Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը խուսափեց հայտարարել, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ

Ապրիլ 29,2019 15:10

Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: Այսօր մենք արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին այս հարցն ուղղեցինք՝ հավելելով, որ տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, թե իրենք քաղբանտարկյալ են ու հետաքրքիր է իր գնահատականը՝ որպես նախարար:

Զեյնալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ: ՀՀ-ում անօրինական անազատության մեջ գտնվողներ չկան, ես ձեր հարցին այսպես կպատասխանեմ: Եթե կան բավարար հիմքեր անազատության մեջ պահելու, նվազագույն հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց, կամ կալանքը փոխարինվում է գրավով: Այս իրավիճակը ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմում եղած իրավիճակից: Շատ ավելի շատ անձինք են գտնվում ազատության մեջ եւ ընտրված է նրանց նկատմամբ ազատությունից զրկվելուց տարբերվող խափանման միջոց, քան նախկին իշխանությունների ժամանակ: Ես ինչու ձեռնպահ մնացի քաղաքական գնահատականներ տալուց՝ անձինք իրենք են որոշում ինչպես ընտրեն իրենց պաշտպանությունը, ես նրանց չեմ հակադրվի այս առումով: Նրանք գտնում են, որ այդպես պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, մյուսը գտնում է, որ պետք է հայցի քաղաքական ապաստան օտար երկրում, իրենք են որոշում ինչպես պետք է իրականացնեն իրենց պաշտպանությունը: Մենք պարտավոր ենք ապահովել դատարանի, դատական իշխանության անկախությունը, անաչառությունը, որպեսզի դատարանները դրան գնահատականներ տան»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, եթե դուք հայտարարեք, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան, նշանակում է կմիջամտե՞ք նրանց պաշտպանության գործին՝ Զեյնալյանը պատասխանեց. «Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, ես նախարար եմ եւ ձեռնպահ կմնամ դրա վերաբերյալ գնահատականներ տալուց: Արդարադատության նախարարները, կամ նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: Քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն, որոշում է հասարակությունը, ՀԿ-ները: Գնահատեք ինքներդ՝ կա՞ն այսօր քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: Դա սուբյեկտիվ է: Ես այդ պատասխանը հնչեցնելով՝ կդիտվեմ որպես կողմնակալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930