Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենա ներկրող մոտ 15 000 քաղաքացի պատրաստվում է լուրջ գործողությունների․ «Փաստ»

Ապրիլ 27,2019 12:58
2020 թվականի հունվարից ավտոներկրողները, հետևաբար նաև մեքենա գնել ցանկացողները կանգնելու են լրջագույն խնդրի առաջ: Հաջորդ տարի ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, ինչը ենթադրում է, որ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով:Թերթի նախորդ համարում գրել էինք, որ մեր տեղեկություններով, այս հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ԵԱՏՄ կառավարությունների խորհուրդը ղեկավարող Տիգրան Սարգսյանի հետ՝ խնդիրը կառույցի ներսում բարձրացնելու նպատակով: Բացի դա, հաջորդ շաբաթ քննարկում է նախատեսվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե արդյոք իրենց հետ, որպես շահագրգիռ կողմի, պատկան որևէ մարմին հանդիպում կամ քննարկում կազմակերպե՞լ է այս հարցի առնչությամբ: Հովհաննիսյանն ասում է, որ կառավարությունից կամ էլ որևէ այլ գերատեսչությունից իրենց քննարկման չեն հրավիրել:

«Հանդիպել ենք բացառապես ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ: Առաջարկեցինք, որ այս հարցը բարձրացվի և մաքսատուրքերը ևս երկու տարով հետաձգվեն: Պարոն Մելքումյանը, որը մշտապես բարձրաձայնում է այս խնդրի մասին, կհորդորի կառավարությանը կոլեգիալ քննարկումների ժամանակ անդրադառնալ նաև ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրացնելու հարցին», – նշում է Տիգրան Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ավտոներկրողները դեռ շարունակում են հույսով ապրել և սպասել խնդիրների լուծմանը, որոնք, ընդ որում, վերաբերում են ոչ միայն մաքսատուրքերին:

Ավտոներկրողների միության նախագահն ըստ էության ինչ-որ առումով հաստատում է մեր այն տեղեկությունները, որ մեքենա ներկրող մոտ 15 000 քաղաքացի պատրաստվում է լուրջ գործողությունների. «Դեռ ոչինչ չենք ձեռնարկում, բայց խոսակցություններից, հանդիպումներից կռահում եմ, որ մեծ ակցիաներ են լինելու, որովհետև այս փոփոխությունների հետևանքով շատերը նաև գործազուրկ կդառնան: Ենթադրում եմ, որ հարցին լուծում չտրվելու դեպքում ցույցեր և ըմբոստություն կլինի»:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930