Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տոնակատարություններից հետո դսեղցի տղայի կյանքը փոխվելո՞ւ է․ «Ազգ»

Ապրիլ 27,2019 10:37

Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում էր ընդունել «Քաղաքացու օրվա» տոնի կապակցությամբ պետական գանձարանից դուրս գրել 124 միլիոն դրամ…

Օրեր առաջ Դսեղ էինք գնացել, Թումանյանի գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծին այցի: Շրջում էինք գյուղում, փորձում պատկերացում կազմել, թե Թումանյանը ժամանակին ինչպես է վազվզել գյուղի փողոցներում, հյուղերի կտուրներին ու մերձակա հանդերում: Իրոք զորեղ նկարագող է Թումանյանը, քանի որ այն, ինչ մեզանից ոմանք աչոք տեսնում էին այդ պահին, մտոք տեսել էին մանկության տարիներին՝ «Գիքորի», «Անուշի», «Մարոյի» ու «զըռ չոբանի» միջոցով: Կարծես ոչինչ չէր էլ փոխվել: Բնակիչներն էլ լավն էին, մի քանիսի հետ հասցրեցինք շփվել ու կարճ մտերմություն ստեղծել: Գյուղում զբոսնելու ժամանակ, ցավոք սրտի, առերեսվեցինք նաեւ աղքատության հետ, իսկական, գյուղի աղքատության: Հանդիպեցինք մի փոքրիկ տղայի, որն իր ամբողջությամբ հաստատում էր Թումանյանի տողերը.

«Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց,

Էն էլ հրեն հա՜- երկնքից կախված:

Մի մարդ որ նրա երեսը պահի`

Նըրա ապրուստը ի՞նչ պիտի լինի»:

Ես նույն վայրկյանին հիշեցի, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ մեր կառավարությունը որոշել է պետական տոներն ավելացնել եւս մեկով՝ «Քաղաքացու օրով», եւ ընդամենը մի քանի օր առաջ հավանություն տվել այդ օրը 124 միլիոն դրամ ծախսելու անմարդկային առաջարկին:

Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանումՙ ո՞րն է այդ քաղաքացու օրվա իմաստը, որովհետեւ, որպես քաղաքացի, ես իմն եմ համարում տարվա բոլոր օրերը, եւ կարիք չկա դրանցից որեւէ մեկն առանձնացնելու. տարվա օրերը մարդիկ չեն, ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ, իսկ նախկին իշխանություններին որեւէ բան ապացուցելու համար օրացույցի օրերից մեկը կարմիրով նշելը խոհեմ որոշում չէ:

Բացի այդ՝ խորությամբ չեմ ընկալում՝ ինչպե՞ս է ծախսվելու այդ գումարը, գունավոր փուչիկների ու տարբեր ծավալի շշերով շամպայնների վրա՞, թե՞ հրավառությունների ու «կիսառաբիզ դասական» երաժշտության: Եվ ամենակարեւորը՝ ովքե՞ր են օգտվելու այդ ամենից, այն երեխաները, ովքեր ամեն ամանորի ժամանակ նեղանո՞ւմ են իրենց ծնողներից, քանի որ վերջիններս հնարավորություն չունեն որեւէ գույնի փուչիկ ու հրավառություն գնելու, թե՞ հենց նույն ծնողների, որոնք արդեն երկար տարիներ իրենց Ամանորի սեղաններին շամպայն չեն դրել, եւ այն պայթեցնելուց հետո չեն վայելել իրենց երեխայի աչքերի փայլը…

Լավ, անդրադառնանք Դսեղին ու փոքրիկ դսեղցուն: Այդ պատանին, որը, վստահ եմ, դասվում է վերոհիշյալ՝ վերջին խավի երեխաների ցանկին, որի հայրն ու մայրը դասվում են վերոհիշյալ ծնողների դասին, օգտվելո՞ւ է այդ 124 միլիոն դրամից: Ինչպե՞ս է օգտվելու: Այդ տոնակատարություններից հետո նրա կյանքը փոխվելո՞ւ է, նա ամեն օր կարողանալո՞ւ է կուշտ փորով հաց ուտել, նրա կարկատված շորերը փոխվելո՞ւ են, իսկ ոտքերի մի քանի չափս մեծ ճտքակոշիկնե՞րը:

 

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930