Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի հայտարարությունը փաստում է` Դավիթ Սանասարյանի գործով որոշումը «վերեւում» է կայացվել. Դանիել Իոաննիսյան

Ապրիլ 28,2019 21:46

«Երբ ԱԱԾ տնօրենը հայտարարում է, որ այդ գործը գնալու է դատարան, միանգամից հարց է առաջանում` այդ ինչպե՞ս եղավ, որ ԱԱԾ տնօրենը որոշեց, որ գործը գնալու է դատարան, եթե քրեական գործը չի ավարտվել, երբ գործի դատարան գնալ-չգնալը որոշում են քննիչն ու դատախազը`առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքով եւ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով: Միգուցե բացահայտվում են բաներ, որոնք հանգեցնում են նրան, որ գործը դատարան չի գնում: Պնդելը, որ այդ գործը գնալու է դատարան, միանգամից խոսում է այն մասին, որ այդ գործի հետ կապված որոշումները կայացնում է ոչ թե քննիչը, դատախազը, այլ`այլ տեղում, ավելի վերեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով նախօրեին, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի արած հայտարարություններին:

Արթուր Վանեցյանը, հիշեցնենք, ասել էր. «Այն մեղադրանքը, որ առաջադրված է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել: Երբ գործը կուղարկվի դատարան, դատարանում դուք բոլորդ եւ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում ու կգնահատեք այդ ապացույցների իսկությունը»:

Դանիել Իոաննեսյանը դիմում է ԱԱԾ ղեկավարին. «Գործ կարելիս գոնե արժե այնպես անել, որ տպավորություն չստեղծվի, թե այդ գործը կարած է»: Նա նկատում է, եթե նախապես որոշված չէ գործի ճակատագիրը, որեւէ մեկը չի կարող պնդել, թե ի՞նչ արդյունք կունենա այն`անկախ ձեռք բերված նյութերից եւ ապացույցներից: Մեր զրուցակցին հիշեցրինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նոր Հայաստանում «գործեր չեն սարքվում»: Նա ասաց, որ համաձայն չէ վարչապետի հետ, քանի որ տվյալ պարագայում ամեն ինչ ակնհայտ է:

Հետաքրքրվեցինք` ասելով, որ Դավիթ Սանասարյանի գործի դատարան գնալու որոշումը կայացված է «վերեւներում», ինքը նկատի ունի, որ վարչապետը տեղյա՞կ է այդ որոշումից կամ ի՞նքն է կայացրել այդ որոշումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ: Ես չեմ կարծում, որ վարչապետը որոշել է, որ անկախ քրեական գործի ընթացքից, այդ գործը պետք է գնա դատարան: Այդ հայտարարությունը բաց տեքստով, արել է ԱԱԾ տնօրենը`անկախ գործի ընթացքից: Անգամ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ այսպիսի ակնհայտ բաներ չէին անում»:

Հարցին` իսկ իր կարծիքով ինչո՞ւ թիրախ ընտրվեց Դավիթ Սանասարյանը կամ ի՞նչ խնդիր է այսպիսով լուծվում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրավապահ մարմինների միջեւ մրցակցությունը տեսանելի, նաեւ միանգամայն հասկանալի է եւ այս իմաստով Հայաստանը միակը չէ: Նա բերում է Ուկրաինայի օրինակը, երբ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դեմ իրենց ԱԱԾ-ն անընդհատ ինչ-որ գործեր էր փորձում «սարքել», բայց դրանք դատարանում չէին հաստատվում. միեւնույն է, այդ մտքից ԱԱԾ-ում չէին հրաժարվում: Դանիել Իոաննեսյանը նկատում է` Հայաստանի կառավարման մոդելում էական փոփոխություն է եղել, որոշումները նախկինի նման Բաղրամյան 26-ում չեն կայացվում, վարչապետը, յուրաքանչյուր մարմնի, իր լիազորությունների շրջանակում, տվել է որոշումներ կայացնելու իրավասություն. որոշները օգտագործում են այդ լիազորությունը` տվյալ կառույցի աշխատանքը բարեփոխելու համար, կան մարմիններ, որոնք դա ընկալել են «ինչ ուզենք`կանենք»:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ԱԱԾ-ն այդ կերպ է աշխատում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ԱԱԾ-ում բարեփոխվելու որեւէ փորձ չեն տեսնում, ի տարբերություն ոստիկանության, ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի եւ պետական կառավարման այլ մարմինների: Ավելին, նա նկատում է, որ եթե նախկինում ԱԱԾ-ն ներքաղաքական իրողություններին չէր խառնվում, ապա այժմ ԱԱԾ-ն ներգրավվում է գործողություններում, որոնց հետ կապ չունի: Այս իրավիճակում, նա բնավ զարմանալի չի համարում այն, որ ԱԱԾ տնօրենի հեռախոսն է գաղտնալսվում. «Եթե հանրապետությունում ԱԱԾ տնօրենի եւ վարչապետի խոսակցություն կարելի է գաղտնալսել, ապա սա նշանակում է, որ ԱԱԾ-ն ընդհանրապես իր տեղում չէ»:

Ի դեպ, երեկ դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ քրեական գործեր են  հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ: Այս գործով, հիշեցնենք, պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով, ՊՎԾ աշխատակիցներ ձերբակալվեցին, հետագայում, նրանց խափանման միջոցը փոխվեց:

«Դատախազության կողմից գործի հարուցումը, ինքնին ենթադրում է, որ ՊՎԾ այն աշխատակիցները, ովքեր ԱԱԾ-ի կողմից մեղադրվում են պաշտոնական լիազորությունների  չարաշահման մեջ, իրականում հանցագործություն են բացահայտել: Տեսականորեն, չեմ բացառում, որ հանցագործություն բացահայտած անձինք կարող էին նաեւ հանցագործություն գործել: Բայց այն, որ իրենք հանցագործություն են բացահայտել դա փաստ է եւ ՊՎԾ գնումների վարչության պետին փաստացի պատկանող «Զորաշեն» ՍՊԸ-ն, այդ մրցույթների արդյունքում որեւէ սարքավորում չի վաճառել, միայն վաճառելու փորձեր են եղել. միեւնույն է, խնդիր կա, շահերի բախումն ակնհայտ է»,- ասում է մեր զրուցակիցը:

Բայց, որ այս ամբողջ պատմությունից պետությունը շահած է դուրս եկել, Դանիել Իոաննիսյանը միանշանակ է համարում, քանի որ բացահայտվել է հանցավոր սխեմա, որի արդյունքում պետական հիվանդանոցին, Սամվել Ալեքսանյանի եւ «Դոն Պիպոյի» հետ փոխկապակցված կազմակերպությունները արհեստական բարձր գնով էին սարքավորումներ մատակարարում, գնումներն էին այդպես կազմակերպվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930