Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Քաղցրակերության դառը հետևանքները․ ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ չափից ավելի շաքար ենք օգտագործում

Ապրիլ 28,2019 23:00

Մեզնից շատերն առանց շաքարի իրենց կյանքը չեն էլ պատկերացնում, մենք այն ավելացնում ենք մեր սուրճին ու թեյին, հաճույքով ճաշակում ախորժալի խմորեղենն ու թխվածքաբլիթները, երբեմն էլ նախաճաշին շաքարով քաղցրացնում վարսակի փաթիլներով կամ մանրաձավարով պատրաստված շիլան։

Սակայն սրանով չի սահմանափակվում մեր կողմից շաքարի օգտագործումը։ Մենք ամեն օր ուտում ենք նաև «թաքնված» շաքար, որը բավականին պատկառելի քանակությամբ պարունակվում է վերամշակված մթերքներում, ինչպիսիք, օրինակ, պատրաստի մսամթերքն ու մակարոնեղենն են, կամ էլ տոմատի սովորական թանձրուկն ու տարատեսակ սոուսները։

Եվ որքան էլ դժվար է դիմակայել շաքարի «հմայքներին», բժիշկ Ջոզեֆ Մարկոլայի կարծիքով այն ամենավնասակար մթերքներից մեկն է, որը մարդն օգտագործում է իր սննդակարգում։

Շաքարի չափավոր օգտագործումը վնասակար չէ առողջության համար

Ինչպե՞ս է շաքարն ազդում մարդու օրգանիզմի վրա, և դրա չափից ավելի օգտագործումն ի՞նչ կողմնակի ազդեցություն է գործում առողջության վրա

Ինչո՞ւ է շաքարի ավելցուկը վտանգավոր առողջության համար։

Մարդկանց կողմից օգտագործվող «թաքնված» շաքարը հիմնականում ֆրուկտոզայի կամ ֆրուկտոզայի մեծ քանակ պարունակող եգիպտացորենի օշարակի տեսքով է հանդես գալիս։ Դա շաքարի վերամշակված ու ավելի էժան տարբերակն է և սեղանի սովորական շաքարից մոտ 20 տոկոսով ավելի քաղցր է․ դրա համար էլ այն այդքան «սիրելի» է արտադրողների համար, քանի որ գումար խնայելու մեծ հնարավորություն է տալիս։

Ֆրուկտոզան այդ տեսքով այսօր պարունակվում է գրեթե բոլոր վերամշակված մթերքների ու ըմպելիքների, հատկապես՝ գազավորված ըմպելիքների կազմում։

Թաքնված շաքար է պարունակվում գրեթե բոլոր տեսակի վերամշակված մթերքներում

Մարդու օրգանիզմը, սակայն, պատրաստ չէ մարսելու ֆրուկտոզայի այդպիսի քանակությունը։

Իրականում շաքարը հեպատոտոքսին է (լատ․ hepar – լյարդ և հուն․ τοξικον – թույն), որն անմիջականորեն ճարպի է վերափոխվում՝ օրգանիզմի համար մի շարք խնդիրներ հարուցելով։

Որո՞նք են չափից ավելի շաքարի օգտագործման հետևանքները

Կալիֆորնիայի համալսարանի էնդոկրինոլոգիական բաժանմունքի կլինիկական մանկաբուժության պրոֆեսոր Ռոբերտ Լուստիգը, ով շաքարի նյութափոխանակությունը վերծանող առաջամարտիկներից է, ասում է, որ օրգանիզմն օրական կարող է հանգիստ մարսել նվազագույնը 6 թեյի գդալ շաքար։

Սակայն քանի որ շատերն այդ չափաբաժինը գերազանցում են մոտ 3 անգամ, ապա ավելորդ շաքարն օրգանիզմում ճարպի է վերածվում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նյութափոխանակության հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացման։

