Լրահոս
Օրվա լրահոսը

Մասոնական օթյակի ներկայացուցիչը՝ հետհեղափոխական Հայաստանի, աշխարհի՝ մեկ օրում չփոխվելու մասին

Ապրիլ 28,2019 11:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Հայաստանում էր գտնվում Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարյանը: Նա սիրով պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

– Ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:

– Մեր առաքելության հիմնական նպատակը 1915 թ. Ցեղասպանության, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների զոհերին հարգանքի տուրք մատուցելն է: Որպես հումանիստական և ունիվերսալիստ ասոցիացիա՝ Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակը չի կարող անտարբեր մնալ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների հերթական փուլն այն համատեքստում, որ Նախագահ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

– Վեր կանգնելով դիվանագիտական նկրտումներից՝ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար նշանակում է պատմական արդարության վկայություն: Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակն իր գործունեությամբ և ֆրանսիական իշխանություններին ու միջազգային ատյաններին ուղղված հայտարարություններով միշտ կարևորել է պատմական հիշողությունը և այսպիսով աջակցել է 1915 թ. Ցեղասպանության ճանաչմանը: Մենք կարող ենք միայն հավանություն տալ և ողջունել նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու որոշումը:

– Ձեր կարծիքով Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելու մեջ արդյոք քաղաքակրթությունների բախման վարկածն արժե՞ բացառել:

– Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակն անմիջապես հայտարարեց իր անսահման ցավը Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելու առիթով: Սա փորձություն է քրիստոնյաների և մեծ դժբախտություն՝ ամբողջ մարդկության համար: Փարիզի Աստվածամոր տաճարը սերտորեն կապված է Ֆրանսիայի, ինչպես նաև համաշխարհային պատմության հետ: Այս ողբերգության պատճառների ուսումնասիրությունը ընթացքի մեջ է և ներկայումս չարակամության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի նշվում:

– Սկզբունքներ, որոնք «Մեծ Արեւելքը» սկսել է վերանայել:

– Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի սկզբունքները անփոփոխ են. խոսքը վերաբերվում է ունիվերսալ, հումանիստական և հանրապետական արժեքներին՝ հիմնված մարդու իրավունքների, հատկապես Ազատության, Հավասարության և Եղբայրության, ինչպես նաև Համերաշխության ու Աշխարհիկության վրա: Աշխարհիկությունը մեզ համար հիմնական տարր է, որը նշանակում է խղճի բացարձակ ազատություն, այսինքն՝ յուրաքանչյուրի իրավունքը հավատալու կամ չհավատալու, առանց դոգմատիկ պարտավորությունների կամ ճնշումների:

Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի առանձնահատկությունը դեպի հասարակությունը ուղղված փիլիսոփայական, հոգևոր և ընդունման կազմակերպություն լինելն է, որի նպատակն է բարելավել Մարդուն և հասարակությունը: Այն մարդու և հասարակության ժամանակակից հիմնախնդիրների վերաբերյալ գաղափարների լաբորատորիա է: Բոլոր ժամանակներում օթյակը ներգրավված է եղել հասարակական առաջընթացներում, ինչպես օրինակ մահապատժի վերացումը Ֆրանսիայում, կանանց իրավունքները, բիոէթիկան, հատկապես հղիության կամավոր ընդհատումը, և այլն:

– Քանի որ հեղափոխության օրերին այստեղ էիք, պետք է խնդրեմ, որ այժմ էլ տպավորություն հայտնեք հետհեղափոխական Հայաստանի մասին:

– Մեկ տարի առաջ հնարավորություն ունեցանք ներկա գտնվելու և ապրելու «թավշյա» հեղափոխությունը, տեսնել փոփոխությունների կարիքը և մարդկանց՝ ազատության հույսն ու էմանսիպացիան: Իհարկե Հայաստան մի քանի օր այցելությամբ դժվար է գնահատել ներկա իրավիճակը: Ասում են, որ աշխարհը մեկ օրում հնարավոր չէ փոխել, բայց փոփոխությունների արդյունքում առաջ եկած հույսը հուսադրող է հայաստանյան հասարակության առաջադիմական տրանսֆորմացիայի համար:

 

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930