Aravot.am-ի տեղեկություններով, Լոռու մարզի Տաշիր քաղաքում ապրիլի 27-ին սպանված տասնհինգամյա տղան Տաշիրի թիվ մեկ ավագ դպրոցի աշակերտ էր: Նա եւ նրա սպանության մեջ մեղադրվող համադասարանցին կարատե էին պարապում այն նույն սպորտ դպրոցում, որի հարեւանությամբ էլ տեղի է ունեցել սպանությունը:
Ավագ դպրոցի փոխտնօրեն Ռուբեն Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հայտնի չէ՝ ինչի շուրջ են վիճել համադասարանցիները: Ըստ նրա՝ պատանիները ակտիվ վարքով էին աչքի ընկնում, ինչպես այդ տարիքում գրեթե բոլոր պատանիները: Նրանք ուսման մեջ միջին առաջադիմություն են ունեցել, նորմալ ընտանիքի երեխաներ են: Հիշեցնենք, որ Տաշիրում համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի արդյունքում էլ պատանիներից մեկը մահացել էր:
Կան տեղեկություններ, որ դանակահարության նախորդ օրն էլ են պատանիները վիճել, այս մասին դպրոցի փոխտնօրենն ասաց՝ իրենք տեղեկություններ չունեն, եթե վեճ եղել է, ուրեմն դպրոցից դուրս է եղել: Դպրոցի տնօրեն Նաիրա Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ իրեն հայտնի չէ վեճի պատճառը, բայց գիտի, որ տղաները հանկարծակի են վիճել ու պլանավորված չի եղել դեպքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև