Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի բանակցած Մեղրիի փոխանակման տարբերակը

Ապրիլ 27,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Մեղրիի փոխանակման գոյությունը փաստում է նախկինում համանախագահների հետ դրա շուրջ բանակցած ՀՀ պաշտպանության նախարարը

Ովքեր մոռացել են Քոչարյանի իշխանավարման տարիներին նրա բանակցած ղարաբաղյան կարգավորման առաջարկները` հիշեցնենք, թե որքանով էին այդ առաջարկները Հայաստանի ու Արցախի համար հայանպաստ: Նաեւ հիշեցնենք, որ Քոչարյանը մինչեւ 1998թ. խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով եւ 8 հազար քառկմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել:

1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին, Ադրբեջանին եւ ԼՂՀ-ին ներկայացրեցին «Ընդհանուր պետություն» կոչվող կարգավորման առաջարկները, որոնք Երեւանը եւ Ստեփանակերտը վերապահումներով ընդունեցին, իսկ Բաքուն մերժեց:

ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի եւ կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ արդեն Քոչարյանի օրոք առաջարկած` 1998թ. «Ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել են:

Նախ` փաստենք, որ «Ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր, հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, եւ այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:

Այսինքն, թեեւ Քոչարյանը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառկմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել` «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց, այսինքն, ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը հետին պլան էր մղվում:

Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա` «Ընդհանուր պետություն»-ում Լեռնային Ղարաբաղն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը հետեւյալ կերպ էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին: «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում:

Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն՝ ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Մյուսը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:

Հաջորդ ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Եզրակացությունը մեկն է. Քոչարյանն իր նախորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի բանակցածի համեմատությամբ էականորեն ավելի էր թուլացրել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում, համաձայնություն տալով ոչ բարենպաստ առաջարկների: Ավելին` նրա պատրաստակամությունը ընկալվեց Ադրբեջանի կողմից. Բաքուն մերժեց «Ընդհանուր պետությունը»` ավելի մեծ «ախորժակ» ունենալով:

Ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց «Ընդհանուր պետության» առաջարկը, եթե այն այդքան ոչ հայանպաստ էր, կարող է հարց ծագել: Բացատրությունը պարզ է. Ադրբեջանի ախորժակն ավելի մեծ էր, Քոչարյանից սպասելիքներն ավելին էին: Հետագայում դրանում էլ համոզվեցինք՝ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկման առարկա եւ Քոչարյանի օրոք առաջ եկավ չարաբաստիկ` «Մեղրիի տարբերակը»:

Եթե այս ամենին հավելում ենք Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու Քոչարյանի դիվանագիտական «ձեռքբերումը», ապա կարելի է համոզվել, թե որքանով էին հայանպաստ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները Արցախի ու Հայաստանի համար:

Այսօր միմյանց հերթ չտալով մարդիկ սկսել են «բացառել», որ Քոչարյանը կարող էր բանակցել Մեղրիի տարբերակի շուրջ, մոռանալով, որ կան այդ տարբերակի շուրջ քննարկումների մասնակցած հայաստանցի պաշտոնյաներ:

Ապրիլի 16-ին 24TV-ի եթերում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին խոսակցություններին, ասել է, որ անձամբ է այդ թեմայով քննարկում ունեցել համանախահագող երկրների ներկայացուցիչների հետ:

Հարցին, արդյո՞ք կապ տեսնում է Մեղրին Լաչինով փոխանակելու եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ, Հարությունյանը պատասխանել է, որ այո, հնարավոր է, որ նման կապ լինի, որ պետք է ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններն ու հասկանալ: ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ասել է. «Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունը անպայման պետք է բացահայտվի: Սա ոչ միայն իրավական պետություն ունենալու անշրջելի հրամայական է, այլ նաեւ միտված է կանխարգելելու ապագայում նմանատիպ ահաբեկչությունների իրականացումը»:

Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-2000թթ. Հայաստանի պաշտպանության նախարարն էր, պատմում է իր պաշտոնավարման ընթացքում համանախագահների եւ իր միջեւ կայացած բանակցությունների մասին, որոնք փաստում են Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը: Վաղարշակ Հարությունյանը՝ որպես այդ բանակցություններին մասնակից պաշտոնյա, մասնավորապես բառացիորեն հայտարարում է հետեւյալը.

«Ես հանդիպել եմ համանախագահների հետ, քննարկվել է այդ հարցը երկու անգամ՝ Մեղրիի տարբերակը»,- նշում է նա, եթերում ցուցադրելով իր՝ ավելի վաղ հրապարակված հարցազրույցները մամուլում՝ համանախագահների եւ իր լուսանկարներով: «Բացի այդ, կա տեսաերիզ՝ արված պաշտպանության նախարարությունում՝ բնականաբար»: Ի՞նչ է քննարկել համանախագահների հետ Վաղարշակ Հարությունյանը, հարց է ուղղում հաղորդավարը: «Քննարկվել է ամբողջ Մեղրիի շրջանի փոխանակումը՝ ամբողջ: Դա առաջին տարբերակն է եղել, երբ համանախագահները հանդիպեցին մեզ հետ հոկտեմբերի 27-ից հետո: Երբ որ մենք հայտարարել ենք, որ այդ տարբերակը չի համապատասխանում Հայաստանի շահերին եւ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, որոշ ժամանակ անց եղել է երկրորդ հանդիպումը, երբ որ ինձ առաջարկել են տարբերակ, որը ոչ թե Մեղրիի ամբողջ շրջանի փոխանակում էր ենթադրում, այլ՝ կեսը… Դա կոչվում էր այսպես՝ զրոյական կետով: Ես դա նույնպես ասել եմ, որ չի համապատասխանում (նկատի ունի՝ չի բխում ՀՀ շահերից, խմբ): Դրանից հետո բանակցային գործընթացն ավարտվել է՝ Մեղրիի հարցով: Ես այլեւս չեմ հանդիպել համանախագահների հետ, եւ երբ որ մայիս ամսին մենք դուրս ենք գալիս, համանախագահները շարունակում են հանդիպումները: Այդ ժամանակահատվածը, երբ ես պաշտոնավարել եմ՝ համանախագահների հետ իմ երկու հանդիպումներից հետո՝ եղել են այլ գործընթացներ. Ես եղել եմ Ռուսաստանում պաշտոնական այցով, այնտեղ ունեցել եմ բանակցություններ եւ զրույցներ Մեղրիի տարբերակով՝ ռուսական կողմի առաջարկով, ես դրան կանդրադառնամ, ճիշտ ժամանակին է պետք դրա մասին ասել: Եվ եղել են նաեւ այլ հանդիպումներ», -նշում է Վաղարշակ Հարությունյանը:

