Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դպրոցներում ամեն տարի 15 միլիոն դրամի Սերժ Սարգսյանի նկար են «ճպացրել»․ Քաղաքացու օրվան Լևոն Բարսեղյանի ելույթը (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2019 16:38

Գյումրիում Քաղաքացու օրը սկսվեց ծառատունկով, «Իրազեկ քաղաքացի» թեմայի շուրջ հանրային քննարկմամբ, քաղաքի ամենագեղեցիկ փողոցում՝ Ռուսթավելիում «Արհեստների ու արվեստների» փառատոնով։ Տոնը շարունակվելու է  մի շարք մշակութային միջոցառումներով, ուշ երեկոյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնը ներկայացնելու է «Անուշ» օպերան։

Միջոցառումներին մարզային ու քաղաքային իշխանավորներից բացի մասնակցում էին «Իմ քայլը» դաշինքի Ազգային ժողովի պատգամավորները, ընդ որում ոչ միայն Շիրակի մարզից ընտրված․ այլ հյուրընկալվել էին Լիլիթ Մակունցը, Հայկ Գևորգյանը։ Գյումրիում էր նաև Արտակարգ իրավիճակների նախարար, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։

Շիրակի պետական համալսարանի բակում տեղի ունեցած հանրային քննարկմանը հնչեցին մի քանի ելույթներ։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ելույթում ասաց․ «Ես այնքան հին եմ, որ Շիրակի մարզի մի դատախազի եմ տեսել , Լիդա Նանյանի (խոսքը Շիրակի նախկին մարզպետներից մեկի մասին է, Ա․Ն․) կատարած բազմաթիվ հանցագործությունների մասով  քրեական գործ չհարուցեցին, ասացի՝ ինչո՞ւ  չհարուցեցիք, ասաց՝ ոչինչ Լևոն ջան, Աստված կպատժի։ Անցած տարի  ՀՔԾ-ի այն քննիչները, որոնք մեզ դնում էին բանտերը, ասում եմ՝ լավ չեք ամաչո՞ւմ, ժողովուրդ, ասում են՝ չեք պատկերացնում, հիմա, որ ինձ հրամայեն ինքս ինձ ձերբակալեմ, կալանավորեմ, անելու եմ։ Քննիչները դեռ աշխատում են ՀՔԾ-ում, ժողովուրդ ջան։ Այսինքն այն, ինչ տեղի ունեցավ ակտիվ փուլ համարենք հեղափոխության, հեղափոխությունն իրականում նոր է սկսվում, ըստ իս»։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ պիտի քաղաքական գնահատական տրվի անցած ռեժիմին։

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի Ազգային ժողովի մակարդակով հանրային լսումներ հրավիրվեն, քննարկվի լայնորեն և ազատորեն այն, ինչ տեղի է ունեցել անցած 30 տարիների ընթացքում և տրվի գնահատական Ազգային ժողովի որոշմամբ։Հանրությունն իր գնահատականը տվել և տալիս է, դա շատ կարևոր է այդ սխալներից խուսափելու համար։ Երկրորդը՝ վերջապես անցումային արդարադատության մասին խոսակցությունները կյանքի կոչելն է։ Համակարգային փոփոխություն, ոչ մի կոսմետիկա չի լուծելու անցումային արդարադատության խնդիրները։ Էդ քննիչներն ու դատախազները, որոնց մասին խոսեցի, մնալու են էլի էնտեղ, էգուց մյուս օր տեսականորեն եթե հանկարծ իշխանություն դառնա էնպիսի հետադիմական ռեժիմ, կամ հետադիմական ռեժիմը վերցնի իշխանություն, ինձ ասելու են՝ դե Աստված կպատժի էլի, կամ մի հրաման լինի, երեխեքիս էլ կբռնեմ, կդնեմ, կփակեմ, սրանք իրական պատմություններ են ցավոք։

Մենք դատական իշխանություն իրականում չենք ունեցել, մենք ունեցել ենք դատարաններ, դատավորներ, շենքեր, գույք, տեխնիկա, վարկեր, չգիտեմ ինչեր արդարադատության կայացման համար, բայց մենք իրականում դատական երրորդ իշխանություն չենք ունեցել։ Հիմա այդ ամբողջը լրջագույն բարեփոխման կարիք ունի և առանց անցումային արդարադատության հայեցակարգի մշակման ու ներդրման, դրանից բխող բազմաթիվ օրենքներ, զտում դատավորների և այլ, այլ, հնարավոր չէ։ Խոսքը բոլոր դատավորներին անմիջապես տուն ուղարկելու մասին չէ, որովհետև երբեմն նենգափոխում և այդպես են մեկնաբանում՝ վայ եկան սորոսներն ու մեկելները»։

Լևոն Բարսեղյանը ընդգծեց նաև կոռուպցիայի դեմ որակյալ պայքարի անհրաժեշտությունը։

Ըստ նրա, անհրաժեշտ է ձևավորվել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմիններ․ կանխարգելմամբ, հայտարարագրերով, էթիկայով զբաղվի մի մարմին, կոռուպցիայի բացահայտմամբ, քննություններով զբաղվի մեկ այլ մարմին։

4-րդ խնդիրը, ըստ բանախոսի, կրթության բարեփոխումն է։ Այս խնդիրը, ըստ նրա, զարհուրելի արմատներ ու հետքեր ունի մեր պատմության մեջ։

«Կրթության համակարգը հայեցակարգային բարեփոխման կարիք ունի Հայաստանում, որպեսզի այլևս ոչ մի պաշտոնյայի նկար չճպցվի որևէ կրթական հաստատության պատին և դրա տակով  12 տարի չանցնեն-դառնան երեխեքը։ Փոխանակ պատերը զարդարված լինեին, նկարազարդված լինեին գիտելիքներով՝ Մենդելեևի աղյուսակով, երկրաչափություն՝ Պյութագորաս, մյուս, մյուսը, մյուս, ճպցրել են ինչ-որ մեկի նկարը։ Այ մարդ, ինչի՞ եք  ճպցրել, կառավարության որոշում կա պարոն Բարսեղյան, դուք տեղյակ չեք, ասում եմ՝ մի հատ կգտեք այդ կառավարության որոշումը։ Մյուսն ասում է՝  կրթության նախարարի հրաման կա, ասում եմ՝ մի հատ գտեք, նայեք էլի, տասը տարի ման եկանք, այդ հիմքերը չկային։ Երկու տարի առաջ կրթության նախարարին հարցում գրեցի, թե կա՞ որևէ իրավական հիմք պաշտոնյաների նկարները պատերին ճպցնելու մասին, մարդը պատասխանեց պաշտոնապես, որ չկա որևէ իրավական հիմք։Չհանեցին մինչև ապրիլի 23-ը, ժամը 5-ը»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Նա նաև ասաց, որ նկարները 15 միլիոն դրամ են արժեցել։

«Մենք մի անգամ հաշվել էինք, միաժամանակ Հայաստանի բոլոր դպրոցներում էդ մի հոգավորի ճպցրած նկարի ծախսի հանրագումարը 15 միլիոն դրամ էր ու ամեն տարի նոր նկար էին ղրկում։ Պախանը թազա նկար էր ղրկում, ծերացել է, առաջ է գնացել կամ հետ է գնացել։ Մի խոսքով, կրթության համակարգի բարեփոխում, խայտառակ իրավիճակը պիտի արմատապես բարեփոխվի, կոսմետիկաներով բան չի լինելու, ասենք մի տեղ կոռուպցիոներ դասախոսին բռնելով՝ կրթության համակարգ չի բարեփոխվելու», -ասաց Լևոն Բարսեղյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930