«Միկա» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի կարատեի կոնֆեդերացիայի հանրապետության անդրանիկ մանկապատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի շուրջ 500 մարզիկ:
Կոնֆեդերացիայի նախագահ Մարկոս Ղարիբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք մասնակիցների քանակը սահմանափակել էինք: Նպատակը՝ առաջնությունից հետո հավաքական թիմ ձեւավորելն է, որը կմասնակցի միջազգային մեկնարկներին: Հավաքականից ավելի բարձր ունենալու ենք այսպես կոչված «սուպեր հնգյակ», որին կտրվի միջազգային պրոֆեսիոնալ մրցումներում Հայաստանը ներկայացնելու իրավունքը: Շոտոկան կարատեի միջազգային ֆեդերացիան այս տարի նշում է 30-ամյակը եւ այդ կազմակերպության ներկայացուցիչը, որ հիմա Երեւանում է, մեզ պաշտոնապես հրավիրեց»:
Պարոն Ղարիբյանի խոսքով, Հայաստանի կարատեի կոնֆեդերացիան, ընդհանուր առմամբ, ունի ութ հազարից ավելի մարզիկ: Տարվա ընթացքում կոնֆեդերացիան պլանավորում է մի քանի մրցաշարեր կազմակերպել, որոնցից Մարկոս Ղարիբյանը առանձնացրեց երկուսը՝ «Երեւան Օփենը», որին նախատեսվում է մոտ 10 երկրների թիմերի մասնակցություն, եւ աշնանը Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք մեծ մրցաշարը, քանի որ Արցախում իրենք շատ մեծ թվով մարզիկներ ունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