Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական անգամ պետական մակարդակով խրախուսվում է հասարակության բաժանումը․ «Ժամանակ»

Ապրիլ 27,2019 12:10

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը։ Ցանկացած նոր տոն հասարակության մոտ առաջացնում է հակասական, հաճախ՝ իրարամերժ զգացումներ, կոնկրետ դեպքում՝ առկա է նաև՝ քաղաքական, հանրային կոնսենսուսի բացակայության բաղադրիչը։

Ակնհայտ է, որ գործող իշխանությունը նպատակ ունի արժևորել անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ու այսօրվա տոնը, ըստ էության, հենց դրա մասին է։ Սակայն այս հարթության վրա առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, մեղմ ասած, չլսեցինք իշխանություններից։

Նախ՝ ակնհայտ է, որ նոր տոն հռչակելու հարցում պետք չէր տուրք տալ էմոցիաներին, էյֆորիային ու անհրաժեշտ էր գոնե մի քանի տարի սպասել, որպեսզի հասարակությունը ավելի սթափ, կշռադատված կարողանար գնահատել անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական, պատմական, սոցիալական, քաղաքակրթական հետևանքները։ Հեղափոխությունից նույնիսկ մեկ տարի անց դժվար է գնահատել դրա պատմականությունը, ազդեցությունը ու նույնիսկ իշխանությունները չեն կարողանում հստակ ձևակերպել այսօրվա տոնի բովանդակությունը, առաքելությունը ու բնականաբար՝ դա անել չի կարող նաև հասարակությունն՝ իր հակասական ընկալումներով։

Բացի այդ՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար թերևս նպատակահարմար էր, որպեսզի անցած տարի Հայաստանում տեղի ունեցած մասշտաբային իրադարձությունները գնահատվեին, արժևորվեին գոնե հաջորդ իշխանության կողմից, որն օրգանական կապ չէր ունենա հեղափոխական հարթակի հետ։ Այդ պարագայում՝ Քաղաքացու օրը թերևս կարող էր իր մշտական, կայուն տեղն ունենալ Հայաստանի պետական տոնացանկում։

Նիկոլ Փաշինյանի թիմի շտապողականությունը բացատրելի չէ քաղաքական բանական, ռացիոնալ փաստարկներով ու այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունն ընդամենն արժևորում է այն իրադարձությունը, որը դարձել է իր ձևավորման հիմքը։ Համաձայնենք, որ սա բնավ էլ ժողորդավարական պետության հատկանիշ չէ․ ակնհայտորեն հասարակությանը մատուցվում է մի տոն, որը քաղաքական նպատակահարամարության, սուբյեկտիվիզմի դրսևորում է։

Տոները կոնսոլիդացնող, հասարակությանը հաշտեցնող խորհուրդ ունեն, հենց դա է նրանց հիմնական առաքելությունը։ Հետհեղափոխական Հայաստանում նույնիսկ տոները չունեն այդ տրամաբանությունը ու, ըստ էության, տեղավորվում են «սևերի» ու «սպիտակների», հեղափոխականների ու հակահեղափոխականների հակադրության տրմաբանության մեջ։

Այսօրվա տոնն, ըստ էության, հեղափոխության կողմնակիցների տոնն է, իսկ ի՞նչ անեն մարդիկ, որոնք հիասթափվել են հեղափոխությունից կամ անգամ իսկ՝ չեն եղել դրա մասնակիցները։ Հերթական անգամ պետական մակարդակով խրախուսվում է հասարակության բաժանումը, բարիկադավորումը ու նաև թյուր տպավորություն է ստեղծվում, որ մեր Հանրապետության պատմության մեկնարկը տրվել է անցյալ տարվա թավշյա հեղափոխությամբ։

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930