Սույն թվի մարտի կեսերին ինձ «բախտ վիճակվեց ընդունելության արժանանալ» ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյան դը Վարդեվանի մոտ: Նրա օգնականը հավատացնում էր, որ տիկին Նազենին ահավոր զբաղված անձնավորություն է՝ անգամ ժամանակ չի ունենում ընդմիջման ժամերին նախաճաշելու, որ պետք է շատ ծանրակշիռ պատճառներ լինեն, որպեսզի համաձայնի ինձ հետ հանդիպելու: Ես նաեւ երեք էջից բաղկացած հանդիպման պատճառի մասին բացատրություն պետք է ներկայացնեի: Հազիվ կարողացա համոզել, որ իմ ժամանակը սուղ է, որ մի քանի օրից վերադառնալու եմ Միացյալ Նահանգներ եւ ամենակարեւորը, որ ես ո՛չ թե իմ անձնական հարցով եմ ուզում հանդիպել նրան, այլ Հայկական Սփյուռքում մեծ ճանաչում ունեցող երգահան, քնարերգու, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ հայտնի հեռուստալրագրող Սարքի Մուրադյանի, ինչպես նաեւ ճանաչված երգիչ եւ դերասան, Շառլ Ազնավուրի մտերիմ բարեկամ Մանուել Մենենկիչյանի հարցերով:
Նախապես ասեմ, որ մեր հանդիպման ժամին ինձ ոչ ոք չէր սպասում: Նախարարության շենքի առաջին հարկում հերթապահող ոստիկանների մոտ անունս գրանցված չէր հանդիպման համար: Ոստիկանները բարեկամաբար ինձ խուրհուրդ տվեցին ներքին հեռախոսով զանգահարել: Դժբախտաբար, թե դիտավորյալ ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում: Ինձ պես սպասողներ կային, որոնք նույնպես փորձում էին կապվել տիկին Նազենիի հետ, բայց չէր ստացվում: Մարդիկ հուսահատ եւ հիասթափված հեռացան: Մնացինք միայն ես եւ մի երիտասարդ նկարիչ իր մոր հետ, ովքեր այդ նկարչի ալբոմը եւ սպասվող ցուցահանդեսի հրավիրատոմսը ոչ մի կերպ չէին կարողանում փոխանցել նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Աղաղակող, անտարբեր վերաբերմունք այցելուների նկատմամբ… Իմ հանդիպման ժամը՝ 13:40, մոտենում էր: Պատին ամրացված ներքին հեռախոսով հերթով զանգահարեցի բոլոր համարներին: Վերջապես մի կին արձագանքեց: Նա ասաց, որ կապ չունի ՀՀ մշակույթի նախարարության հետ, խնդրեցի ինձ օգնել, ասացի, որ Ամերիկայից եմ եկել, ժամանակ չունեմ, ժամադրությանս ժամը մոտեցել է, բայց չեմ կարողանում կապվել նրանց հետ: Բարեբախտաբար, նա մտավ իմ դրության մեջ, երեւի անձամբ գնացել եւ հիշեցրել էր իմ մասին: Մի քանի րոպեից ինձ վերեւ կանչեցին: Օգտվելով առիթից՝ երիտասարդ նկարչի մայրը խնդրեց, որ իր որդու նոր հրատարակված ալբոմը եւ հրավիրատոմսը տանեմ հետս ու հանձնեմ տիկին Նազենուն: Ես, բնականաբար, սիրով համաձայնեցի: Չնայած բարեխղճորեն կատարեցի նրանց խնդրանքը, բայց դժվար թե տիկին Նազենին բարեհաճեր այցելել այդ շնորհալի երիտասարդի ցուցահանդեսը: Ընդունարանում ինձ դիմավորեց նրա օգնականը, բավականին հաճելի, երիտասարդ մի աղջիկ: Խնդրեց ինձ սպասել:
