Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության տեսակետը Արցախի հարցի վերաբերյալ հանրությանը հայտնի չի. Ստեփան Մարգարյան

Ապրիլ 29,2019 12:49

Կարծում եմ Հայաստանում ձեւավորվող ցանկացած իշխանություն պարտավոր է երկու գլոբալ խնդիրների մասին հստակ պատկերացումներ եւ անելիքների ծրագիր ունենալ:

Առաջինը՝ Արցախի հիմնախնդիրն է:

Մյուսը` Արցախի խնդրի դեռեւս չլուծված լինելու պայմաններում Հայաստանի զարգացման ծրագիր ունենալու խնդիրն է:

Իհարկե այս համադրումը դժվար լուծելի է, բայց երկրի համար վտանգավոր է, եթե իշխանությունը չունի մշակված պատկերացումներ այս խնդիրների վերաբերյալ:

Զարմանալի եւ անհասկանալի էր ԵՊՀ-ում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած տեսակետը:

Ի՞նչ է նշանակում ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաեւ սփյուռքը, պետք է միասնական որոշեն, թե ինչ քայլեր եւ ինչ լուծում են պատկերացնում Արցախի հարցի վերաբերյալ: Կամ`ժողովուրդը պետք է ձեւակերպի եւ շարադրի քայլերը, մենք էլ գնանք բանակցենք:

Արդյո՞ք սա հարցի լուծման ուղղությամբ որեւէ ծրագրի բացակայություն է, թե՞ այլ ծրագրի առկայություն, որի մասին չգիտենք, իսկ գուցե ընդամենը  պատասխանատվությունից խուսափելու միջոց է:

Անկեղծ ասած անհասկանալի են ոչ միայն այդ հարցադրումներն ինքնին, այլ նաեւ այն, թե ինչու է վարչապետն այդ մասին ասում:

Այն, ինչ իսկապես ժողովուրդն ինքն էր անելու` արդեն արել է:

1988թ. Երեւանում եւ Ստեփանակերտում կայացրին իրենց որոշումը` շատ հստակ ձեւակերպմամբ: Այդ որոշումը սփյուռքի լայն շրջանակների հավանությանն ու աջակցությանը եւս արժանացավ:

1991թ. Արցախի ժողովուրդը հանրաքվեով ընդունեց շատ հստակ որոշում, թե ինչ կարգավիճակով եւ ինչպես է ուզում ապրել:

Ժողովուրդը հարկ եղած դեպքում զենքը ձեռքին պաշտպանեց Հայաստանի սահմանները եւ ապահովեց Արցախի անվտանգությունը: Ժողովուրդն իր քայլն արել է: Հիմա ժողովրդի վրա նման պատասխանատվություն՝ ձեւավորել բանակցային օրակարգ, չի կարելի դնել:

Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես հայտարարել են, որ ընդունում են Արցախի ժողովրդի որոշումները եւ հանդիսանում են նրա անվտանգության երաշխավորը:

Չեմ կարծում, թե հայ ժողովուրդը որեւէ կասկած ունի, թե ինքն ինչ է ուզում այս հարցում: Երկիրը շատ թանկ է վճարել անցած ժամանակահատվածի համար: Կասկած ունենալ նշանակում է համարել, որ իզուր ենք զոհեր տվել, իզուր ենք զրկանքների գնացել եւ իզուր են եղել նույնիսկ հաղթանակները:

Անհասկանալի է, թե այսքանից հետո հայ ժողովուրդն ուրիշ ի՞նչ պետք է որոշի եւ ինչպես: Բոլոր քայլերը  ձեւակերպում եւ իրականացնում են իշխանությունները: Դրա հակառակը` պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելու անորոշ եւ վտանգավոր ձեւակերպումն է:

Հայաստանի որեւէ իշխանություն նախկինում չի ասել՝ ժողովուրդ ձեւակերպեք քայլերը եւ ասեք մենք ինչ անենք: Իշխանությունն է առաջարկում իր տարբերակը, իսկ ժողովուրդը ցուցաբերում է համապատասխան վերաբերմունք:

Ցավոք, նախընտրական շրջանում ինչպես բազմաթիվ այլ բնագավառների, այնպես էլ Արցախի հարցում ընդհանուր ձեւակերպումներից բացի որեւէ ծրագիր, պատկերացումների ու մոտեցումների վերաբերյալ այդպես էլ ոչինչ չլսեցինք: Չլսեցինք նաեւ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում: Ավելին, իշխող քաղաքական ուժի բազմաթիվ ներկայացուցիչներ նախընտրական շրջանում հայտարարում էին, որ ծրագիրը հիմա կարեւոր չի, իրենք կձեւավորեն իշխանություն եւ այդ ժամանակ կկազմեն ծրագիր:

Առ այսօր կառավարության տեսակետը Արցախի հարցի վերաբերյալ հանրությանը հայտնի չի: Այդ ուղղությամբ արտահայտած շատ մտքեր հաճախ տարակուսանք են առաջացնում` բանակցությունների վերաբերյալ հայտարարություններից մինչեւ` ժողովուրդը թող ասի ինչ անենք ձեւակերպումը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930