Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հայտարարում ես, որ հայհոյել են, պիտի ապացուցես». Սերգեյ Բագրատյանը` Ռազմիկ Տոնոյանին

Ապրիլ 28,2019 17:25

«Նման միջադեպ չի եղել: Այն ձեւով, ինչ ձեւով նկարագրված է հաղորդագրության մեջ, նման միջադեպ չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն` անդրադառնալով Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի` ոստիկանություն ներկայացրած հաղորդմանը:

Ըստ այդմ, քաղաքացու օրվա տոնակատարությունների ժամանակ, «իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել»:

Հարցին` փոխմարզպետը զրպարտո՞ւմ է, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց.

«Իհարկե, զրպարտում է»: Նա մանրամասներ ներկայացրեց միջադեպից. «Վեճը սկսել է Գլաձոր համայնքից: Երիտասարդները սիգարետի մնացորդ են գցել առվի մեջ: Ինքը էդ երեխեքին ստիպել է, թե «բիչոկները» հավաքեք` բերեք: Ասել են, ջուրը հիմա տարավ: Ասել է` ինձ չի հետաքրքրում: Քաշքշոց է առաջանում: Ասում է` ոստիկաններին կանչեք, սրանց տարեք: Ոստիկանները որ հավաքվում են, Գլաձոր համայնքի ղեկավարն է մոտենում, թե անհարմար է, երիտասարդներ են, կարիք չկա: Մենք էլ մի երեսուն մետր հեռու էինք, այդ աղմուկի վրա մոտեցանք: Նույնը ես ասացի`երիտասարդ են, լավ, կարիք չկա ոստիկանություն տանելու: Թե բա` դո՞ւ ով ես»:

Միջամտում է Եղեգիս համայնքի ղեկավարը` ներկայացնելով, թե ով է Սերգեյ Բագրատյանը: «Ես հիմա նկարում եմ ձեզ, որ ինձ վիրավորեցիք, հայհոյեցիք եւ գնում եմ հայտարարություն տամ»,- ըստ Սերգեյ Բագրատյանի, այսպես է սկսում հակադարձել փոխմարզպետը: Նա պատմում է, որ մարզի ոստիկանապետն էլ է այդ պահին այդտեղ լինում, իրենց ասում է, թե մի շարունակեք, թող ավարտվի:

«Այսինքն, ինքը վիճում է Գլաձոր համայնքի ղեկավարի հետ, Եղեգիս համայնքի ղեկավարի հետ, Վայքի փոխքաղաքապետին ասում է` դուք նարկոման եք, բոլորիդ տանելու եմ դիսպանսեր: Էդ բոլորը մեղավոր ե՞ն, ինքն անմե՞ղ»,- հարցնում է մեր զրուցակիցը եւ եզրակացնում, որ փոխմարզպետի նպատակը ոչ թե մաքրությունն ապահովելն էր, այլ մարդկանց նվաստացնելը, վիրավորելը. «Եթե նպատակը մաքրությունն էր, ասելուն ձեւ կար, այնպես, որ երիտասարդների ինքնասիրությունը չվիրավորվի: Բայց ասելու ձեւը` նրանց նվաստացնելն էր: Երիտասարդ են, վիրավորվել են, մենք էլ էնտեղ` հո չենք ասի` չենք լսել, չենք տեսել»:

Սերգեյ Բագրատյանը հակընդեմ բողոք չի ներկայացնի: Իմաստ չի տեսնում: Սպասում է, որ փոխմարզպետն ապացուցի իր ասածները. «Եթե հայտարարում ես, որ հայհոյել են, պիտի ապացուցես»:

Փոխմարզպետի հրապարակած նկարի մասով էլ, Սերգեյ Բագրատյանն ասում է` իսկ ով է ասում, որ տոնակատարությանը չեմ մասնակցել, այնտեղ եղել եմ, նկար պետք է լինի, բնական է, բայց այնպես, ինչպես ներկայացված է հաղորդագրության մեջ, միջադեպ չի եղել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930