Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը գիտի, իսկ իշխանությունը պատրա՞ստ է»

Ապրիլ 27,2019 14:00

Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ «այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»: Մենք պետք է պատկերացնենք` 50, 100 տարի հետո ի՞նչ պետք է լինի Ղարաբաղի հարցը»:

– Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հստակ պետք է ձեւակերպվի` ինչպե՞ս ենք տեսնում Արցախի հարցի լուծումը եւ դա պետք է անենք ազգովին` յուրաքանչյուրս զգալով եւ կրելով պատասխանատվության մեր բաժինը: Որ հայկական պետությունները հստակ պետք է ձեւակերպեն Արցախի հարցի լուծման տեսլականը`դրա մասին Դուք բազմիցս եք հայտարարել: Ազգովին հարցի տեսլական ձեւավորելու հետ համամի՞տ եք, ի՞նչ կերպ պետք է դա արվի, ինչպե՞ս պետք է ընդհանրությունները մեկ դաշտ բերվեն, յուրաքանչյուրի պատասխանատվության բաժինն ինչպե՞ս կամ ո՞վ պետք է որոշի:

– Ժողովուրդը, քաղաքացիներն, իրոք, պետք է պատվիրակեն, հանձնարարեն գործող իշխանությանն իրենց ցանկությունն ու պահանջը` արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով: Նաեւ վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե ժողովրդի, քաղաքացիների խնդիրն է իրենց այդ ցանկությունը, պահանջը հստակորեն ձեւակերպելը, ապա գործող իշխանության առաջնային պարտականությունն է այդ պահանջը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ծրագիրը մշակել եւ հետեւողականորեն քայլեր կատարել այն կյանքի կոչելու համար: Ամեն բան այս առումով շատ պարզ է՝ մարդիկ ձեւակերպում են պահանջը, իսկ իշխանությունն էլ այդ պահանջը պետք է կատարի գործնականում: Իշխանությունն իսկապես պետք է իմանա, թե մարդիկ այս հարցում ի՞նչ հանգուցալուծում են ուզում, որպեսզի իր լիազորությունների սահմաններում կարողանա սեփական ժողովրդի, քաղաքացիների անունից համապատասխանաբար բանակցի: Կփորձեմ հստակ ձեւակերպել, թե ի՞նչ արդյունք է պահանջվում ՀՀ գործող վարչապետից կամ նրան հաջորդած ցանկացած ղեկավարից Արցախի մասով: Հայ ժողովրդի ու մեր քաղաքացիների գլխավոր նպատակն այն է, որ վերջնարդյունքում Արցախը, դե յուրե, միանա Հայաստանին այնպես, որ այդ միացումը ճանաչվի միջազգային հանրության եւ, գուցե, որպես լավագույն տարբերակ, նաեւ Ադրբեջանի կողմից: Ընդ որում, այդ միացումը պետք է տեղի ունենա առանց Արցախի հաշվին արվելիք տարածքային զիջումների: Ավելին՝ այն պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Ու թող ոչ մեկը հիմա չասի, որ մեր ժողովրդի այսօրինակ ցանկությունը, պահանջը լինելիք բան չէ՝ գործող իշխանության պարտականությունն է պահանջվող լուծման ապահովումը: Իսկ թե ինչպե՞ս նա պետք է դա անի, դա էլ առանձին հարց է, որն իր պատասխանը եւս ունի:

– Ուշագրավ էր, որ Վիեննայում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, անմիջապես, ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ եւ ԱՀ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, հումանիտար բնույթի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Դրանից հետո, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց հաջորդ հանդիպման` արդեն ԱՄՆ-ում, կայանալու մասին: Այսպիսով, «առաջին ջութակի» մրցակցությո՞ւն է գնում գերտերությունների միջեւ, թե՞ հստակ եւ համաձայնեցված աշխատանք կա:

– Եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակներում հակված են այն կարծիքին, որ, օրինակ, Լավրովի ծրագրի իրագործմանը ԱՄՆ-ն չի աջակցելու: Այդուհանդերձ, ձեւական առումով, հանդիպումները հերթականությամբ տեղի են ունենում ԵՄ, ՌԴ եւ ԱՄՆ տարածքներում, ինչը ցույց է տալիս, որ, գոնե առերեւույթ, միջնորդների միջեւ որոշակի պարիտետն ապահովված է:

– Շատ վերլուծաբաններ, Մոսկվայի հանդիպման համատեքստում, կարծում են, որ գործ ունենք «Լավրովյան պլանի» վերակենդանացման փորձերի հետ: Նման պաշտոնական հերքումներ կամ հաստատումներ չկան: Մինչդեռ, մինչ Վիեննայի հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր կետից: Կարելի՞ է փաստել, որ մեկտարյա պտույտը կրկին բանակցությունները վերադարձնում են Սերժ Սարգսյանի թողած կետին:

