Աննա Վարդանյանը ընտանեկան բռնության զոհ է
Ամուսնության 12-13 տարիների ընթացքում Աննա Վարդանյանը ենթարկվել է ընտանեկան բռնության: Այդքան տարի, Աննան ասում է, որ ձայն չի հանել, լուռ ու մունջ ենթարկվել է իրեն բաժին ընկած ճակատագրին` մտածելով` ընտանիքը չքանդի, երեխաներին անհայր չթողնի: Բայց եկել է հասել մի կետի, որ հասկացել է` ծեծի, հայհոյանքի ու ստրկատիրական կյանքով չի կարող ապրել: Որոշել է փոքրիկին վերցնել ու գալ Հայաստան` չվերադառնալու պայմանով: Աննա Վարդանյանը 32 տարեկան է: Ամուսնացել է Ա. Ղ.-ի հետ, սակայն, ինչպես նա է պատմում, ամուսնու փոխարեն բոլոր հարցերը սկեսրայրն է որոշում, անգամ` հարսի «դաստիարակության» հարցերով է ամուսնու հայրը զբաղվում` ծեծի ենթարկելով նրան:
«Սկեսրայրիս հետ նույն հարկի տակ հնարավոր չէ ապրել, հայհոյում է, ծեծում է, նրա հետ ապրելը, պարզապես դժոխք է: Մտածում էի լավ, կփոխվեն, դեպի լավը կգնա, բայց քանի գնում կյանքս ավելի ծանր էր դառնում: Երեխաներիս աչքի առաջ էին ծեծում, նույնիսկ` հոգեկան տրավմա պատճառելով նրանց»:
Աննան «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ամուսնու հայրը` սկեսրայրը, այնպես է հարվածել, որ մատը կոտրել է, մի օր դրսում է անցկացրել, անծանոթ մարդիկ են նրան բուժօգնություն ցուցաբերել:
Կարդացեք նաև
Աննան սովորել է Գեղարվեստի ակադեմիայում, նկարչուհի է: Ասում է՝ 13 տարի հետո միայն կարողացել է վրձինը ձեռքը վերցնել ու իր սիրած գործով զբաղվել, այն էլ այն ժամանակ, երբ արդեն ծնողների մոտ է վերադարձել:
«Երբ նոր էի ամուսնացել, վերցրեցի, որ նկարեմ, ամուսնուս հայրը թղթերը, վրձինն այնպես շպրտեց, որ այդօրվանից ի վեր վախենում էի նկարել»,-պատմում է Աննան`նշելով, որ ստրուկի պես իրեն աշխատեցրել են ու անգամ ձեռքի ծախսելու գումար չեն տվել: Ասում է, որ նույնիսկ անձնագրերն ու այլ փաստաթղթերը սկեսրայրի մոտ է եղել, որպեսզի Աննայի մտքով չանցնի բողոքելն ու փախչելը:
Աննան ամուսնությունից 3 օր հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` Նովոռոսիյսկ քաղաք, որտեղ ոչ մի ծանոթ անգամ չի ունեցել, իսկ այդքան տարիների ընթացքում էլ չի շփվել որեւէ մեկի հետ, քանի որ ամուսնու ընտանիքը խիստ արգելել է: Ասում է` անգամ ծնողների հետ շփումներից են զրկել, ոչ զանգել է, ոչ` խոսել. «Ծնողներս նորմալ մարդիկ են, ընտանիքս նորմալ ընտանիք է, հարգված, բոլորը մեզ գիտեն, երբեւէ որեւէ մեկը մեր ընտանիքի մասին որեւէ վատ բան չի ասել, բայց ամուսնուս հայրն արգելում էր շփումը: Ասում էր` ոնց որ եկեղեցի ես մտնում խաչը պաչում ես, նույնն էլ մեր տունն է, մեր օրենքներին պետք է ենթարկվես»:
Աննան ենթարկվել է, սակայն, հասկացել է, որ այդպես ապրել չի կարող, որովհետեւ պարբերաբար վեճերն ու ծեծը ողբերգության են հասցնելու, հատկապես, ինչպես Աննան է պատմում, իրեն սպանելու սպառնալիքներ սկեսրայրը հաճախ է արել. «12 տարի ծնողներիս չէի տեսել, խնդրելով, աղաչելով, տոմս գնեցին ինձ համար, որ փոքրիկիս հետ գամ Հայաստան, բայց որոշել էի, որ այլեւս հետ չեմ դառնալու այդ ընտանիք, հետ վերադարձս գուցե կյանքս արժենար»:
