Լրահոս
Օրվա լրահոսը

Կտամ կսատկես, այ լակոտ (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Ապրիլ 27,2019 22:30

Ի սրտե նվիրվում է Քաղաքացու օրվան

Մենք առավել համախմբված ենք ինքնաշրջափակում կազմակերպելիս և բացարձակ երջանիկ ենք մեր սեփական շրջափակումը հաղթահարելու տվայտանքներում: Արդեն անհիշելի ժամանակներից՝ գնացքներ չեն մտել Էրգիր (քելե Լաո), իսկ գիտակից քաղաքացիները շոգեքարշի նկարներ են կախել իրենց կացարանների պատերից, որպեսզի չմոռանան, թե գնացքն ինչ կարող է լինել: Այս սուր-կտրող պարագայում առանձնահատուկ կարևոր են համազգային տոները: Օրինակ՝ եթե այսօր շալվար կարողի օրն է, բոլորս շալվար ենք կարում՝ առանձնահատուկ ջանքեր թափելով, որ վերոնշյալ հագուստը լինի ճղճղված, անպայման ցույց տա, թե ով ինչ գույնի վարտիք է քաշել ջանին և անսահմանափակ ընդգծի հետույքային բարեմասնություններ:

Եվ կամ՝ եթե այսօր կանանց միամսյակն է սկսվում, բոլորս կին ենք դառնում տեսականորեն, որպեսզի հասկանանք, թե կին լինելը ինչ է ու հերոսական ինչ ջանքեր են պահանջվում գործնական դրսևորման մեջ: Ի դեպ, ոմանք այլևս չեն վերադառնում կանանց միամսյակից, ու երբ նրանց երեխաները լացուկոծ են բարձրացնում՝ հայրիկին որոնելով, պարզվում է…

– Լավ էլի՜, խնդրում եմ ասեք, երբ երեխաները լացուկոծ են բարձրացնում, ի՞նչ է պարզվում:

– Ես Ձեզ փակ նամակով ծանուցագիր կուղարկեմ, հարգելի քաղաքացի:

Եվ այսպես, մենք առանձնահատուկ երջանիկ ենք դառնում հատկապես այնժամ, երբ իմ պետության այրանման այրերը մոգոնում են այնպիսի տոներ, որոնք համազգային թշվառությունն են շեշտում հատկապես: Հիշում եք, չէ՞, թե քանի հոգի գլխատվեցին Ամանորի գիշերը, համազգային տոնածառի տակ:

– Ի՞նչ եք հիմար-հիմար դուրս տալիս, բոլորը SOS թատրոնի դերասաններն էին:

– Իսկ արյո՞ւնը:

– Արյունը պարտքով վերցրել էին դոնորներից:

– Այո, մարդը ճիշտ է ասում: Իսկ դոնորներին պարտքով վերցրել էին հիվանդանոցներից, որտեղ նրանք չէին ցանկանում արյունաքամ լինել հանուն փողի, բայց փող ցանկանում էին այնուամենայնիվ: Իսկ մեր երկրում, գիտե՛ք, փողի համար կա՛մ արյուն են տալիս, կա՛մ էլ արյուն են թափում:

– Զզվում եմ ձեզանից, բայց պիտի պատասխանեմ: Արյունը առայժմ թողնենք մի  կողմ: Դուրս է գալիս՝  SOS թատրոնի դերասանները հիմա դոնոր են աշխատում ակամա, որովհետև թատրոնն այլևս գոյություն չունի՞:

– Ինչպե՞ս գոյություն չունի: Անձամբ եմ լրբացել, անձամբ հրամայել եմ, որ փակեն,  ու անձամբ հետևել եմ, որ չփակվի: Դա որոշում չէր, այլ՝ հրաման, և այդ հրամանի ետևում, այո՛, դրված էր իմ որոշումը, երկտեղանոց մահճակալը, կապերիս բոլոր միջոցները, տոլմայի փոշին մաքրելու խոզանակը, զառանցանքներիս մատյանն ու ականջօղիս թայը, որովհետև մյուս թայը տարել էին դատափորձաքննության՝ իբրև իրեղեն ապացույց առ այն, որ իմ սեփականությունն է և սա նվեր եմ ստացել Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանից:

