Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները որ նախկինի համեմատ շատ ավելի ազատ են, կարծում եմ, դրանում համոզվել եք». Արտակ Զեյնալյան

Ապրիլ 29,2019 14:09

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց 2019-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը: Նա ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում ներկայումս 2287 անձ է պահվում, ինչը 1248-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Քրեակատարողականներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Նախարարը վստահեցրեց՝ «Չունենք գաղտնագրված ավելցուկ, թաքուն կալանավորված: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երեւույթները վերացված են»: 5350 մահճակալ ունեն, եւ ծանրաբեռնվածություն չի կարող լինել:

Համաներման արդյունքներին անդրադառնալով՝ Զեյնալյանն ասաց, որ այն ժամանակ ցանկանում էինք, որ համաներումը լինի ընդարձակ ու արդեն այն ժամանակ էլ գիտեին, որ համաներված անձանց մի մասը հնարավոր է նորից վերադառնա ՔԿՀ. «Համաներման ակտով  գիտեք, որ արգելք կա սահմանված՝ եթե անձը մի անգամ համաներումով, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, կամ եթե ներվել է նախագահի կողմից, ապա կրկին հանցագործության դատապարտվի, համաներումը նրա վրա չի տարածվում: Եթե նա այսպես կոչված ապերախտ է գտնվել, համաներումը նրա վրա չի տարածվում: Ազատ են արձակվել բացառապես առաջին անգամ հանցագործություն կատարած անձինք: Ամբողջ աշխարհում համաներումից հետո այսպիսի դրսեւորումներ լինում են»: Նախարարն ասաց, որ հիմա մեր կողմից մեխանիզմներ են մշակվել, որ եթե անձը համաներմամբ ազատ է արձակվել, երկամսյա նպաստ տան, որ նա ստիպված չլինի նոր հանցագործություն կատարի:

Հարցին՝ Քրեակատարողական հիմնարկներում դեռ հացադուլներ են անում, բողոքում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից, արդարադատությունից, դուք ուսումնասիրե՞լ եք, ի՞նչ փոփոխություններ կան այս առումով՝ նախարարը պատասխանեց, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշումը դատարանն է տալիս, թե օբյեկտի՞վ է դատարանի որոշումը, համոզի՞չ է, պետք է գնահատի Վերաքննիչը, եթե բողոք բերվի Վերաքննիչ. «Դատարանները որ նախկինի համեմատ շատ ավելի ազատ են, կարծում եմ, դրանում համոզվել եք»: Ինչ վերաբերում է հացադուլներին՝ նախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ կա 5 հացադուլավոր, սա ցածր ցուցանիշ է, որեւէ բողոք չկա ՔԿՀ պահման պայմաններից: Դատապարտյալները հացադուլի են դիմում՝ քրգործի պատճառով, ինչը արդարադատության նախարարության տիրույթից դուրս խնդիր է:

Լրագրողները հետաքրքրվեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին: Նախարարը չեզոք պատասխան տվեց՝ ձեռնպահ մնաց քաղաքական գնահատականներ տալ, իրավական գնահատական նույնպես չցանկացավ տալ: Հարցին՝ ՀՔԾ-ն չպե՞տք է զբաղվեր Սանասարյանի գործով, ոչ թե ԱԱԾ-ն՝ նախարարը պատասխանեց, որ այստեղ կա վեճ եւ դրա պատասխանը ինքը չէ, որ պետք է տա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930