«Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական կայքից տեղեկացել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հերթական աշխատանքային այցի մասին հռչակավոր «Մետրոպոլիտեն» օպերային թատրոն: Օրերս մաեստրոն վերադարձել է ԱՄՆ-ից:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Կոնստանտին Օրբելյանը ընդամենը հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել թատրոնի գլխավոր մենեջերի ասիստենտ Ջոն Ֆիշերի, Լինդեմենի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի տնօրեն Սոֆի Ջոյսի, երաժշտական ղեկավար-գլխավոր դիրիժոր Յանիկ Նեզեթ-Սեգուինի, հաղորդակցության գծով տնօրեն Լի Աբրահամյանի հետ: Հավելեց նաեւ, թե հանդիպել է աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի հետ, նշելով, թե մեծանուն տենորը նշել է հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր սիրո մասին, հետո էլ հույս հայտնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելի Հայաստան:
Կոնստանտին Օրբելյանին փոխանցեցինք «Մետրոպոլիտեն» թատրոն մեկնելու առիթով մեզանում շրջանառվող խոսակցությունները, այն է՝ մաեստրոն մեկնել է բանակցությունների՝ հայկական ազգային առաջին բալետը՝ Խաչատրյանի «Գայանեն», այդ հռչակավոր բեմում ներկայացնելու համար: Մեր զրուցակիցը առանց մանրամասնելու նախ նշեց, թե Նյու Յորքում միայն «Մետրոպոլիտեն» թատրոնը չէ, հետո էլ ասաց. «Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», միայն մեր՝ Երեւանի թատրոնի խաղացանկում են, իսկ ինչո՞ւ երեքը չներկայացվեն հենց Նյու Յորքում»: Մտաբերեց նաեւ, որ խաչատրյանական հռչակավոր գործերից միայն «Սպարտակն» է 1979թ. բեմ բարձրացել Նյու Յորքում:
Մաեստրոն տեղեկացրեց նաեւ, թե արդյունավետ բանակցություններ է վարել հատկապես երիտասարդ արտիստների զարգացման ծրագրի տնօրենի՝ տիկին Ջոյսի հետ, Երեւանի թատրոնի նույնաբովանդակ ծրագրի հետ համագործակցելու համար:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը՝ ի վերջո պատմության մեջ առաջին անգամ Խաչատրյանի երեք բալետները Նյու Յորքում ե՞րբ կցուցադրվեն, մաեստրո Օրբելյանը ընդամենն ասաց. «Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսածի, ապա 2020թ.»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2019