիքով մամուլն այսօր շոկի մե՞ջ է գցում մարդկանց, վերջին շրջանում նկատվում է, կարծես նեղացած եք մամուլից, ի՞նչ ենք արել ձեզ: Նախարարը պատասխանեց. «Ազատ խոսքը կարող է լինել նաեւ ցնցող, բայց դա բացառություն պիտի լինի՝ այդ ցնցող խոսքը հնչեցնելը: Հիմա, եթե դուք կարդում եք մամուլը, որքա՞ն է ցնցող խոսքը, սթրեսի մեջ պահող խոսքը: Որպես քաղաքացի, ձեր մտքում, երբ կարդում եք ողջ մամուլը, ինչպիսի՞ զգացողություններ ունեք, արդյոք մամուլի հրապարակումները համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մամուլի հրապարակումների վերնագրերը, որոնք դուք կարդում եք եւ կարդում եք տեքստը, դրանք ի՞նչ նպատակ են հետապնդում, դրանք նպատակ են հետապնդում ուշադրություն հրավիրելու, որ դրանք կարդան, որ դրանց մեջ լինի սկանդալ, արտառոց բան, որ դա «վաճառվի», կարդան»:

Նա հարցրեց՝ նորմա՞լ է մամուլի այս վիճակը, բավարարո՞ւմ է այս վիճակը ձեզ. «Ես բոլորովին նեղացած չեմ մամուլից, բայց այս խնդիրները դուք տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Մամուլը կոչված է ապահովելու խոսքի ազատության բաղադրիչը եւ բիզնեսը, մամուլից շահույթ, եկամուտ ստանալը ընդամենը աջակցող է այդ տեղեկատվության հոսքին, որպեսզի ապահովի դա: Դա չի հիմնական նպատակը, դա միջոցն է: Գուցե ամբողջ աշխարհում է այդպես, բայց իրավունքի տեսանկյունից ազատ մամուլը հասարակությանը պետք է ծառայի: Խնդիր չե՞ք տեսնում մամուլի ֆինանսական աղբյուրների հրապարակայնացման հետ կապված: Ազա՞տ է այդ առումով մամուլը, ինչո՞ւ չեն հրապարակում այդ ֆինանսական աղբյուրներն ամբողջությամբ, բոլորը: Ֆինանսական աղբյուրների մասին է խոսքը, թափանցիկության հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930