– Առայժմ որոշակի փոփոխության է ենթարկվել միայն պաշտոնական Երեւանի քաղաքական հռետորաբանությունը, ինչը ես, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում: Սակայն մեր հռետորաբանության փոփոխությունն առայժմ չի հանգեցրել բանակցային գործող ձեւաչափի կամ օրակարգի իրական փոփոխության: Կարելի է ասել, որ վարչապետ Փաշինյանը սկսել է ջանքեր գործադրել նախորդ բանակցողների թերացումների արդյունքում առաջացած բացասական իներցիա ունեցող գործընթացին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ, բայց այդ ջանքերն առայժմ առարկայական արդյունք դեռ չեն տվել:

– ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրանք առաջադրեց` իրեն մարդու իրավունքների պաշտպան եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ջատագով հայտարարած միջազգային այդ կառույցին` ասելով, որ ԵԽԽՎ-ն «զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին», նաեւ մեղադրեց ԵԽԽՎ-ին` 2016-ի պատերազմական գործողություններն անուղղակիորեն հրահրելու մեջ, խոսեց «օկուպացիա» հասկացության անհեթեթ լինելու մասին: Փախստականների խնդրի մասին, սակայն, Նիկոլ Փաշինյանն էլ չխոսեց: Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած հարցերը, ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Ինչո՞ւ է Հայաստանի հերթական ղեկավարը շարունակում լռել փախստականների խնդրի մասին:

– Միանգամայն համաձայն եմ վարչապետ Փաշինյանի կողմից ԵԽԽՎ-ին ուղղված հանդիմանանքների հետ: Իսկապես, այդ կառույցի գործունեության շրջանակներում պատրաստված ստահոդ զեկույցները կարող ենք գնահատել՝ որպես Ադրբեջանի կողմից 2016 թվականի Ապրիլյան պատերազմը նախաձեռնելու ծրագրի կարեւորագույն քարոզչական հիմնատարրերից մեկը: Արդարացի է նաեւ Արցախի հասարակական կազմակերպություններն անտեսելուն վերաբերող մեղադրանքը: Ինչ վերաբերում է փախստականների խնդրին, ապա իսկապես տեսանելի է, որ վարչապետ Փաշինյանն, իր նախորդների օրինակով, լռության է մատնում Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկված ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցների հիմնահարցը: Հանուն արդարության պետք է ասեմ, որ այդ հարցը բազում քաղաքական, տնտեսական ու բարոյական նրբերանգներ է պարունակում եւ անգամ դրանով անմիջականորեն զբաղվողներից շատերը լիարժեքորեն չեն կարողանում գնահատել դրա հետ կապված ինչպես դժվարությունները, այնպես էլ մեզ համար շատ կարեւոր արդյունքներ ստանալու իրական հեռանկարը: Այդուհանդերձ, հերթական անգամ ուզում եմ կրկնել իմ պնդումը՝ Ադրբեջանից բռնագաղթված հայության հիմնահարցն անհնար է լինելու շրջանցել բանակցային գործընթացի համատեքստում եւ այն դառնալու է բանակցային օրակարգի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը:

– Շատ է քննադատվում հայկական կողմի` հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հայտարարությունները, մանավանդ, Ադրբեջանից չդադարեց այն հայտարարությունների ֆոնին, որ Արցախի բոլոր բնակավայրերում ադրբեջանական դրոշ պետք է լինի, եւ, մանավանդ, որ հայկական հասարակությունը պատրաստ է խաղաղության: Պարադոքս չէ՞. խաղաղության մասին քարոզ չի արվում պատերազմով սպառնացող կողմին: Միայն նախօրեին Ադրբեջանի մեջլիսի խոսնակը զգուշացրել էր պատգամավորներին` զգույշ լինել պատերազմի կոչերում, քանի որ պետք է հաշվարկել, թե իրենք ի՞նչ են դրանից շահում, մանավանդ որ, իրենց ղեկավարը հստակ հայտարարել է` «մեր տարածքային ամբողջականությանը ոչինչ չի սպառնում»:

– Թող իրենք խոսեն պատերազմից, իսկ մենք խոսենք խաղաղությունից: Բայց մենք պետք է խաղաղության մեր այդ ձգտումն առավել հիմնավոր դարձնենք ամեն վայրկյան պատերազմի մեջ մտնելու եւ հաղթելու մեր պատրաստակամությամբ, որն անհրաժեշտ է շատ տեսանելի դարձնել ինչպես հակառակորդի, այնպես էլ միջազգային հանրության համար: Դրա համար մեր բանակը պետք է լավ սպառազինված լինի, սպայակազմն ու շարքայինները՝ արհեստավարժ, իսկ մարտական ոգին՝ շատ բարձր:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

26.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930