Ապրիլի 27-ին, երբ հանրապետությունում նշվում էր «Քաղաքացու օրը», ի պատասխան լրագրողների հարցերի, թե քննադատվում է այդ տոնակատարությունների համար 124 միլիոն դրամ նախատեսելը, երբ առավել հրատապ լուծում պահանջող նպատակների կարող էր այդ գումարն ուղղվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ 40 միլիարդով քաղաքացին գերակատարել է բյուջեն, 100 միլիոն չի՞ կարող ծախսել:
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բյուջեի գերակատարման 40 միլիարդ ցուցանիշին վերաբերվող հարցին, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն ասաց. «Ես լավ չեմ հասկանում, թե ի՞նչն է գերակատարվել, որովհետեւ մեր հարկային եկամուտները 0,5 տոկոսով են ավելացել»:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր 50 հազար աշխատատեղերի մասին: Գագիկ Մինասյանը նկատում է`սա մեր աշխատաշուկայի 10 տոկոսն է: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իր հեռուստահարցազրույցներից մեկում, օրերս հայտարարեց, որ 20 հազար ընտանիք է վերադարձել Հայաստան: «Հալվա ասելով բերանը չի քաղցրանա»,- հին արեւելյան ասացվածքն է հիշեցնում նախկին իշխանավորը` նկատելով, որ հիմա վարչապետի հայտարարած ցուցանիշը ընկալելի դարձնելու համար ասում է`ստվերից դուրս եկող աշխատատեղեր են, բայց իր համոզմամբ`«անհաջող մանիպուլյացիա է»: Նախկին իշխանավորը հայտարարում է. «Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաների բերանից նման բան է հնչում, դա պետք է երեւա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