Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մի ներքաշեք այդ հարցերի մեջ». ինչո՞ւ է կալանավորված մնում Արթուր Վարդանյանը

Ապրիլ 29,2019 14:00

«Զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի կնոջը «Իմ քայլի» պատգամավորները մերժել են

2015 թվականին Նորք-Մարաշում ձերբակալված «Զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխեն Սումբուլյանը, որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է իր ամուսինը շարունակում մնալ կալանքի տակ: Հիշեցնենք՝ այդ գործով Արթուր Վարդանյանին պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանք է առաջադրված: Արթուր Վարդանյանը եւ նրա հարազատները հույս են ունեցել, որ մեկ տարի առաջ Հայաստանում կատարված իրադարձություններից հետո այդ գործը եւ առաջադրված մեղադրանքները նույնպես կվերանայվեն: Սակայն սույն գործով անցնող անձինք չներառվեցին կառավարության հայտարարած համաներման ցանկում: Թեեւ գործով անցնող բոլոր անձանց խափանման միջոցները վերանայվեցին, Արթուր Վարդանյանը դեռեւս շարունակում է մնալ կալանքի տակ: Դատական նիստերը նախկինում տեղի էին ունենում շաբաթը մեկ անգամ, այժմ դրանք նշանակվում են երկու շաբաթը մեկ պարբերականությամբ եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում նիստերը չեն կայանում, տարբեր պատճառներով հետաձգվում են:

«Առավոտի» հետ զրույցում Աշխեն Սումբուլյանը հայտարարեց՝ արդեն համոզվում է, որ իր ամուսինը կալանքի տակ է պահվում քաղաքական դրդապատճառներով: Այլ պատճառ ինքը, համենայնդեպս, չի տեսնում. «Եթե մեր երկրում կա այնպիսի իրավիճակ, որ դատարանները անկախ են, այսինքն՝ դատավորները չեն ուղղորդվում գործող վարչապետի կողմից, ինձ մնում է մի բան մտածել՝ դատավորն իր նախկին տերերից հրաման ունի եւ շարունակում է կատարել այդ հրամանը: Կամ սա է, կամ էլ դատարանները իրականում ուղղորդվում են: Բայց եթե ուղղորդվում են, այդ դեպքում ինչի համար էր հեղափոխությունը: Գիտե՞ք ինչու եմ մտածում, որ դատարաններն ուղղորդվում են, որովհետեւ ես եւ իմ հարազատները դիմել ենք իշխանական թեւի պատգամավորներին՝ Լենա Նազարյանին, միջնորդելու Արթուրի խափանման միջոցը նույնպես փոխելու համար: Այն ժամանակ, երբ բոլորի խափանման միջոցները փոխելու համար արագ-արագ նիստեր կազմակերպեցին, նույնիսկ դատարան եկան «Ելքից» պատգամավորներ, որոնցից մեկն էլ Լենա Նազարյանն էր, Արթուրն ասաց, որ մենք չդիմենք, ասաց՝ թող բոլոր տղաները դուրս գան, հետո: Երբ բոլորի խափանման միջոցները փոխեցին, մենք էլ դիմեցինք Արթուրի խափանման միջոցը փոխելու համար»: Քանի որ դատավորը մերժել էր փոխել Արթուր Վարդանյանի խափանման միջոցը, նրա հարազատները երաշխավորության խնդրանքով դիմում են ԱԺ փոխնախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին: «Նա էլ երկու անգամ ասաց, որ իր համար չեմ գա»,- պատմում է Արթուրի կինը, հավելելով, որ ինքը չգիտի, թե իր ամուսնու նկատմամբ այս անձնավորված մոտեցման պատճառը որն է: Հիշում է, որ երբ ԱԺ շենքի մոտ ցույցեր են կազմակերպել, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է իջել իր մոտ: Վերջինս վերցրել է իր հեռախոսահամարը եւ խոստացել կապի մեջ լինել: «Մինչեւ այսօր նա ինձ չի զանգել: Ինքս զանգել եմ, խնդրել եմ երաշխավորություն ամուսնուս խափանման միջոցը փոխելու համար: Նա ասաց՝ ես այդ քայլով չեմ կարող ձեզ օգնել, այդ քայլով ես դեմ կգնամ իմ թիմին, դեմ կգնամ կառավարությանը»,- պատմում է Աշխենը, հավելելով, որ ինքը չի հասկացել եւ չի հասկանում, թե դա ինչ է նշանակում: Բայց փաստում է. «Եթե բացատրեմ այն, ինչ որ ես հասկացել եմ, շատ տխուր եւ շատ ցավոտ կլինի»: Միայն Ալեն Սիմոնյանի ասածը լսելուց հետո նրան հակադարձել է. «Ուրեմն ստացվում է, որ պետության եւ կառավարության մասշտաբով իմ ամուսնու դեմ եք գնում, կբացատրե՞ք սա ինչ է նշանակում: Նա ասաց՝ կներեք, բայց ես չեմ կարող ձեզ օգնել, ինձ մի ներքաշեք այդ հարցերի մեջ»: Աշխենն ուզում է լավատես լինել, բայց այս իրողություններից հետո հարց է տալիս՝ ինչպե՞ս: Մանավանդ որ՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ լրագրողների հարցին՝ ինչո՞ւ այդ գործը չի ներառվել համաներման ցուցակում, պատասխանել էր, որ դա կառավարության որոշումն էր: «Ամենը տանում է նրան, որ ես հասկանամ՝ այս իրավիճակը անտարբերության արդյունք չէ, ուղղորդված, ծրագրված իրավիճակ է»,- ասում է Արթուրի կինը, հարց հնչեցնելով՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս գալու համար կալանավորված Արթուր Վարդանյանը ինչո՞ւ է շարունակում կալանավորված մնալ Նիկոլ Փաշինյանի ժամանակ: «Կամ ունենք նույնը եւ ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, կամ էլ անձնական վրեժխնդրություն կա, քանի որ Արթուրը անհայտ մարդ չէ: Նա ժամանակին Քեսաբում է եղել, հայրենանվեր գործեր է արել այնտեղ: Նախկինները ներկաներից ինչով են տարբերվում, ինչ կապ ունի նախկինների թիմի հետ՝ չգիտեմ»,- պատմում է Աշխենը, հիշելով, որ Արթուրի՝ Քեսաբում եղած ժամանակ Հայաստանի կառավարության բարձրաստիճան այրերից նրան զգուշացրել են, որ հեռանա Քեսաբից, ոչ մի գործունեություն չծավալի այնտեղ եւ Հայաստան էլ չվերադառնա: Բայց Արթուրն այդ հորդորներն անտեսել է, քանի որ իր հայրենակիցների ճակատագրերի նկատմամբ չէր կարող անտարբեր լինել:

Վերջերս Արթուր Վարդանյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կալանքը փոխելու հորդորով: Արթուրի կինն ասում է, որ վարչապետից արձագանք չեն ստացել: Ավելին՝ դատական նիստերը չկայանալու պատճառով հետաձգվում են նաեւ պատշպանների միջնորդությունների քննարկումը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մուտքը ՔԿՀ եւ Արթուր Վարդանյանին տեսակցելու հնարավորություն ստանալու համար:

Աշխեն Սումբուլյանը չի բացառում, որ առաջիկայում բողոքի տարբեր ակցիաներով դուրս գան փողոց՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ արդեն ոչ ոքի չի վստահում եւ ցանկանում է իր հարցերի պատասխանները վարչապետից ստանալ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930