Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղե՞լ է արդյոք պլանշետ, տուփերով հեռախոսներ եղե՞լ են, թե՞ ոչ». Արտակ Զեյնալյանի ուշագրավ պատասխանը՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին

Ապրիլ 29,2019 14:51

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողները «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի ստուգումների, այդ քրեակատարողականի պետին փոխելու հետ կապված նախարարին հարցրեցին՝ փորձը ցույց է տալիս, որ պետերը փոխվում են, բայց ՔԿՀ-ներում բան չի փոխվում եւ ԱԱԾ-ի տեսագրությունները հենց դա ցույց տվեցին՝ պլանշետները, հեռախոսները ցույց տվեցին, որ արտոնյալներ կան այնտեղ:

Նախարարը արձագանքեց. «Դուք արդեն փաստերին գնահատական տված դատական ակտից եք կարծես ելնում, իսկ այդպիսիք չկան, չէ՞: Եղե՞լ է արդյոք պլանշետ, տուփերով հեռախոսներ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ»: Լրագրողները հիշեցրին, որ այդ ամենը պարզ երեւում է ԱԱԾ-ի տարածած տեսանյութում:

Հարցին՝ կարծում եք, այն, ինչ տարածել է ԱԱԾ-ն, չի՞ համապատասխանում իրականությանը՝ նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դրա գնահատականը կտա ծառայողական քննությունը»:

Զեյնալյանը չհամաձայնեց այն հայտարարությունների հետ, թե քրեակատարողական հիմնարկներում բան չի փոխվել: Որպես հակափաստարկ, ասաց, որ կարող է հրապարակել ՔԿՀ-ներում հայտնաբերված հեռախոսների, կտրող, ծակող անօրինական իրերի, ալկոհոլի, թմրամիջոցների, հարուցված քրգործերի, վարչական գործերի ցուցանիշները ու եթե համեմատենք նախկին իշխանությունների եւ նախկին բանտապետերի ժամանակվա ցուցանիշների հետ՝ կհասկանանք՝ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ. «Կհանգեք եզրակացության, որ այստեղ բան փոխվել է»:

Հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ դուք առնվազն կասկածի տակ եք դնում ԱԱԾ-ի տեսանյութում ցուցադրվածը՝ նախարարը պատասխանեց, որ ծառայողական քննություն է նշանակված ու այն բոլոր հարցերի պատասխանը կտա դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, կամ դրանց որ մասն է չափազանցված:

Հարցին՝ կառավարության նիստում, երբ դուք վարչապետին ասում էիք, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը փոխվել է, օրեր անց ԱԱԾ-ն հրապարակեց այդ տեսանյութը, արդյոք սա ուղերձ չէ՞ր, որ դուք չեք տիրապետում իրավիճակին՝ ի պատասխան Արտակ Զեյնալյանը դժգոհեց, որ ասուլիսի թեման հաշվետվությունն է ու դրանից հարցեր չեն տալիս. «Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է եւ նրանից չեն առգրավում իրեր: Նախկին բարքերը, ըստ որի ՔԿՀ-ներում ընթացիկ վերանորոգում անելու գումարը ստացվում էր այսպես ասած «նայողից», դա վերացված է, նրանց գործառույթը վերացված է, որպեսզի նրանք կարողանան գումարներ հավաքագրել ներսում: Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում: Իսկ կերակրադռները բաց են, թե բաց չեն, դա պետք է լինի իրավաչափ, կամ ոչ իրավաչափ: Եթե խուցը դատարկ է, դրա դուռը բաց կամ փակ լինելը նշանակություն ունի՞, թե՞ ոչ: Կամ եթե ՔԿՀ-ում օդափոխության համակարգը բացակայում է, խոնավությունը չափից ավելի բարձր է, կերակրադուռը բաց թողնելը իրավաչա՞փ է, թե՞ ոչ: Կամ եթե ստանդարտները պահպանված չեն եւ դիտանցքից ամբողջ խուցը չի երեւում, դուռը բաց թողնելը իրավաչա՞փ է: Կամ եթե պետք է ծառայության լինեն 6 հոգի, մեկն է, հնարավորինս արագ իրականացնելու համար դուռը բաց պահելը իրավաչա՞փ է, թե՞ իրավաչափ չի: Սրանք բոլորը հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»:

Հարցին՝ այդ դեպքում ԱԱԾ-ն ինչո՞ւ հրապարակեց այդ տեսագրությունը՝ Զեյնալյանը պատասխանեց. «Գնահատականը տվեք ինքներդ»:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ «Արմավիր» ՔԿՀ-ի պետը նշանակվեց ավելի բարձր պաշտոնի՝ այդ սկանդալից հետո՝ դա «մեսի՞ջ» էր հանրությանը՝ ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը հորդորեց ուսումնասիրել նախ, նոր նման պնդում անել: Նա վստահեցրեց, որ նման բան չկա. «Նա ավելի բարձր պաշտոնի չի նշանակվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930