Շաքարի չարաշահումը կարող է 2-րդ տիպի դիաբետի զարգացման պատճառ դառնալ

Բերենք մի քանի օրինակ․

  • Ավելորդ շաքարը ծանրաբեռնում ու քայքայում է լյարդը։ Շաքարի չափից ավելի օգտագործումը կարելի է համեմատել ալկոհոլի չարաշահման հետ։ Ֆրուկտոզան հսկայական ծանրաբեռնվածություն է ստեղծում լյարդի համար՝ երբեմն «չզլանալով» նաև վնասել այն։
  • Շաքարը «խաբում» է օրգանիզմին, քաշի ավելացման ուղիղ ճանապարհն է, այն ազդում է նաև ինսուլինի ու լեպտինի ազդակների վրա։ Ֆրուկտոզան «մոլորեցնում» է նյութափոխանակությանը՝ անջատելով ախորժակի վերահսկման համակարգը։ Սկզբում խանգարվում է ինսուլինի արտադրման խթանումը, ինչն էլ իր հերթին խախտում է գրելինի կամ «քաղցի հորմոնի» ճնշումը, իսկ արդյունքում խաթարվում է լեպտինի կամ «հագեցման հորմոնի» առաջացումը։  Արդյունքում մարդն ավելի շատ է ուտում և նրա մոտ ձևավորվում է ռեզիստենտություն շաքարի նկատմամբ։
  • Շաքարը խախտում է նյութափոխանակության գործընթացները։ Շաքարի չարաշահումը առաջացնում է այնպիսի ախտանշաններ, որոնք հայտնի են որպես դասական մետաբոլիկ համախտանիշ։ Դրանք են՝ քաշի ավելացումը, որովայնի շրջանում ճարպակալումը, բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի նվազումն (լավ խոլեսթերին) ու  ցածր խտության լիպոպրոտեինների աճը (վատ խոլեսթերին), արյան մեջ շաքարի ու եռգլիցերիդների մակարդակի բարձրացումը, զարկերակային բարձր ճնշումը։
  • Բարձրանում է միզաթթվի մակարդակը։ Միզաթթվի բարձր մակարդակը սրտի և երիկամների հիվանդության զարգացման գործոններից է։ Վերջին հետազոտությունների համաձայն՝ միզաթթվի պարունակության անվտանգ չափաբաժինը կազմում է 3-ից 5,5 միլիգրամ մեկ դեցիլիտրի դիմաց։Միզաթթվի՝ այդ ցուցանիշից բարձր մակարդակը խոսում է օրգանիզմի վրա ֆրուկտոզայի բացասական ազդեցության վտանգի մասին։

Շաքարի չարաշահումը լրջագույն սպառնալիք է լյարդի համար։ Այն կարող է հանգեցնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, ինչը համարժեք է լյարդի՝ ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրներին։ Պատճառն այն է, որ ալկոհոլն ու ֆրուկտոզան ընդհանրություններ ունեն, և լյարդը ալկոհոլն ու ֆրուկտոզան նույն կերպ է նյութափոխանակում։

Շաքարի ավելցուկը, սակայն, հղի է նաև այլ վտանգներով։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ ֆրուկտոզան «սնուցում» է քաղցկեղի բջիջները՝ նպաստելով դրանց բաժանմանն ու արագ տարածմանը։

Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հաստատում ֆրուկտոզայով հարուստ սննդակարգի ու Ալցհեյմերի հիվանդության միջև կապը։ Շաքարի չարաշահումը կարող է մեծացնել նաև այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են 2-րդ տիպի դիաբետը, սրտի հիվանդությունները, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, թուլամտությունը և այլն։

Օմեգա 3-ի հարուստ աղբյուր է ընդեղենը

Ինչպե՞ս վերահսկել ու սահմանափակել շաքարի օգտագործումը

Ըստ էության շաքարն իր բնական տեսքով անվտանգ է, եթե օգտագործվում է չափավոր։ Դա ենթադրում է, որ պետք է հրաժարվել ֆրուկտոզայով հարուստ վերամշակված մթերքներից ու գազավորված ըմպելիքներից։

Իդեալական տարբերակ է, եթե դուք սննդի համար նախատեսված ձեր բյուջեի 90%-ը ծախսեք բնական մթերքների և միայն 10%-ը՝ վերամշակված մթերքների վրա։ Ընդ որում արհեստական քաղցրացուցիչները նույնպես, ինչպիսիք են ասպարտամն ու սուկրալոզան, կարող են առողջական մի շարք խնդիրների պատճառ դառնալ։

Արագ հագեցնող ֆասթ ֆուդն ու վաֆլիները փոխարինեք օգտակար ճարպաթթուներով (ինչպիսին օմեգա 3-ն է) հարուստ մթերքներով։ Վերջին տվյալների համաձայն՝ օգտակար կիսաչհագեցած ճարպաթթուները պետք է կազմեն սննդակարգի 70 % -ը։

Օգտակար ճարպաթթուների լավագույն աղբյուր են համարվում բնական կարագը, սառը ճզման եղանակով ստացված ձիթապտղի յուղը, կոկոսի յուղը, ընդեղենը, տնական հավկիթը, ավոկադոն, սաղմոնը և այլն։

Քաղցր և գազավորված ըմպելիքները փոխարինեք մաքուր ջրով։

Սննդում ավելացրեք ֆերմենտացված մթերքների օգտագործումը․ այդպիսի մթերքներում առկա օգտակար բակտերիաները կբարելավեն մարսողությունն ու կնպաստեն օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ ՋՈԶԵՖ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930