Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ծեծկռտուքը, Նուբարաշենից բերված կոյուղաջրերի հոտն իրենց գործն արել են: Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողականի ներքին կոյուղու ցանցի, արտաքին եւ ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի ներքին եւ արտաքին էլեկտրահամակարգերի կապիտալ շինաշխատանքներ եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացրել. «Հիշո՞ւմ եք Նուբարաշեն ՔԿՀ-ի վիճակը, մենք ինչ ենք ժառանգել: Հիշում եք, կոյուղու հետ կապված խնդիրը, որը մեծ հնչեղություն ստացավ Երեւանի ավագանիում: Այդ խնդիրը լուծված է, հիմա ներքին աշխատանքներ են իրականացվում»:
Նախարարը տեղեկացրեց, որ սկսվել են նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին կոյուղու ցանցի եւ 143 մետր երկարությամբ պարսպի կապիտալ շինարարության աշխատանքները: «Նուբարաշենի» կոյուղու համանման խնդիր կա նաեւ Վարդաշենում, այդ խնդիրը նույնպես լուծելու են:
Խոսելով ոլորտի բարեփոխումների մասին՝ նախարարը հայտնեց, որ մի ամբողջ փաթեթ է հիմա ԱԺ-ում քննարկվում: Եթե ընդունվի, հաշվի կառնվի, թե դատապարտյալին որեւէ քրեակատարողական հիմնարկ տանելով՝ նա ինչքանո՞վ է մոտ իր հարազատներին: Պետք է հնարավորինս մոտ գտնվի, որ տեսակցությունները հեշտ լինեն, մատչելի լինեն: Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի հետ կապված խնդիրները նույնպես կլուծվեն: Վերանալու է այն օրենսդրական կանոնը, ըստ որի, դատապարտյալին կարճատեւ մեկնում չտրամադրելը կապվում էր հանցագործության ծանրության հետ: Արդեն որոշել են, որ անկախ կատարած հանցագործությունից, նրան կարող են տրամադրել կարճատեւ մեկնում, օրինակ, կարող է ընտանեկան ինչ-ինչ հանգամանքներից ելնելով անհրաժեշտ լինի, նաեւ՝ գիրք կարող է գրել, գրքի շնորհանդեսը լինի, ցուցահանդեսներ բացի եւ այլն: Գործող օրենսդրությամբ իր հեղինակած գրքի շնորհանդեսին անգամ թույլ չեն տալիս դատապարտյալին մասնակցել, կամ, ասենք, ընտանիքի անդամը հիվանդանում է, մահանում է, դատապարտյալին թույլ չէին տալիս մասնակցել»:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ կարող են կարճատեւ մեկնում տրամադրել նաեւ այն դեպքում, երբ դատապարտյալի երեխան ծանր իրավիճակում է: Սա մարդասիրական ակտ է լինելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