Հայտնի է, որ հենց գարնանն է հնարավոր գտնել ամենահամեղ գառան միսը: Մի բաց թողեք առիթը պատրաստելու այս նրբահամ շարովին:
Անհրաժեշտ մթերքները
Գառան միս- 1 կգ
Մատղաշ կարտոֆիլ- 1 կգ
Կարդացեք նաև
Թարմ կամ սեփական հյութում պահածոյացված լոլիկ- 4-5 հատ
Գլուխ սոխ- 1 գլուխ
Թարմ կանաչի- կես կապ
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Բուսական յուղ- 2-3 ճաշի գդալ
Գարեջուր-0,5 լիտր
Կարագ-50 գրամ
Պատրաստման եղանակը
Գառան միսը կտրատել, համեմել աղով եւ պղպեղով, թողնել 15-20 րոպե սենյակային ջերմաստիճանում կամ մի քանի ժամ՝ սառնարանում:
Բուսական յուղը տաքացնել մեծ կաթսայի մեջ: Գառան կտորները հերթով արագ տապակել բոլոր կողմերից: Սա անում ենք, որպեսզի մսի հյութերը մնան մեջը, եւ այս ձեւով պատրաստելու պարագայում միսը փրփուր չի տալիս: Վերցնել կրակից եւ վրան շարել լավ լվացած մատղաշ կարտոֆիլները, աղ ու պղպեղ անել, շարել օղակաձեւ կտրատված սոխը, լոլիկները, վերջում՝ լավ լվացած եւ մանր կտրատած կանաչին: Եթե սեփական հյութում պահածոյացված լոլիկ եք վերցնում, կարող եք լոլիկների վրա աղ չանել, հակառակ պարագայում՝ լոլիկների վրա էլ մի փոքր աղ եւ պղպեղ արեք: Այս ամենի վրա ավելացրեք գարեջուրը, կարագը, կափարիչով լավ փակեք եւ դրեք մարմանդ կրակի վրա: Պատրաստ կլինի մոտավորապես 40-50 րոպեից: Մատուցեք տաք-տաք վիճակում: Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