Արդեն 14:40 էր, այսինքն՝ մեկ ժամ էր անցել նշանակված ժամադրությունից, երբ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը վերջապես բարեհաճեց ներս կանչել ինձ: Նրա ընդարձակ աշխատասենյակի դուռը կրկնակի էր, երեւի ձայնամեկուսացման համար: Ես դռների արանքից թեթեւակի ծեծեցի դուռը: Լսվեց՝ «մտե՛ք», հրամանը, փորձեցի բացել դուռը, բայց հանկարծ ներսից մի ճիչ լսվեց. «Փակե՛ք դուռը»: Շփոթված վերադարձա նորից ընդունարան: Երեւի այդպիսի բաներ հաճախ էին պատահում, որովհետեւ օգնականը բոլորովին չզարմացավ, առաջարկեց նստել եւ կրկին սպասել: Մի հինգ րոպե անց նորից ինձ ներս կանչեցին:
Տիկին Նազենին ներողություն չխնդրեց ինձնից՝ պայմանավորված ժամից մեկ ժամ ուշ ընդունելության «արժանացնելու» համար, եւ ոչ էլ բացատրություն տվեց իր տարօրինակ վարքագծի համար, այլ հրավիրեց նստելու բազմոցին եւ անմիջապես հարձակվեց վրաս. «Դուք՝ սփյուռքահայերդ, ինչո՞ւ էիք դեմ Սփյուռքի նախարարության փակվելուն, հը՞»: Ճիշտն ասած, ես շատ զարմացա, քանի որ եկել էի մշակույթի նախարարություն, այլ ոչ թե վարչապետի մոտ Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ պարզաբանումներ լսելու: Ասացի, որ ընդհանրապես դեմ չենք եղել, ուղղակի «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այս կապակցությամբ ասել էր, որ մի թույլ կամուրջ կար Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ, այն էլ քանդվեց:
Ես կարծիք հայտնեցի, որ մշակույթի մակարդակներն ընդհանուր առմամբ թե՛ Սփյուռքում եւ թե՛ հայրենիքում բավականին իջել են: Ասացի, որ կարելի է այն զգալիորեն բարձրացնել, եթե համագործակցություն լինի. նա չհամաձայնեց ինձ հետ, այլ ասաց, որ ընդհակառակը, այն շատ բարձր մակարդակի վրա է, հատկապես՝ Հայաստանում: Նա ասաց նաեւ, որ նախարարությունն ինքնաթիռի տոմսեր է գնում կատարողական արվեստի ներկայացուցիչների համար եւ ուղարկում արտասահման՝ հյուրախաղերի: Իհարկե՛, չհավատացի:: Բոլորս էլ գիտենք, որ հատկապես Կալիֆոռնիայի ամենահայաշատ քաղաքը՝ Գլենդելը, այսպես ասած, «խոպան» է դարձել մեր արվեստագետների համար, որոնք բացառապես իրենց կամ ամերիկահայ գործարարների ծախսով են ժամանում այնտեղ: Ակնհայտ է, որ այդ անհավանական ու էժանագին հնարքները միայն նրան էին հարկավոր, որպեսզի քողարկեր այն անբարենպաստ մթնոլորտը, որ ձեւավորվել էր վերջին ամիսների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության շուրջը:
Կարդացեք նաև
Նրան նվիրեցի իմ գիրքը, որի վրա աշխատել էի մի ամբողջ տարի, որտեղ հանգամանորեն եւ բավականին մանրամասն ներկայացված էր Սարքի Մուրադյանի մշակութային ժառանգությունը եւ նրա կինոնկարներում հանդես եկած հայտնի դերասան եւ երգիչ Մանուել Մենենկիչյանը: Ասացի, որ երկուսն էլ արժանի են կոչումների, քանի որ շատ հայտնի են եւ արդեն 80-ն անց են: Տիկին Նազենին երկուսին էլ չկարողացավ մտաբերել կամ ճանաչել, նույնիսկ հիշեցնելուց հետո: Առաջարկեցի նաեւ Հայկական Սփյուռքի բոլոր դեսպանատներում ու հյուպատոսարաններում բաց դռների օրեր կազմակերպել, որտեղ օտարներին պատշաճ ձեւով կներկայացվեին մեր արվեստագետների գործերը եւ այդ կերպ կգովազդվեր ու ճանաչելի կդառնար մեր մշակույթն արտասահմանում:
