Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետի՝ «Առավոտի» դեմ գործով վարույթը կարճվել է

Ապրիլ 29,2019 12:30
dat

«Բնապահպանների գործով» հայցը մերժվեց

Հայցվոր՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, «Առավոտ» օրաթերթի, «Սյունյաց աշխարհ» թերթի, «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու մասին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանը օրեր առաջ՝ ապրիլի 18-ին, մերժել է Վահե Հակոբյանի հայցապահանջը:

Դատարանը նաեւ կարճել է «Առավոտի» դեմ քաղգործը, քանի որ հայցվորը հրաժարվել էր լրատվամիջոցի դեմ հայցապահանջից: Տեղեկացնեմ, որ սա այն բացառիկ դատավճիռներից է, որը կազմում էր 48 էջ:

Հայցվորը դիմելով դատարան՝ հայտնել էր, որ երկու տարի առաջ «Առավոտի» էլեկտրոնային էջում տպագրվել էր Արթուր Գրիգորյանի՝ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ հոդվածը:

Բնապահպանը հրապարակային ներկայացրել էր «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ», վիրավորական արտահայտություններ, ըստ հայցվորի, պատասխանողը նրան անվանել էր «հանցագործ», որոնք արատավորել էր իր պատիվը:

Հայցվորը տեղեկացրել էր, որ հաղորդումը տեղադրելով aravot.am-ում, այն կրել է հրապարակային բնույթ:

Բնապահպանը, ըստ այս գործի նյութերի, Վ.Հակոբյանին «ներկայացրել է որպես մի հանցագործի, ում գործողություններն առաջացրել են հանրային լարվածություն»:

Հայցվոր կողմը հայտնել էր, որ Արթուր Գրիգորյանը նշել է. «Նոր ի հայտ եկած փաստերը վկայում են, որ 2016թ. նոյեմբերի 25-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակը, որի միջոցով փորձ է արվել վարկաբեկելու, «Էկոլուր» եւ «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպաններ Ինգա Զարիֆյանին եւ ինձ՝ Արթուր Գրիգորյանիս, կարող է կազմակերպված եւ ֆինանսավորված լիներ մարզպետ Հակոբյանի կողմից, իրականացվել է վերջինիս հետ փոխկապակցված սուբյեկտների միջոցով»:

Մեկ այլ «դրվագով» պատասխանող բնապահպանները նշել էին. «Նկարագրված փաստական հանգամանքները ստեղծում են հիմքեր, ուրվագծելու անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ, իրականացվող քննչական եւ այլ դատավարական գործողությունների միջոցով կարող է բացահայտվել հասարակական կազմակերպություններին եւ անհատ անձանց վարկաբեկող հոլովակի ստեղծմանը մասնակցած սուբյեկտներին եւ դրանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ֆինանսական, կազմակերպչական եւ այլ ներգրավվածությունը, իր լիազորություններն անցնելով»:
Հայցվորի ներկայացուցչի դիտարկմամբ, բնապահպանները չեն ներկայացրել փաստեր, Արթուր Գրիգորյանը չի նշել այն հանգամանքների մասին, որով կհիմնավորվեր եւ կհաստատվեր Վ.Հակոբյանի կապն անիմացիոն հոլովակի ստեղծման, դրա բովանդակության ֆինանսավորման հետ:

Ըստ հայցվորի, պատասխանողը ներկայացրել է փաստեր, որոնք սուտ էին եւ չէին համապատասխանել իրականությանը:

Վ.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չի եղել, որեւէ քաղաքացիական, քրեական գործ չի հարուցվել, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չի եղել:

Նշենք, որ Վահե Հակոբյանը պահանջել էր, որպեսզի Արթուր Գրիգորյանից երկու միլիոն դրամ բռնագանձվի՝ որպես զրպարտության արդյունքում պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930