Եկել է ու այլեւս չի վերադարձել: Երբ ամուսնու ընտանիքն իմացել է Աննայի որոշման մասին, թռել` եկել է Հայաստան եւ դիմել ոստիկանություն` թե կինը երեխային առեւանգել է: Այդ ընթացքում Աննան, որը ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացի է նաեւ նրա փոքր որդին, բաժանության հայց է ներկայացրել Արաբկիրի դատարան, ինչպես նաեւ հայց է ներկայացրել` պահանջելով մեծ որդուն վերադարձնել եւ երեխաների բնակության վայրը որոշել: Աննայի մեծ որդին մնացել է հոր մոտ եւ մինչ օրս Ռուսաստանում է:
Սակայն դատական գործընթացը կասեցվել է, քանի որ ամուսինը դիմել է ոստիկանություն` առեւանգման գործով:
Աննայի խոսքով, Էրեբունու առաջին ատյանի դատարանը հոր հայցը մերժել է:
Դատարանը որոշել է, որ Աննայի` երեխայի հետ Հայաստան գալը չի եղել անօրինական, երեխան այստեղ չի պահվում ապօրինի, որ նա եկել է ամուսնու եւ նրա ընտանիքի համաձայնությամբ, եւ Աննայի իրավունքն է հրաժարվել վերադառնալ այն ընտանիք, որտեղից եկել է կյանքը փրկելու համար:
Սակայն առաջին ատյանի դատարանի վճիռը Աննայի ամուսինը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարան, դատավոր Կարեն Չլինգարյանը որոշել է ամուսնու հայցը բավարարել: Վճռել է, որ մայրը երեխային այստեղ պահում է ապօրինի, եւ որ երեխան հանդիսանում է ՌԴ քաղաքացի եւ պետք է հետ վերադառնա հոր մոտ: Աննայի խոսքով, «դատարանն ընդհանրապես հաշվի չի առել իր կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, իմ բոլոր պատմությունները: Ես նաեւ դատարանին ասել էի, որ ամուսնուս հայրը սպառնացել է, որ հետ վերադառնամ` սպանելու է»: Աննա Վարդանյանը Վերաքննիչի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Ասում է` անկախ վճռի ելքից, ինքն այլեւս չի վերադառնալու Ռուսաստանի Դաշնություն, ոչ էլ երեխային է ուղարկելու, քանի որ փոքրիկը չորս տարեկան է եւ առանց մոր խնամքի չի կարող մնալ:
«Ամուսնուս մայրը հիվանդ կին է, այնտեղ ոչ մի խնամակալության մարմին չկա, ամուսնուս հայրը ոչ հավասարակշիռ հոգեվիճակում է, ո՞վ պետք է իմ երեխայի համար հոգ տանի»:
Ասում է նաեւ, որ մեծ որդուն էլ ամուսնու ընտանիքն այնպես է հեղափոխել, մոր մասին վատ բաներ ասել, որ երեխան հրաժարվում է մոր հետ շփվել: Աննան արդարադատության պատասխանատուներին, Վճռաբեկի դատավորին կոչ է անում գործը քննելիս իր` կյանքին վտանգ սպառնալու հանգամանքին ուշադրություն դարձնել ու առաջնորդվել մարդու իրավունքով. «Ես մայր եմ, կին եմ, բռնությունը կատարվում էր երեխաներիս աչքի առաջ, նրանց հոգեկան անդորրը խաթարվում էր, այդ պայմաններում հնարավոր չէ ապրել, երեխաներին նորմալ մարդ մեծացնել»:
Աննան գտնում է, որ ինքը ընտանեկան բռնության զոհ է եւ օգնելու, կանխարգելելու փոխարեն իրավապահ մարմինները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ կյանքը վտանգի տակ դնի:
Ասում է` սկեսրայրը, ամուսինը ինչ աշխատանք ասել են` առանց հակառակվելու կատարել է, իրենց խանութում անգամ բանվոր է աշխատել, ծանր արկղեր քարշ տվել. «Աշխատանքն ինձ համար խնդիր չէր, բայց, որ ծեծում էին, հայհոյում, երեխաներիս աչքի առաջ ձեռք բարձրացնում, ծնողներիս հետ արգելում շփվել, դա ուղղակի դիմանալու չէր»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
27.04.2019