Իմ երկու առաջարկներն էլ անպատասխան մնացին: Մի փոքր դադարից հետո, նա ասաց. «Նախ եւ առաջ մեզ համար միայն Գլենդելը չէ Սփյուռք, բացի դրանից, հեղափոխությունից հետո մենք օգնության ձեռք ենք մեկնում միայն Հայաստանի մարզերին, այլ ոչ թե Սփյուռքին»: Այսպիսով նա նորից փորձեց հերթական մի սուտ ներկայացնել ինձ, որպես պատրվակ: «Ի՞նչ հեղափոխություն», – հարցրեցի ես: «Թավշյա հեղափոխությունը», – ասաց նա ու հեղափոխության բոցաշունչ պաշտպան երեւակայելով իրեն, ցուցադրաբար ետ վերադարձրեց Ս. Մուրադյանին նվիրված իմ գիրքը ու դուրս հրավիրեց ինձ՝ իր ընդարձակ, համերգադահլիճ հիշեցնող աշխատասենյակից: Աստված իմ, ինչպիսի՞ անքաղաքավարություն ու ամբարտավանություն… Չուզեցի հիշեցնել նրան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը դիմագրքում. «…վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից»։ Ն. Զոհրաբյանն այդ երկու որոշումներն անվանել էր անհեթեթ: Վերջում նա ավելացրել էր. «Առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխական մշակույթի թավիշը»։ Միանգամայն պարզ էր, թե տիկին Նազենին ինչպես էր օգնում մարզերին, պարզապես հաշվեհարդար տեսնելով այնտեղ աշխատող շնորհալիների հետ:
Տիկին Նազենիի բոլոր հանդիպումները մշակույթի գործիչների ու իշխանավորների հետ անկապ են ու անպտուղ: Չնայած հրապարակախոս համարվելուն, նրա բոլոր հրապարակային ելույթներն անհաջող ու կցկտուր են, չի կարողանում երկու բառ իրար հետ կապել, արտահայտվել, նույնիսկ պաշտոնական մակարդակով, ըստ երեւույթին աղքատիկ բառապաշարի պատճառով: Խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրան դիտողություն արեց. «Գործընկերները ճիշտ հարցադրումներ հնչեցրեցին: Դու՛ք, եթե խորհրդարան եք եկել, պետք է պատրաստված գայիք»: «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նրան նույնպես դիտողություն արեց. «Մի քիչ լուրջ չեք վերաբերվել զեկույցին: Դուք ասում եք, որ կառավարության հետեւողական քաղաքականության շնորհիվ 2018թ. բացառվել են պատմամշակութային հուշարձաններ քանդելու դեպքերը, ինչպե՞ս հասկանանք դա: Ասում եք նաեւ, որ ՀՀ-ում 2018թ. ռեկորդային թվով գրքեր են վաճառվել: Իսկ ի՞նչ կապ ունի դրա հետ մշակույթի նախարարությունը»: Տիկին Նազենու պատասխանը պարզապես հումորային էր. «Այդ տեքստը ես միայնակ չեմ գրել»:
