«Արթուր Վարդանյանն ուղղակի մահանում էր՝ հիվանդություն ունի: Իմ միջամտությունից հետո միայն դատավոր Արմեն Բեկթաշյանը բարեհաճեց թույլ տալ նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց»,-ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Նորքի «զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն այդ գործով միակ մեղադրյալն է, որը դեռ գտնվում է կալանքի ներքո:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննիչն արգելանք է դրել Վարդանյանի ընտանիքի անդամների տեսակցությունների վրա, նիստեր էլ չեն լինում. «Դատավորը կնոջն ասել է՝ «դա իմ իրավունքն է՝ անել, թե ոչ, երբ նիստ կանենք, կքննարկենք Նաիրա Զոհրաբյանի՝ Արթուր Վարդանյանին տեսնելու հարցը»…Հասկանում եմ, որ իրավունք չունենք միջամտել դատավորի գործերին, բայց կուզենայի հասկանալ դատավոր Բեկթաշյանի անձնական զգացումների նրբերանգները»:
Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Արթուր Վարդանյանի առողջական վիճակն իրենց անմիջական ուշադրության ներքո է:
Կարդացեք նաև
«Օրերս կրկին աշխատել ենք քրեակատարողական ծառայության հետ, դեղամիջոցների տեսակների հետ կապված հարցեր կան: Աշխատում ենք լուծումների ուղղությամբ: Իսկ դատական նիստերի ձգձգման հետ կապված եւս խնդիր ունենք»,-արձանագրեց Արման Թաթոյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ահազանգեց կալանավորներին բժշկական օգնության ցուցաբերման ոչ պատշաճ պայմանների մասին. «Սանտավիկ»-ով երիկամային անբավարարություն են բուժում, կալանավորներն իրենք իրենց են վիրակապում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