Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ու Երևանը կքննարկեն Հայաստանը մինչև 2030թ. գազաֆիկացնելու սխեման

Ապրիլ 29,2019 11:35

Ռուսաստանն ու Հայաստանը նախատեսում են համաձայնեցնել Հայաստանի մինչև 2030թ. գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը, ասել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն (լուսանկարում): Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նկատելով, որ ապրիլի 30-ին Երևանում անցկացվելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին ներկա է լինելու նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մեր երկրներն ամենասուր ուշադրությունն են դարձնում գազի ոլորտում գործակցությանը: Մշակման մեջ են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաներ: Օրինակ, պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030թ. Հայաստանի գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը»,- ասել է նա:

Պրիխոդկոն նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գազի խոշոր մատակարարն է և որ Ռուսաստանից գազի արտահանումը (տարեկան 2 մլրդ խոր. մետր) լիարժեք բավարարում է Հայաստանի պահանջները: Ընդ որում, նրա խոսքով, մատակարարումներն իրականացվում են արտոնյալ գներով, որոնք սահմանվում են պայմանագրով:

Պայմանագրի ժամկետը լրացել է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Այս պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև ստորագրված լրացուցիչ համաձայնագիրը:

«Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական 19-րդ նիստի ավարտին նախատեսվում է մինչև 2019թ. հուլիսի 1-ը անցկացնել անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ գազի գնի ձևավորման կարգի մասին»,- ասել է Պրիխոդկոն:

Հարցին՝ արդյոք ապրիլի 30-ին նիստին կքննարկվի միության ներսում էներգակիրների գների անհավասարակշռությունը վերացնելու հարցը, Պրիխոդկոն պատասխանել է, որ «Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների գնի ձևավորման հարցը կլուծվի էներգակիրների, գազի և նավթի ընդհանուր շուկաների ձևավորման ավարտին»: Նրա խոսքով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդների նիստերին այդ հարցերը պարբերաբար քննարկվում են, ձևավորվում է անհրաժեշտ նորմատիվ- իրավական բազա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930