Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստավորելու համար ժամանակ է պետք

Ապրիլ 27,2019 10:00

Ես դեմ չեմ Քաղաքացու օրը նշելուն: Ընդհանուր առմամբ դա ճիշտ գաղափար է: Պարզապես պետք չէր այդ հարցում շտապել: Որոշակի ժամանակ է պետք մեկ տարի առաջվա իրադարձությունները իմաստավորելու համար, որպեսզի պաշտոնական ձեւակերպումները՝ «թավշյա», «ոչ բռնի», «սիրո եւ հանդուրժողականության», «աննախադեպ», երբեմն նաեւ՝ «համաշխարհային նշանակություն ունեցող» բառերն ու բառակապակցությունները պատմական իմաստ ստանան:

Իդեալական կլիներ, եթե նման օր հռչակեր ոչ թե այս, այլ հաջորդ իշխանությունը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ հեղափոխական կառավարությունը ինքն իրեն փառաբանում է եւ նշում է իր հաղթանակը: Եթե հաջորդ, հերթական խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխող քաղաքական ուժը պարտվի եւ խաղաղ հեռանա, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ 2018 թվականի հեղափոխությունը հաղթել է, եւ այդ դեպքում կարելի է լիաթոք նշել Քաղաքացու օրը:

Իսկ այդ պարտությունն, ինձ թվում է, անխուսափելի է, որովհետեւ որքան էլ լավ աշխատի ներկայիս կառավարությունը, 4,5 տարի հետո մեր քաղաքացիների մեծ մասը շարունակելու է աղքատ ապրել: Այսօր «եթե պարտվենք, գնալու ենք» իշխանության խոստումն առանձնապես գին չունի. ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն նույնպես ասում էին՝ «եթե ժողովուրդը որոշի, մենք կգնանք», բայց իրականում չէին ընդունում ժողովրդի որոշումը եւ ձեւ էին անում, որ չեն պարտվել: Ի դեպ, հիմա էլ են նրանք պնդում, որ հաղթել են բոլոր ընտրություններում՝ «այո, եղել են առանձին թերություններ, բայց ընդհանուր առմամբ…»:

Ասածս ամենեւին չի նսեմացնում այն, ինչ արվել է մեկ տարի առաջ: Եվ այստեղ ուզում եմ հիշել մի հատկանշական պատմություն, որը ժամանակին ներկայացրել եմ: Նախորդ (ոչ այս՝ վերջին) ընտրություններից մեկի ժամանակ մի աղջիկ որոշել էր բարեխղճորեն աշխատել որպես վստահված անձ եւ կասեցնել իրավախախտումները: Երբ ընտրակեղծարարները սկսեցին անել իրենց սեւ գործը, իսկ աղջիկը սկսեց ընդվզել, նրան մեկուսացրին եւ զանգեցին ծնողներին, որոնք աշխատում էին պետական հատվածում եւ որոնց վրա լծակներ ունեին:

Ծնողները սկսեցին պահանջել, իսկ այնուհետեւ աղաչել-պաղատել աղջկան, որ նա տուն վերադառնա, ինչը եւ ի վերջո տեղի ունեցավ՝ նա չէր ուզում, որ ծնողները զրկվեն աշխատանքից: Սակայն ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ էր եկել ոստիկանություն, եւ աղջկան կանչում են հարցաքննության: Քանի որ ոստիկանությունն ընտրակեղծարարների հետ «օրթաղ էր», հարցաքննությունը հատուկ վարում են հանցագործությունը կոծկելու նպատակով, եւ աղջիկը, դարձյալ վախենալով ծնողների համար, ցուցմունք տվեց, որ պարզապես վատ էր զգացել ու գնացել էր տուն:

«Ինչպես էի ես ինձնից զզվում», – պատմում է այդ աղջիկը:
Ահա այստեղ պետք է փնտրել ամենակարեւոր փոփոխությունը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Մարդիկ (համենայնդեպս, մեծ մասը եւ առաջին հերթին՝ երիտասարդները) դադարեցին իրենք իրենցից զզվել, նրանց մեջ արթնացավ քաղաքացիական արժանապատվությունը: Արդյո՞ք դա ժամանակավոր, թե՞ մշտական փոփոխություն է: Կախված է մարդկանցից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդարեւ, էական շտապողականությունը այն է որ, Քաղաքացիի Օր է ոգեկոչւում, երբ որ տակաւին պետությունը լրիւ կազմուած չէ: Այս տօնը կը միտի ուրեմն ծածկելու պետութեան թերաճ վիճակը: Կամ աւելի վատ՝ այն պատրանքը ստեղծելու թէ Հայոց Պետութեան կազմաւորումը արդէն լիովին աւարտած է, եւ պահն է արդէն Քաղաքացին ճանաչելու, շնորհաւորելու: Այլ խօսքով, այստեղ «արօրը եզին առջեւէն կապելու» հարց մը կայ, երեւի… Հողը մշակելու համար, լաւ գաղափար չէ:

    Եթէ, անկեղծօրէն ու պարզապէս՝ տօնէին անցեալ տարուայ քաղաքական իրադարձութիւններու տարեդարձը, բնական կ’ըլլար: Վերջապէս, տպաւորիչ յաղթանակ տարին, իրաւունք ունին տօնելու: Սակայն ինչո՞ւ նորէն «խոշորացնել» իրականութիւնը: Թէեւ համոզուած են որ Արցախի ազատագրումէն աւելի կարեւոր էր իրենց կատարածը…

  2. Gagik says:

    Լավ են աշխատել թե վատ արդյունքներով պիտի դատվի։ Եթե ասենք 2018-ի տվյալներով աղքատ են 25,2տոկոսը, 2022-ին էտ թիվը պետքա է լինի 15․2տոկոսից ոչ ավել ոնց որ խոստացել են։

    Իսկ տենց պատմություններին ճիշտն ասած էդքանել չեմ հավատում։
    Ես 1996 ին պայքարել եմ ընտրակեղծարարների դեմ։ Իմ հայրնել պետական ապառատւմ էր աշխատում, բայց գիտեյի որ ոչ մեկել իրան չի կարա հանի գործից առավել եվս իրանից ոչինչ չներկայացնող տասովչիկը։
    Էտ կարա լինի եթե ձեր հերոսի ծնողները էդքանել ազնիվ մարդիկ չեն եղել։ Ազնից մարդը երբեք վախենալու բան չի ունեցել էս երկրում։

  3. Սուրեն says:

    Ի՞նչ է նշանակում Քաղաքացու օր: Այսինքն պետությունը եւ սահմանադրություն չեն ապահովում քաղաքացու սահմանադրական իրավունքները եւ մենք հիմա հայտարարում ենք, որ այդ օրը դուրս ենք գալու փողոց եւ պահանջենք այն, ինչը չի ապահովում քաղաքացուն այսօրվա սահմանադրությունը, կամ հաստատենք այն, ինչը ամրագրված է սահմանադրությամբ: Քաղաքացին պետության անդամն է սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով եւ պարտականություններով: Լավ կլիներ, եթե նշելու անհրաժեշտություն կա եւ պետք է լինի, նշել Սահմանադրության օրը: Թե չէ այնպես է ստացվում, կարծես ասենք “քաղաքացին մեղք է, էսքան բան արեց, բա չասենք ապրես:”

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930