Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունից հետո իրական աշխատատեղերի ավելացման առումով տեղաշարժեր գրեթե նկատելի չեն. «168 ժամ»

Ապրիլ 27,2019 10:48

Անցած տարվա հունվարից այս տարվա հունվար գրանցված աշխատողների թիվն ավելացել է։ Սակայն այդ մասին խոսելիս լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայացներ նաև աշխատատեղերի ավելացման ժամանակագրությունը։ Այդ դեպքում, իսկապես շատ բան կբացահայտվեր, որն այնքան էլ հեղափոխության օգտին չէ։ Ու քանի որ վարչապետը դա չի անում, ստիպված են մենք անել։

Այսպես` անցած տարվա հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցված է եղել գրեթե 510 հազար աշխատող։ Փետրվարին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 12 հազարով` գերազանցելով 522 հազարը։

Մարտին ևս, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր տվել հեղափոխության մեկնարկը, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 11 հազարով։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց հեղափոխության բուռն ժամանակահատվածում, մասնավորապես՝ ապրիլին, երբ իշխանության ղեկին դեռևս Հանրապետական կուսակցության ձևավորված կառավարությունն էր, աշխատատեղերն ավելացել են ևս 15 հազարով։ 2018 թ. ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 538 հազար աշխատող։

Այս թվերն իրար գումարելով՝ կստանանք, որ մինչ իշխանափոխություն, այսինքն` հունվարից ապրիլ, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 28 հազարով։ Սա մտնում է այն 50 հազար գրանցված աշխատատեղերի մեջ, որի մասին խոսում է վարչապետը։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է մայիսի 8-ից։

Ու երբ հայտարարվում է, որ անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվար աշխատատեղերը 50 հազարով ավելացել են, և դա հեղափոխության արդյունքն է, փաստերի, մեղմ ասած, ճիշտ մեկնաբանություն չէ։

Մայիսին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, Հայաստանում գրանցված է եղել 545 հազար աշխատատեղ։ Այս տարվա հունվարին աշխատատեղերի թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, 560 հազար է, ըստ վարչապետի՝ 562 հազար։

Անկախ նրանից, որ վիճակագիրների և վարչապետի թվերը գրեթե 2000-ով շեղվում են, դժվար չէ հաշվել, թե իշխանափոխությունից հետո քանի՞ գրանցված աշխատող է ավելացել։

Ըստ այդմ, կստացվի, որ անցած տարվա հունվարից մայիս գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում համալրվել է շուրջ 28 հազարով, իսկ մայիսից այս տարվա հունվար` շուրջ 22 հազարով (հաշվի առնելով Վիճծառայության և վարչապետի հրապարակած թվերի տարբերությունը` որոշ շեղում կարող է լինել)։

Ահա սա է աշխատատեղերի ավելացման վրա հեղափոխության ազդեցությունը։ Եվ դա ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը։

Հատկապես որ, աշխատատեղերի ավելացումը տեղի է ունեցել գերազանցապես ստվերի հաշվին։ Մի բան, ինչը սկսել է խոստովանել նաև Նիկոլ Փաշինյանը. «Առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղերն են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել։ Բայց, իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն։ Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել Հայաստանում»։

Ինչքան էլ հայտարարագրվող աշխատատեղերի թվի ավելացումը կարևոր է պետական բյուջեի համար, այնուհանդերձ շատ ավելի կարևոր է նոր աշխատատեղերի բացումը։ Իսկ այս առումով հեղափոխության հաջողություններն իսկապես տեսանելի չեն։

Ու որքան էլ ընդունենք, որ շատ դժվար է տարբերակել ստվերից դուրս եկած և նոր ստեղծված աշխատատեղերը, միևնույն է, իրականությունը թաքցնել հնարավոր չէ։ Իշխանափոխությունից հետո իրական աշխատատեղերի ավելացման առումով տեղաշարժեր գրեթե նկատելի չեն։

 

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930