Սիրում է իր սխալներն ու թերությունները բարդել ամբողջ կառավարության ու վարչապետի վրա: «Ես հո առավոտյան չեմ վեր կենում, որ մի վատություն անեմ, պարզապես կատարում եմ առաջադրանքը», – ասաց նա, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանին՝ իր վրայից դեն նետելով ամբողջ պատասխանատվությունը Կ. Օրբելյանին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Ն. Ղարիբյան դը Վարդեվանը բոլոր մշակույթի գործիչներին անխտիր թշնամաբար է վերաբերվում, նրան չեն սիրում, չեն հարգում, իսկ լրագրողները նրան այնպիսի հարցեր են տալիս, որ իսկապես վիրավորական են: «Ենթատեքստ» հաղորդման լրագրող Արմինե Գեւորգյանը տիկին Ղարիբյանին այսպիսի հարց տվեց. «Դուք երբեւէ թատրոն այցելո՞ւմ եք, օրինակ՝ Համազգային, Կամերային, Երաժշտական… Համացանցում այդ մասին հաճախ կասկածներ են հնչում»: Չկա այնպիսի մեկը մշակույթի գործիչների մեջ, ումով նա հիացած լինի եւ ցանկանա աջակցել կամ խրախուսել: Այնպիսի տպավորություն է ստացվում, որ հանձինս նրա, ՀՀ մշակույթի նախարարությունը նախ եւ առաջ պատժիչ դեր է ստանձնել եւ պետք է բոլորը վախենան ու զգուշանան թե՛ այդ նախարարությունից, եւ թե՛ նրա անհաջող, մշակույթ չսիրող, դժգույն պետից:
Ն. Ղարիբյան դը Վարդեվանը միանգամայն անտարբեր է մշակույթի նախարարության հոգածության տակ գտնվող հաստատությունների նկատմամբ նույնպես: Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կտուրից կաթում է… Այդ նույն թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, աշխարհահռչակ Կոնստանտին Օրբելյանն իր հարցազրույցներից մեկում հավատացնում է, որ բազմաթիվ անգամներ դիմել է նրան այդ խնդրով, բայց ապարդյուն: Այդպիսի «մանրուքներով» Ն. Ղարիբյան դը Վարդեվանը չի զբաղվում, չնայած օրենքով եւ ի պաշտոնե պարտավոր է… Փոխարենը՝ տիկին Նազենին 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանին ազատել է այդ թատրոնի տնօրենի պաշտոնից։ Կոնստանտին Օրբելյանը պատրաստվում է դատի տալ նախարարությանը: «Ես 3 տարվա պայմանագիր ունեմ, նա իրավունք չուներ ինձ աշխատանքից ազատելու, քանի որ եւս 1.5 տարի ունեմ մինչեւ պայմանագրի ավարտը: 9 ամիս նա հետապնդում էր ինձ, համոզելով, որ գնամ, բայց ես չեմ գնա: 18 ամսվա ընթացքում մենք մեծ հաջողություններ ենք ունեցել: 25 տարվա մեջ առաջին անգամ մեր բալետային խումբը ելույթ ունեցավ Մոսկվայի Մեծ թատրոնում «Գայանե» բալետով: Հյուրախաղեր ենք ունեցել Դուբայում, Քուվեյթում եւ այլուր: Մինչ օրս մենք ոչ մի շնորհավորանք չենք ստացել նախարարությունից մեր հաջողությունների համար: Նազենուն հաճախ եմ հրավիրել, բայց նա չի գալիս մեր ներկայացումներին, միգուցե այդ պատճառով էլ տեղյակ չէ ամեն ինչից»: Դժգոհ են նրանից նաեւ մյուսները: «Մեր կարծիքը ձեզ համար ոչի՞նչ»,- հարցադրում են արել արտիստները։ Նրանք հիշեցրել են նրան, որ Օրբելյանն աշխարհահռչակ, հարգված մեծություն է, որ նրա առջեւ խոնարհվում է ամբողջ աշխարհը։ «Բա դա անելու բա՞ն է», – ցավով նշում են նրանք: «Նազենի Ղարիբյանի այդ քայլն անհեթեթություն է», – գանգատվում է լրագրողներին հայտնի դերասան, այդ նույն թատրոնի նախկին ռեժիսորը՝ Վիգեն Ստեփանյանը: Այո, աշխարհը խոնարհվում