(Վաղարշակ Հարությունյանը պատմում է իր եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջեւ Մեղրիի փոխանակման հարցով բանակցությունների մասին, դիտել՝ 12-րդ րոպեից)

Ի դեպ, նա մի ուշագրավ դիտարկում էլ է անում. իրենց հրաժարականից հետո, որպես Մեղրիի տարբերակը մերժողներ, թե ինչպես են այդ քայլը ողջունել Ադրբեջանն ու Վրաստանը: «Այս մասին այդ թվականների մամուլում կարելի է գտնել այդ հայտարարությունները: Նրանք ողջունում են, եւ հույս են հայտնում, որ այդ քայլը կնպաստի, որպեսզի Ղարաբաղի հարցը արագ լուծվի: Ավելին ասեմ՝ թող ծանոթանան այդ ժամանակվա Ադրբեջանի պետքարտուղար Վաֆա Գուլուզադեի հայտարարություններին: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Նամազովը եւ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որոնք այդ ժամանակ հրաժարական են տվել՝ հայտարարելով, որ՝ «մենք հրաժարական ենք տվել Մեղրիի փոխանակման պատճառով»,- պատմում է Վաղարշակ Հարությունյանը՝ կրկին նշելով, որ պետք է ուսումնասիրվի որպես վարկած՝ Մեղրիի փոխանակման եւ Հոկտեմբերի 27-ի՝ որպես գործոններից մեկի միջեւ հնարավոր կապը:

Քոչարյանի պաշտպաններին մարդկայնորեն կարելի է հասկանալ, եթե նրանք անազատության մեջ գտնվող մարդուն պաշտպանում են: Սակայն անհասկանալի է, եթե չասենք ծիծաղելի է ղարաբաղյան կարգավորման պատմությունը խեղաթյուրելու նրանց ձգտումները: «Արցախի հանձնումը» խոչընդոտող Քոչարյանից նախեւառաջ արժե բացատրություն պահանջել նրա կողմից բանակցած ոչ հայանպաստ տարբերակների համար:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Իրական մարտական գեներալները Բաբայան, Օհանյան, Կոմանդող Քոչարյանի կողմից են։ Քոչարյանի դեմ խոսում են պատերազմի ժամանակ թիկունքում թալանով զբաղվող ասֆալտի գեներալներն ու փոխնախարաները Վաղարշակ, Վահան, Անդրանիկ։
    Ապացույց կա որ Մինսկի խումբը իրանից ոչինչ չներկայցնող ասֆալտի գեներալ Վաղոյի հետ ինչ որ բաներ բանակցում՞

    Էդքանով ամեն ինչ ասվածա։

  2. Հ.Շ. says:

    Ձեր վերնագիրը արդէն սխալ է: Սխալ:

    Եւ ով որ հաստատում է զայն, իրականութիւնը չի ասում: Կամ ճարպիկօրէն խեղաթիւրում է զայն, կամ ել դիտումնաւոր կերպով անճիշդ լուր է տարածում: Չգիտեմ որն է պարագան վերեւ նշուած անձին:

    Ստորագրեալը լաւապէս տեղեակ է Արցախի Հիմնախնդրի լուծման այն տարբերակին, ուր Մեղրիի մասին մի կէտ կար: Ամէն անգամ որ այդ մասին խոսւում, գրւում է, այդ տարբերակին մասին է խօսքը:

    «ՄԵՂՐԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ» մասին Ո՛Չ ՄԷԿ բան չկար համաձայնագրի այդ նախնական սեւագրութեան մէջ:

    Մեղրիի վերաբերող մասը այն էր թէ՝ ճանապարհային գիծ մը կ’ուզէին ազերիները, Հայաստանի այդ շրջանէն անցնող, մինչեւ Թուրքիայ:

    Ճանապարհի մը մասին էր խօսքը, ոչ թէ Մեղրին տալու կամ առնելու: Միջազգային պատշած հսկողութեան տակ ճանապարհ մը:

    Ամէն դէպքում, ի միջի այլ տարբերակներու, այս մէկին ալ նպատակը, մեր կողմէ, միայն ժամանակ շահիլն էր: Պէտք եղած ներքին, ներազգային գործընթացով, այդ «մտային մարզանքն» ալ ալ փաստօրէն ոչինչ արտադրեց: Օրուայ Նախագահը յաջողեցաւ այդ ծուղակէն ալ խուսափիլ: Իր ծանօթ վարպետութեամբ եւ ճարպիկութեամբ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://haytougchamlian.blog/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930