Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրակատար Ավետարանը դուրս բերվեց Մատենադարանից

Ապրիլ 28,2019 23:10

Հարությունից  Պենտեկոստե  ընկած հիսնօրյա շրջանը Հայ առաքելական եկեղեցին կոչում է Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհուրդներին:

Հայ առաքելական եկեղեցին  այսօր նշեց Հինանց շրջանի առաջին կիրակին՝  Կրկնազատիկը:  Արդեն 16 տարի յուրաքանչյուր Կրկնազատկին Մատենադարանում պահվող Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը ուխտավորների մեծ թափորի ուղեկցությամբ Մատենադարանից տարվում է Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի։

Տոնի առթիվ Սբ. Գևորգ եկեղեցում մատուցվեց  պատարագ:  Պատարագիչ քահանա  Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը իր քարոզում կարևորեց հավատը ՝ առ Քրիստոս, շնորհավորեց հավատացյալներին և մաղթեց, որ Նոր Կիրակին նորոգություններ բերի ամենքի հոգում:

«Զորավոր է Ավետարանը, այո՛, բայց դրա զորությունը միայն  հպումը չէ: Հավատք է պետք ունենալ, որն  էլ կմղի Ավետարան կարդալուն»։

Շուրիշկանի Ավետարանն այդպես է կոչվել համանուն՝ Շուրիշկան գյուղում գտնվելու պատճառով, իսկ հայտնվել է այդ գյուղում 1603-1604 թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում:

Շուրիշկանում, հայությունը քոչվորների հարձակումներից պաշտպանվելու ժամանակ Ավետարանի անվտանգությունն ապահովելու նպատակով այն թաղել է Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում։ 7 տարի շարունակ հող ու ջրի տակ մնացած Ավետարանը պահպանվել է անվնաս կերպով։ Շուրիշկանում այսօր հայ բնակչություն այլևս չկա, սակայն  ուխտավորների շարքերում կարելի է հանդիպել բնիկ շուրիշկանցիների, որոնք ոչ միայն հավատ են տածում Ավետարանի նկատմամբ, այլ նաև Ավետարանը համարում են իրենց էության մի մասը:

Շուրիշկանում ծնված Արշակյան Շողիկը, պատմում է, որ   գյուղը մշտապես լի էր լինում ուխտավորներով:

«Օրերով գալիս էին մնում եկեղեցում, գիշերում մատուռներում: Իսլամիստների համար էլ Շուրիշկանը սուրբ էր և չկար մեկը ում  հավատով արված խնդրանքը չկատարվեր: Աղջիկներով հերթափոխ ունեինք եկեղեցին մաքրելու, այսօրը կարծես մեր գյուղի վերածնունդը լինի իմ հոգում…»

Սուրբ պատարագի ընթացքում յուրաքանչյուր ուխտավոր Ավետարանի հրաշագործ զորությանը առնչվելու հնարավորություն ունի;

7 տարի  տարի առաջ  Ռազմիկ Գևորգյանին բժիշկները կանխորոշել էին չարորակ ուռուցք, Ավետարանին հպվելուց հետո բժշկի այլևս չի գնացել:

«Հիվանդանոցից դեռ տուն չէինք հասել, երբ իմացա,որ նման ավետարան կա և հենց այդ օրն էլ դուրս է բերվել: Կինս տաքսի կանչեց, չէի էլ կարողանում քայլել, մի կերպ եկեղեցի հասանք, քահանան բժշկության աղոթք արեց, երեք ժամ հետո ես չէի էլ հիշում, որ չէի կարողանում ցավերից իրար գալ… 7 տարիների ընթացքում ամեն Կրկնազատկի գալիս եմ շնորհակալությունս հայտնում»։

Ավետարանը Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում կլինի մինչև երեկո, այն մշտական ցուցադրության է դրված նաև Մատենադարանում:

 

Զարա ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930