Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիա»-ում եւ «Սպայկայում» սեփականության վերաբաշխում է տեղի ունենում. Գագիկ Մինասյան

Ապրիլ 29,2019 14:38

Մի քանի օր առաջ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն ժողովրդի 80 տոկոսի հավանությանն արժանացած տնտեսական կոնցեպցիա` ծրագրի տեսքով եւ տնտեսագետներին կոչ արեց`դրանց համապատասխան ծրագրեր ներկայացնել ու աջակցել այդ կոնցեպցիայի իրականացմանը: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց. «Դա անհասկանալի մոտեցում է, սովորաբար, ճիշտ հակառակն է լինում. տնտեսագետներից են հայցում այն տնտեսական զարգացման կոնցեպցիան, որը պետք է բերի այդ երկրի զարգացմանը»: Նիկոլ Փաշինյանի առաջարկած տարբերակով, Գագիկ Մինասյանը մեկ դեպք է հիշում` կոմունիստական կայսրությունը, երբ կուսակցությունն էր որոշում կոնցեպտ եւ գիտնականներին պարտադրում էր տնտեսագիտական հիմնավորումներ տալ: Գագիկ Մինասյանը հավելում է`տնտեսագետը չի կարող տնտեսական զարգացման հիմնավորումներ տալ մի երկրում, որտեղ ներդրումային քաղաքականություն չի վարվում: Այս համատեքստում, նա բերում է «Լիդիան Արմենիայի» շուրջ տեղի ունեցածի օրինակը եւ նկատում, որ իր տպավորությամբ, ինչին հանգել է օրվա պաշտոնյաների արած հայտարարություններից, խնդիրը ոչ թե բնապահպանական էր, այլ ունեցվածքի վերաբաշխում է տեղի ունենում: Նույնը, ըստ բանախոսի, տեղի է ունենում «Սպայկա» ընկերության հետ:

Մանրամասները` տեսանյութում

«Այն ցուցանիշները, որ ունենք եռամսյա կտրվածքով, թույլ չեն տալիս խոսել տնտեսական հեղափոխության մասին: Դրանք ավելի վատն են, քան անցած տարի էին եւ առաջին երկու ամիսների նկատմամբ, երրորդ ամսում ցուցանիշները կտրուկ նվազել են: Սա նշանակում է, որ շուկան տվյալ բնագավառներում ավելի մեծ պոտենցիալ, քան տեսնում ենք, չունի»,- ասաց Գագիկ Մինասյանը` վերլուծելով ԱՎԾ-ի հրապարակած տարեկան տնտեսական ակտիվության եռամսյա ցուցանիշները: Հիշեցնենք, ըստ ԱՎԾ-ի՝ 2019-ի առաջին եռամսյակում տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 6,5: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, այդ ցուցանիշը եղել է 10,6: Որոշ ոլորտներում ցուցանիշները կրկնակի են նվազել`մեկ ամսվա կտրվածքով: Ընդհանուր առմամբ, նվազել են նաեւ արտահանման եւ ներմուծման ցուցանիշները: Ներմուծման ցուցանիշում, առավելապես ներառված են լայն սպառման ապրանքները, սարքեր եւ սարքավորումներ ավելի պակաս են ներկրվում: Բանախոսի վերլուծությամբ`ներդրումների ծավալն է նվազել:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում կրճատված ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն էլ, Գագիկ Մինասյանն ասաց, որ դա անկարելի էր, քանի որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար շատ կարեւոր ոլորտ է. բնակչության զբաղվածության 40 տոկոսն է ապահովում: «Ինձ զարմացրել է իշխող ուժի հանձնաժողովի նախագահներից մեկի ելույթը, որ կառուցվածքային փոփոխությունները նախատեսելիս, կառավարությունը ելնում է իր կադրային հնարավորություններից: Սա ի՞նչ է նշանակում, եթե չունեք համապատասխան ԱԳ նախարար, այդ նախարարությունը պետք է այլ նախարարության մե՞ջ մտցնեք»,- իր տարակուսանքն արտահայտեց բանախոսը:

Ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակին անդրադառնալով էլ նկատեց`աշխարհում տնտեսական պատերազմների հիմնական խնդիրը սեփական արտադրություն ունենալն է: Գագիկ Մինասյանն օրինակ է բերում`անգամ ԱՄՆ-ի նման երկիրը, գերժողովրդավարական Եվրոպան Չինաստանի հետ պատերազմներ են մղում, քանի որ Չինաստանը սուբսիդավորում է իր երկրի արտադրանքը, իսկ եթե նման արտադրանք մտնում է որեւէ երկիր, քանդում է այդ երկիրը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930