Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» այսօր թրենդային է

Ապրիլ 29,2019 11:00

Քանդակագործ Արտո Չաքմաքչյանը տարիներ շարունակ փափագում էր Երեւանում, Հյուսիսային պողոտայում տեսնել իր հեղինակած հայտնի քանդակը` «Քայլող մարդը»: Անցած տարիներին այն պողոտայում տեղադրելու հարցը քննարկվել է Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ: Ժամանակին նա, լինելով Երեւանի գլխավոր ճարտարապետը, նույնիսկ կոնկրետ տեղ էր նախանշել քանդակի համար՝ նշելով, որ այն պողոտայի կոնցեպտի մեջ է:

Այն, որ քանդակագործը Հյուսիսայինում էր պատկերացնում իր ստեղծագործությունը, բնավ պատահական չէ, քանզի քայլելու, ճեմելու փողոց լինելով՝ Հյուսիսայինը «Քայլող մարդու» լավագույն հանգրվանը կլիներ, մանավանդ, ոճային առումով էլ ներդաշնակվում էր:

Ցավոք, այդպես էլ հեղինակի կողմից քաղաքին իբրեւ նվեր տրվող ուշագրավ գործը երեւանյան իր հասցեն չունեցավ:

Նկատեմ, որ ոչ միայն «Քայլող մարդը» չունեցավ, այլ ընդհանրապես պողոտան շարունակում է մնալ նախնական մտահղացման համատեքստում դեռեւս լիովին չավարտված. այն ջրային եւ ֆլորիստական դիզայնի, ճարտարապետական փոքր ձեւերի համադրությամբ ամբողջանալու խնդիր ունի դեռ:

Տարիներ ի վեր երեւութական եւ աներեւույթ պատճառներով Հյուսիսայինի գեղարվեստական ձեւավորման հարցը ձգձգվել է, շարունակ մի տեսակ ժամանակավոր լուծումներ են տրվել: Անգամ պողոտայի մի մասի բացումն արվել է հրատապության ռեժիմով, ինչի պատճառով հետո վերստին անդրադարձ է եղել սալահատակին: Ընդհանրապես, պողոտան մի տեսակ կայացել է ի հեճուկս, այն կայացրել են մարդիկ, պողոտայով քայլող մարդիկ:

Քաղաքաշինությունը քաղաքականություն է եւ բնավ պատահական չէ այս ամենը:

«Քայլող մարդը» քանդակի երեւութականացման համար այսօր ըստ ամենայնի՝ քաղաքականությունն էլ նպաստող է: Ժամանակն իր ուղղակի եւ անուղղակի թելադրանքն ունի եւ հիմա է հենց Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդու» ժամանակը: Ճշմարիտ արվեստագետները միշտ ժամանակից առաջ են ընկնում՝ հղանալով գաղափարներ ու կերտելով կերպարներ: Իր քայլը Արտո Չաքմաքչյանը տարիներ առաջ կատարել է, ուստի քաղաքային իշխանության հերթն է` կատարելու իրենց քայլերը: Ի վերջո, «Քայլող մարդը» այսօր ավելի, քան երբեւէ` թրենդային է ե՛ւ գաղափարի, ե՛ւ ձեւի իմաստով: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ ամիսներ առաջ այս թեման Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է, սակայն որեւէ ընթացք, կարծես, չի ստացել:
Ընդ որում, հետաքրքիր է, որ մեկ այլ հայ քանդակագործ եւս` Նունե Թումանյանը նույնպես իր հեղինակած «Քայլող մարդը» վիրտուալ տեղակայմամբ Հյուսիսայինում է պատկերացրել եւ տեղադրել մտովի` դեռ 2015 թվականին:

Ասել է, թե՝ քայլող մարդու կերպարը թափառող սյուժե է եւ ժամանակի ու տարածության մեջ՝ մշտնջենական, վկա՝ շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետտոյի «Քայլող մարդը», որը դեռեւս 1961 թվականին է ստեղծվել եւ համարվում է աշխարհի ամենաթանկ քանդակը:

Մեկ այլ հետաքրքիր համադրություն եւս. այն նույն շրջանում, երբ Արտո Չաքմաքչյանի հետ քննարկվում էր «Քայլող մարդը» քանդակի հարցը, բանակցություններ էին ընթանում նաեւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում գտնվող՝ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան» ունիկալ քանդակի կրկնօրինակը Հյուսիսայինում տեղադրելու վերաբերյալ: Ի մասնավորի, այն ժամանակ Ն. Սարգսյանը հանդիպել էր Քոչարի որդու՝ Հայկազ Քոչարի եւ Մերգելյանի ինստիտուտի տնօրենի հետ, քանի որ քանդակը ինստիտուտի սեփականությունն է: Այն այսօր էլ Մերգելյանի տարածքում է գտնվում՝ լոկալ տեսանելիությամբ եւ ըստ իս, պահանջարկված է Հյուսիսայինում:

Նկատեմ, որ այստեղ բազմիցս են եղել դասական արձաններ տեղադրելու առաջարկներ, սակայն մերժվել են, իսկ նշածս երկու քանդակներն էլ ոճային առումով համահունչ են Հյուսիսայինին:

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930