Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգվածի մայրը արտաշիրիմում կպահանջի

Ապրիլ 29,2019 13:00

Ձեռքերին փողկապներ էին

Լարիսա Եթարյանը 2019թ. ապրիլի 16-ին քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ՝ ապրիլի 8-ին ոստիկանության բաժնից «Արմենիա» ԲԿ տեղափոխված, ապա բուժկենտրոնում մահացած որդու՝ 35-ամյա Էդգար Ծատինյանի գործով:

«Առավոտը» երեկ հանդիպել է տուժողի իրավահաջորդի, Էդգարի կնոջ, երկու տարեկան դստեր հետ:

«Չկարողացանք փրկել որդուս կյանքը: Նա պառկած էր, երբ տեսա, ասաց ինձ՝ այստեղից չգնաք, բժիշկներն ինձ կսպանեն: Ութ-ինը ժամում նրանք ոչինչ չարեցին որդուս կյանքը փրկելու համար: Էդգարի թեւին իբր սիստեմա էին միացրել։ Էդգարն ինձ դիմեց՝ ասա, թող մի հատ լուծողական տան, որ գա ընկնի։ Երբ բժիշկներին ասացինք, հետեւեց՝ գնա, գնա, մենք գիտենք՝ ինչ ենք անում, ինչ պետք է անում ենք: Երեկ կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆօղլու Հիբրագիմովին բաց եղանակով վիրահատության ժամանակ ստամոքսից հեռացրել են երեք կգ օտար մարմին: Իսկ որդուս մարմնից երեք գրամանոցը չկարողացան հեռացնել»,-ասում է տուժողի մայրը:

Է. Ծատինյանի կինն ասում է, որ ոստիկանները քաղհագուստով նախ եկել են իրենց տուն. «Իբր ամուսինս երեք ամիս եղել է հետախուզման մեջ: Սակայն նա ամեն օր տնից դուրս է եկել, մեքենա լվացել: Առաջին անգամ, երբ ոստիկանները եկան, ես ասացի, դուռը չեմ բացի, սկեսուրս կբացի. նա շենքի մյուս կողմում էր ապրում: Սակայն նրանք չէին գնացել սկեսուրիս տուն: Հետո եկան, մեկը ոստիկանության համազգեստով էր, մեկն էլ, որը համազգեստով չէր, ասաց՝ դուռը բաց, ասաց՝ անունը Սուրեն է: Ներկայացան՝ Կենտրոնականի տղաներից ենք: Երբ իմացան՝ ամուսինս տանը չէ, դիմելով ինձ՝ ասացին՝ հագնվի, գնում ենք քաղմաս: Նրանցից մեկն ասաց՝ դու քո հալը կտենաս: Երբ երեխայի հետ դուրս եկա, մարդ չկար»:

Էդգարին բերման են ենթարկել, ծեծի ենթարկել՝ սպառնալով վկայություն տալ, ասելով, «քրիստիկը» գրպանդ կգցենք, նկատի ունենալով «Կրիստալը»: Եվ որպեսզի գլխին խաղ չխաղան, նա կուլ է տվել թմրանյութը:

Նրան ասել են, որ ոստիկանություն բերման են ենթարկել ապրիլի 6-ին Նոր Նորքի բնակչի՝ 84-ամյա թոշակառու կնոջ սպանության գործի շրջանակում։ Կինը սպանվել էր դանակի 20 հարվածից, նրա բերանը կպչուն ժապավենով փակված է եղել։ Սպանության հաջորդ օրը Ծատինյանը բերման էր ենթարկվել սպանության կասկածանքով, մինչդեռ, Նոր Նորքի ոստիկանապետը, հարազատների տեղեկացմամբ, ասել է՝ թե սպանության գործով չեն տարել Էդգարին:

Էդգարի մայրն «Առավոտին» ասում է, որ որդին երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: Նա նախկինում դատապարտված է եղել, սակայն անձնական-ընտանեկան խնդիրների հետ կապված վեճերի պատճառով:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցն են։

Ի դեպ, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված միայն ոստիկանությունում Է. Ծատինյանին խոշտանգելու հիմքով, մինչդեռ, տուժողի ներկայացուցիչները գտնում են, որ պետք է հարուցվի նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով: Մայրն ասում է, որ սոդան, որը ժամեր հետո են տվել, չպետք է տային, եւ որդու կյանքը հնարավոր էր փրկել:

Տիկին Լարիսան ասաց, որ որդուն դեպքի օրը Նոր Նորքի դատարանի տարածք էր կանչել Ֆեդյա անունով ընկերը, իբր բան ունի ասելու։ Որդին այդտեղ գնացել է հարեւանների՝ Աբրահամի եւ Էդգարի հետ: Աբրահամը ասել էր՝ այդ ժամանակ 7 մեքենա փակեցին Էդգարի մեքենան, իջեցրել ու մտցրել են մեքենան, մեքենայի մեջ ծեծել, նվաստացրել են: Էդգարի հեռախոսը վերցրել են ձեռքից, թույլ չտալով, որ զանգի։ Հետագայում տիկին Լարիսային ոստիկանները վերադարձրել են հեռախոսը, «ներսը սրբած»՝ առանց հեռախոսահամարների:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ծեծը շարունակվել է, Էդգարն ասել է՝ «քացով ոտքիս մի խփեք, մեջը շիշ կա, ցավում է։ Ոստիկաններն ասել են՝ ո՞ր ոտքդ է, ասա, որ էդ ոտքդ կտրենք ու սկսել են հենց այդ ոտքին խփել։ Ստիպել են՝ որ գրի, թե տեսել է, որ հարեւան Արմանն ու նրա կինն են տատիկին սպանել»։

Էդգարի կողմից թմրանյութը բերանը գցելուց հետո ոստիկանները տարել են Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ չեն ընդունել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ:
Մայրն ասում է՝ որդու դեմքին, գլխին առկա էին վնասվածքներ, ճակատը կապույտ էր, իսկ ձեռքերին՝ ձեռնաշղթաների տեղում փողկապներ էին, փողկապ, որը երբեք որդին չի օգտագործել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, նշելով, թե՝ «Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա»: Ոստիկանապետ Վ. Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:

«Առավոտ» օրաթերթ, 

27.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930