է, բայց ոչ տիկին Նազենին: Նա գերադասում է, որ բոլոր հայտնի ու ճանաչված մշակութային գործիչներն իր առջեւ խոնարհվեն: Հիշո՞ւմ եք «Զայչիկ» կինոնկարը, որտեղ մի դրվագ կար, երբ թատրոնի տգետ տնօրենը միշտ խառնում էր Կ. Ս. Ստանիսլավսկու արդեն թեւավոր դարձած արվեստի մասին ասված խոսքերը. «Սիրե՛ք արվեստը ձեր մեջ եւ ոչ թե ձեզ՝ արվեստում»: Նազենին ճիշտ այդ տնօրենի նման սիրում է իրեն արվեստում եւ ոչ թե արվեստն իր մեջ…
Սիրում է լուրեր տարածել, օրինակ՝ ՊՈԱԿ-ների օպտիմալացման կամ Կոմիտասի քառյակի, Համազգային թատրոնի լուծարման վերաբերյալ: «Առավոտ» թերթի հարցումին տիկին Նազենին պատասխանել է, որ մշակույթի նախարարությունից գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել: «Գաղտնի են պահում թշնամուց, մի՞թե մենք նախարարության թշնամիներ ենք»,- արդարացիորեն վրդովվում է ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ, Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրան որպես ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրավիրում են բոլոր նշանակալից մշակութային իրադարձություններին՝ ցուցահանդեսներին, համերգներին, պրեմիերաներին: Տիկին Նազենին գրեթե բոլորին մերժում է: Արդյո՞ք դա ընդգծված անհարգալից վերաբերմունք չէ մշակույթի նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից… Մարդը մշակույթ չի սիրում, հո զոռով չէ…
Անվանի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով, Նազենի Ղարիբյանը մեղավոր չէ, այլ մեղավոր են նրա ծնողները, որ նրան փոքր տարիքում հաճախ թատրոն չեն տարել, իսկ եթե տարել են, ապա ավելի վատ իրեն համար, որովհետեւ մնացել է նույն ցնորամիտ վերաբերմունքին թատրոնի հանդեպ: Նա ասում է. «Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը»: Ն. Ծատուրյանի կարծիքով՝ տիկին Նազենին չափազանց անտեղյակ է ամեն ինչից, քանի որ հայտարարում է, որ Համազգային թատրոնն իբր քաղաքական ուղղվածություն ունեցող, այսինքն՝ դեպի դաշնակներն ուղղված կառույց է: Երբ նրան հարցրել են, թե ինչո՞վ է դա արտահայտվում, նա պատասխանել է. «Հայրենասիրությամբ»: Ն. Ծատուրյանն ապշում է նրա մտածելակերպից: «Այդքանից հետո ո՞նց հարգեմ այդ կնոջը»,- ավելացրել է նա:
Ինչո՞ւ են նրան վստահել այդ, այդքա՜ն կարեւոր պաշտոնը նոր իշխանությունները… Մի՞թե մշակույթը սիրելու, մշակույթին նվիրվածություն ցուցաբերելու համար, թե՞ պարզապես Սորբոնի համալսարանի հետ առնչված լինելու համար…
Հայաստանում մշակույթը կարծես բաժանվել է երկու ոլորտի՝ մեկում մշակույթի շարքային ու հայտնի գործիչներն են, մյուսում՝ տիկին Նազենին՝ իշխող, հրամայող, պատժող, անդրդվելի ու արհամարհող: Մի՞թե դա ճիշտ է… Մինչեւ ե՞րբ…
ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
արձակագիր, լրագրող եւ թարգմանիչ
Գլենդել, Կալիֆոռնիա
21 ապրիլի, 2019թ.
«Առավոտ» օրաթերթ,
27.04.2019