Այս գիշեր տոն է, հոգվույս կիրակի (Մ.Մ.), որից  հետո կսկսվի Քաղաքացու օրվա հանդիսավոր բացման արարողությունը:

Ահա կյանք է մտնում մեկ այլ համազգային տոն, որ կայացավ ավերակների վրա ինչպես թագավորելուց և թքով կպավ՝ պետության վերջին գրոշներն օգտագործելու օգնությամբ:

Ահա մի խումբ անթրաշ կնանիք ձուկ են մաքրում Հանրապետության հրապարակում՝ թեփուկները լայնամասշտաբ թափթփելով: Ահա պատերի տակ ավելորդ պառավներն ու բիձեքը գրոշներ են հաշվում՝ բռի մեջ պետական մտածողություն ու ֆալշ դեղահաբեր խառնշտորելով: Լխկած լոլիկի գույն ունեցող այս մարդիկ բժշկի օգնությամբ մեռնելու գումար չունեն,  իսկ բժշկի օգնությամբ բուժվելը երազանքների երազանքն է:

Ահա մի քանիսին պառկեցրել են այսուայնտեղ ու ոսկի ատամներն են քաշում բերաններից՝ վարկը չվճարելու հանգամանքով: Ահա արտասվում են մարդիկ, ովքեր բանտարկյալ են իհարկե, որովհետև նրանց գոտիները ձգել են ինքնաշրջափակման մեջ, և նրանք արտասվում են տանուլ տված կյանքեր, բնակարաններ, ընտանիքներ, թշվառ երեխաներ, թշվառ անուրջներ, թշվառ ապագա, թշվառ հայրենիք ու Վիկտոր Հյուգո:

– Իսկ, կներեք, մի բան հարցնեմ, այսօրվա համազգային տխրությունն ու ցնծությունը ինչի՞ հետ են խաչասերված:

– Կտամ կսատկես, այ լակոտ: Զոռով պարողներին տենո՞ւմ ես:

– Ը՜ը՜ը՜ը՜…. ոչ-այո տեսնում եմ:

– Հիմա խելոք-խելոք կգնաս ու կկռանաս 4 ժամ 35 րոպե շարունակ, որովհետև գալու են ազգիս երևելիները՝ որ հավալլա խաղան ու ցատկեն քեզ նմանների վրայով:

– Մեջքի վրայո՞վ:

– Այ այդ հարցի պատասխանը փակ նամակով կստանաս, ծրարը խնամքով կբացես ու կդնես թուղթը գծավոր շալվարիդ, իսկ արևը պայծառ շողեր կուղարկի պատուհանիդ ճաղավանդակից: Բայց հիմա…

… Բայց հիմա անջատվում ենք ազգովի ու գնում ենք համազգային տխմարության բարիկադներ կառուցելու:

– Մի հարց էլ ու՝ վերջ: Իսկ եթե տոնակատարության թեժ պահին փորցավ ունենանք հանկարծ, ի՞նչ ենք անելու:

– Բայց չէ՞ որ Ազգային ժողովի մակարդակով հայտարարված է նախապես ու գյադա-գյուդեքի մակարդակով ընդունված է վերջնականապես:  Ահա բոլորս շագանակագույն շալվարներ ենք հագնելու, որպեսզի հանկարծ չերևան հայրենասիրական մեր պոռթկումները, որ անպայման կհասունանան նեղանձնական թուլության պահերին, և թաց կլինեն մեր աչքերն ու հետույքները: Քաղաքացու օրեր են, կմթնեն, անց կկենան (Հ.Թ.):

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930