Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ոստիկանական համակարգ է մտել 17 տարեկանից՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:
Թեեւ անգլիական թեքումով դպրոցն ավարտելուց հետո ծնողների հորդորով տիկին Դուրյանը պատրաստվում էր ընդունվել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, նրա խոսքով, կես բալի տարբերությամբ բուհից դուրս է մնացել, ինչը իրեն ոչ թե տխրեցրել, այլ ուրախացրել է, որովհետեւ լեզուների գծով բարձրագույն կրթություն ստանալու ծնողների հորդորն ամենեւին էլ իր սրտով չէր. «Այդ ժամանակ ես արդեն որոշումս կայացրել էի, որ պետք է մտնեմ ոստիկանություն, ի դեպ, սկսեմ աշխատել, որովհետեւ իմ հետագան պատկերացնում էի սկսել աշխատանքով: Դեռեւս անչափահաս էի, չէի կարող ոստիկան դառնալ, ոստիկանություն մտա որպես ազատ վարձու աշխատակցուհի, աշխատեցի մեկ տարի, ու 18 տարիս լրանալուց հետո սկսեցի շարքային ոստիկան աշխատել: Մայրիկս աշխատում էր ոստիկանությունում կադրերի վարչությունում, բայց նա բացարձակ չի միջնորդել, չի խառնվել իմ գործունեությանը, եւ ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ եթե այդպես չլիներ, ու ինքն ինձ օգներ, բարեխոսեր ինձ համար, ես այսօր այստեղ չէի հայտնվի»:
Ոստիկանի մասնագիտությունը Նելլի Դուրյանը ստացել է Երեւանի միջնակարգ մասնագիտական դպրոցում: Իսկ այդ դպրոց ընդունվելուն Դուրյանի մայրը շատ դեմ է եղել. «Ասում էր՝ ոնց թե դու գնաս միջնակարգ դպրոց, դիմիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, դարձիր իրավաբան, էլի ոստիկանությունում ոստիկան աշխատիր,իսկ ես համամիտ չէի, մտածում էի, որ եթե ուզում եմ դառնալ ոստիկան, նախ ոստիկանի մասնագիտություն պետք է ունենամ, իսկ ոստիկանի մասնագիտությունը տալիս էր հենց այդ հաստատությունը, ու դիմեցի միջնակարգ մասնագիտական դպրոց, ավարտեցի կարմիր դիպլոմով ու յոթ տարի աշխատեցի որպես շարքային ոստիկան: Աշխատում էի հերթապահ մասում, պատասխանում էի հեռախոսազանգերին:
Այդ տարիներին մի քանի անգամ դիմեցի ղեկավարությանը սպայի կոչում ստանալու հարցով, մի քանի անգամ մերժվեցի՝ միջնակարգ դպրոցի դիպլոմ ունենալու պատճառաբանությամբ, ասում էին՝ թեեւ առավելություն է կարմիր դիպլոմը, բայց հերթում կան բարձրագույն կրթությամբ դիպլոմներ ունեցող ոստիկաններ»:
Կարդացեք նաև
Մասնագիտական կյանքում կայանալու հարցում Նելլի Դուրյանին օգնել է նաեւ ճարտարապետ ամուսինը: Մեր հարցին, թե ձեր աշխատանքի պատճառով տարաձայնություններ չե՞ք ունեցել ընտանիքում, նա պատասխանեց. «Նման բան չի եղել, որովհետեւ եղել է ըմբռնում, փոխադարձ հարգանք, իմ ամուսինը գիտեր, որ շատ եմ սիրում իմ աշխատանքը, ընդհակառակը նա ինձ օգնել է, որ կայանամ: Այն ժամանակ ոստիկանությունում կանայք մատների վրա հաշված էին, շատ քիչ էին, մի քիչ այլ ձեւով էր նայվում՝ կինը ոստիկանությունում է, կինդ ոստիկան է, բայց եթե փոխադարձ վստահություն կա, բացառվում է կռիվ: Այլ հարց է, որ մայրս էր շարունակում վրաս խոսել, թե երեխաներ ունես, ով է այդքան աշխատանքի վայրում մնում, որ դու ես մնում, ես էլ եմ աշխատել, այդքան չեմ մնացել: Անընդհատ խոսակցություններ են եղել իմ ու նրա միջեւ »:
Տիկին Դուրյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվել այդքան երկար տարիներ մնալ իր աշխատանքին, իսկ վերջին տարիներին զբաղեցնել բարձր պաշտոններ տարբեր ղեկավարների օրոք:
«Այդ հարցը լավ կլինի տաք կոնկրետ ղեկավարին, որովհետեւ քո գնահատականը տալը սխալ է…բայց կարծում եմ, որ եթե աշխատողն իր տեղում է, եթե աշխատողն իր աշխատանքը լավ է անում, նվիրված է իր համակարգին, արատավորված չէ, հակաօրինական գործողություններ չի անում, բարձր է պահում ոստիկանի պատիվը, ինչու չպետք է աշխատի՝ անկախ նրանից՝ երբ է աշխատել ու որ ղեկավարների օրոք: Մենք այստեղ քաղաքականությամբ չենք զբաղվում, երբեւէ իմ ղեկավարները մեզ քաղաքականության մեջ չեն ներգրավել, ես արել եմ իմ աշխատանքը»:
Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում եղել են պահեր, երբ հիասթափվել է, բայց երբեք չի եղել, որ որոշի հեռանալ համակարգից. «Ես այն մարդկային տեսակն եմ, որ իրեն շուտ է հավաքում, այն որ այս հիասթափության պատճառով համակարգից որոշեմ հեռանալ, երբեւէ չի եղել»:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) պետ Նելլի Դուրյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ աշխատանքի շրջանակում որ պաշտոնյաների երեխաների հետ է առնչվել, ինչին նա հրաժարվեց պատասխանել:
Մեր հարցին, թե դուք ձեր երազած պաշտոնի՞ն եք, պատասխանեց, թե որտեղ նշանակեն իրեն, այնտեղ էլ կաշխատի ու այդպես միշտ է եղել, որտեղ նշանակել են, այնտեղ էլ աշխատել է: Մեր հարցին, թե երազած պաշտոն ունի՞, թե՝ ոչ, պատասխանեց՝ այդ մասին չի մտածել:
«Տարիներ առաջ ինձ առաջարկել են փոխնախարարի պաշտոն համակարգից դուրս, մեր ոստիկանությունում անձնագրային, քննչական բաժիններում բարձր պաշտոններ, բայց ես արդեն քրեական հետախուզությունում էի ու ես հրաժարվել եմ, որովհետեւ քրեական հետախուզությունն ինձ շատ հոգեհարազատ է»:
Մեր հարցին, թե ինչպես է միայն ոստիկանությունում աշխատելով իրեն հաջողվել այդ տարիների ընթացքում հարստանալ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող որեւէ պաշտոնյայի մասին խոսել: Ինչ վերաբերում է ինձ, ես ունեցել եմ ամուսին, որը աշխատել է ու իր ընտանիքը բավականին լավ է պահել, բացի այդ նա տարիներ առաջ նաեւ վաճառել էր իր հորական տունը Այգեձորում, ու մենք այդ գումարը խնայել ենք: Բացի այդ, ես ծնվել եմ Երեւանում, 1950 թվականին պապիկիս են տվել, պապիկս հողատարածք են տվել, նա տուն է կառուցել, հայրս շարունակել է երկրորդ հարկը կառուցել, հետագայում ամուսինս երրորդ ու չորրորդ հարկերն է կառուցել, առ այսօր ապրում եմ այդտեղ: Անպայման չէ փնտրել վաստակի գումար այլ աղբյուրներից, իմ տունը վարձակալության է տրված արդեն շատ երկար տարիներ, կարող եմ չէ՞ այդ գումարը հետ գցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