Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տեսլական ունի հայությունը ստեղծված բարդ իրավիճակում․ չստացվի այնպես, որ հիմա էլ Սիրիայում հայերը կռվեն իրար դեմ․ Սամվել Ֆարմանյան

Ապրիլ 28,2019 20:04

Մի իրադարձություն, կարծես, վրիպեց մեր համարժեք ուշադրությունից։ Օրեր առաջ՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարարվեց, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հովանու ներքո ստեղծվել է առաջին էթնիկ հայկական զորախումբը՝ Մասիս Մութանյանի ղեկավարությամբ։

Չնայած 2011 թ. Սիրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմում ներգրավված տարբեր միավորների, նրանց հետապնդած նպատակների ու շահերի, ազդեցությունների իրական քարտեզը փոփոխականներով «զարդարված» մի մեծ գլուխկոտրուկ է, որտեղ, տարբեր կողմերում հայերի նեգրավվածությունը միշտ էլ եղել է, մի բան ակնհայտ է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» քրդական առաջնորդությամբ գործող մի բազմազգ ռազմական դաշինք է, որը ԱՄՆ-ի աջակցությամբ ու սեփական օրակարգով ծավալուն պայքար է մղել Իսլամական պետության դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում և Թուրքիայի կողմից մշտապես դիտվել է որպես իրեն ուղղված մեծ սպառնալիք՝ քրդական գործոնով ու քրդական ինքնավարության հեռանկարներով պայմանավորված։ Սա ի միջի այլոց։

Սիրիական ճգնաժամի հասունացման առաջին իսկ օրերից, երբ մոտավորապես հաշվարկելի էր ճգնաժամի զարգացման հնարավոր սցենարները, եղել եմ այն կարծիքին, որ, որքան էլ դժվարություններով, վտանգներով ու հարցականներով լեցուն, ՀՀ-ի ողջամիտ ու համարձակ քաղաքականությունը պիտի լիներ, ամեն կերպ ստանալով Սիրիայում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի համաձայնություն-աջակցությունը, ամեն գնով օգնել այդ երկրում ապրող մեր հայրենակիցներին, դեռ մինչև ճգնաժամի ռազմական փուլի բռնկումը, վաճառել իրենց գույքն ու ունեցվածքը և իրենց ինչքով հնարավորինս հայրենադարձվել Հայաստան։ Խոշոր հաշվով, այդպես էլ եղավ։ Բայց արդեն ուշացած և քաղաքացիական պատերազմի բերած ավերածությունների արդյունքում իրենց տասնամյակներով կուտակած նյութական վաստակը կորցրած, կիսատ-պռատ, մասամբ ինքնաբուխ և անկազմակերպ։ Ժողովրդագրական ու տնտեսական անհաղթահարելի թվացող մեր պետության խնդիրների լուծումների համատեքստում սա բաց թողնված իրական հնարավորություն էր։

Ծանրակշիռ խնդիրներից հաջորդը, որ օրինաչափորեն մեջտեղ է գալիս, առավել ևս այսօր, երբ արդեն Սիրիայում է մեր զինված ուժերի հումանիտար առաքելությունը (բռնագաղթի հետևանքով որքան էլ նոսրացած, բայց Սիրիայում առկա հայկական համայնքի համատեքստում) հետևյալն է. ի՞նչ տեսլական ունի հայությունն այսօր Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակում, և ո՞րը պետք է լիներ/լինի ՀՀ-ի օրակարգն այս հարցում։ Չստացվի այնպես, որ հայկական գործոնը, մեր կամքից անկախ, կրկին դառնա մեծ խաղացողների կողմից օգտագործվող մանրադրամ, հիմա էլ Սիրիայում հայերը կռվեն իրար դեմ, չստացվի այնպես, որ մենք կրկնենք առաջին աշխարհամարտի շրջանում թույլ տված սխալները՝ կանխատեսելի հետևանքներով։

Թվում է՝ ՀՀ-ի օրակարգը պիտի լիներ/լինի, կրկին ճգնաժամի հաջորդ փուլերի հաշվարկելի զարգացումներից ելնելով, ամեն ջանք գործադրել ու փորձել ներգրավվել Սիրիայի շուրջ ընթացող խաղաղության միջազգային գործընթացում որպես շահագրգիռ կողմ՝ բացառապես Սիրիայում առկա հայկական համայնքի շահերով պայմանավորված ու միմիայն դրանից ելնելով։ Նման հավակնոտ առաքելությունը պիտի ի սկզբանե բացառեր/բացառի Սիրիայի քաղաքական ապագայի շուրջ ընթացող բուն քննարկումներում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների օրակարգը սպասարկելու որևէ հնարավորություն, ինչը անլուծելի խնդիրներ կստեղծեր/կստեղծի ոչ միայն Սիրիայի հայկական համայնքի անվտանգության համար։

Արտաքին քաղաքականության ոլորտում էլ, երբ դու ունես շահեր, բայց ներգրավված չես՝ սեղանի շուրջ նստած չես կամ գոնե սեղանի կողքին կանգնած չես, մեծ է վտանգը, որ այդ օրակարգը քո փոխարեն կսպասարկեն ուրիշները, բայց արդեն սեփական շահերով փաթեթավորած ու բացառապես դրանից ածանցված։

 

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10217720896471258

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930