Երեւանի կենտրոնում, Պուշկինի 70 հասցեի երկհարկանի առանձնատանը հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետների` քանդակագործ Արա Սարգսյանի եւ նկարիչ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանն է: Այստեղ են վարպետները տասնյակ տարիներ ընտանիքների հետ ապրել ու ստեղծագործել:
Տուն-թանգարանը, որտեղ պահվում են 500 ցուցանմուշներ, կարծես անտեսված է: Տնօրենը՝ Աննա Սարգսյանը, Արա Սարգսյանի թոռնուհին է, ասում է՝ «Չէ, չէ, թանգարանն անտեսված չէ»: Բայց այն տարեկան ունենում է ընդամենը 2000 այցելու: Սարգսյանն ասում է՝ «Քիչ է, բայց…»:
Շենք ներս մտնելիս, իհարկե, առաջինն աչքի են զարնում վարպետների գործերը, բայց խոնավ պատերն ու հնամաշ, «ճռճռացող» մանրահատակը շեղում են: Շենքը կառուցվել է 1936 թվականին, տնօրենն ասում է՝ 80 ականներից հետո երբեք հիմնանորոգում չի կատարվել:
Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր իր տիկնոջ հետ այցելել էր թանգարան: Նա էլ նկատեց ու խոսեց թանգարանի շենքի վիճակի մասին: Նախագահն անակնկալ ուներ. նախատեսում է նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել ու այս թանգարանից էլ նմուշներ են տեղափոխելու նստավայր՝ ժամանակավոր ցուցադրության: Ներկայացնելու են 4 արվեստագետների գործերը, որոնք, ինչպես նախագահն ասաց, ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել.«Կոջոյան եւ Արա Սարգսյան, Ռաֆայել Իսրայելյան եւ Արա Հարությունյան»:
Կարդացեք նաև
Նախագահի այցը տնօրենի համար հուսադրող էր, ասում է՝ «Նա ասաց՝ կամաց-կամաց կանենք, անհոգ եղեք: Հույսեր ունենք: Գիտեք, Նիկոլ Փաշինյանը երբ ընտրվեց, մայիսի 18-ին առաջինը մեր թանգարանը եկավ: Ո՜նց էինք ուրախացել»: Այսինքն, երկրի բարձրագույն այրերը թանգարանի վատ վիճակին անձամբ են ծանոթացել: Թե հետո ի՞նչ կլինի, ի՞նչ կանեն, ինչպես կօգնեն…:
Տնօրենն ասում է՝ ծրագրեր շատ ունի, թանգարանը եթե ոչ եկամտաբեր, ապա գոնե ինքնաբավ դարձնելու համար, արվեստն առեւտրայնացնելու, այլ կերպ ասած՝ կոմերցիոն դարձնելու համար, բայց օրենքով դրա իրավունքը չունի:
Թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ի մասնաճյուղն է:
«Թանգարանն անտեսված չէ, ուղղակի սահմանափակված է օրենքով: Մասնաճյուղ ենք, եւ իրավունք չունենք ինքնուրույն գործելու: Օրինակ՝ ես Արա Սարգսյանի «Այգեկութ» քանդակի պատկերով կոնյակի եւ գինու բաժակներ եմ իմ միջոցներով պատվիրել: Դրանք շատ հետաքրքիր են, եւ երբ մեջը հեղուկ է լցվում, պատկերն ավելի գեղեցիկ ու ցայտուն է դառնում: Դրանք գեղեցիկ հուշանվերներ են, հետաքրքիր են զբոսաշրջիկներին»: Զբոսաշրջիկներ գալի՞ս են. հետաքրքրվում ենք: «Ոչ, քանիցս դիմել եմ զբոսաշրջային գործակալություններին: Ասում են՝ գիտեք, գալիս են մի քանի օրով, ու թանգարաններից միայն Փարաջանովի թանգարան են գնում: Դե բայց, պետք է օտարերկրացիներին նաեւ ուղղորդել այսպիսի թանգարաններ: Չէ որ Սարգսյանի եւ Կոջոյանի գործերից եվրոպական ցուցասրահներում էլ կան»:
Աննա Սարգսյանն ասում է՝ մտածում է թանգարանի հանրայնացման ու եկամուտ ստանալու մասին. նշում է՝ տուն-թանգարանը հարմարավետ բակ ունի, կարելի է այսպես ասած՝ արտ-սրճարան հիմնել, գոնե դրանով թանգարանի որոշ ծախսեր կփակեն:
Բայց որպեսզի դրանք իրականացնի, թանգարանը պետք է առանձնանա, ինքնուրույն դառնա. «Օրինակ՝ ասում են՝ փող աշխատեք: Ո՞նց աշխատենք, եթե դրա իրավունքը չունենք օրենքով»: Հետո բացատրում է՝ եթե ասենք, որեւէ «կորպորատիվ» միջոցառում նախաձեռնի ու ցանկություն հայտնեն այս թանգարանում այդ միջոցառումն անել, ապա պայմանագիրը պետք է կնքվի պատկերասրահի հետ ու հետեւաբար վճարումն էլ ուղղվի այնտեղ. «Հետո այդ գումարը գնում է պետական գանձապետարան ու վերջ: Եվ որպեսզի գանձապետարանից ֆինանսավորում խնդրենք, պետք է հիմնավորենք: Բայց շատ ենք դիմել, արդյունք չկա: Իսկ պատկերասրահն էլ այն ատամնաբույժն է, որի մոտ գնում ես ու ասում՝ ատամս ցավում է, ասում է՝ իմն էլ»:
Շենքի 2-րդ հարկում Հակոբ Կոջոյանի ստեղծագործություններն են ցուցադրվում: Տնօրենն ու աշխատակիցներն ասում են՝ հատկապես ամռանը սրահում շատ շոգ է լինում, հնարավորություն չկա ցուցանմուշների պատշաճ պահպանման համար նախատեսված մշտական միեւնույն ջերմաստիճանը պահպանել. «Կոջոյանը նկարել է յուրահատուկ ձեւով, իր ներկերն ինքն է պատրաստել, այսինքն՝ պետք է հիմա հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի չվնասվեն: Նույնը Արա Սարգսյանի ֆոնդի դեպքում է, նկուղում, որտեղ պահվում են որոշ գործեր, խոնավությունից վնասվում են: Մեր ուժերով մի քիչ նորոգել, կարգի ենք բերել, բայց այստեղ էլ հնարավոր չէ համապատասխան մշտապես միեւնույն ջերմաստիճանը պահպանել»:
Արա Սարգսյանի ընտանիքի անդամներն, ինչպես իրենք են ասում՝ պայքարում են, որպեսզի Գեղարվեստի ակադեմիան անվանակոչվի Արա Սարգսյանի անունով, բայց անընդհատ մերժում են ստանում: «Արա Սարգսյանի շնորհիվ է Կոջոյանի դպրոցը ստեղծվել: Գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրն է, առաջին ռեկտորը, ուստի արդարացված կլինի նրա անունով կոչել: Մեզ հիմնավորում են, թե Արա Սարգսյանը հռչակված չէ, եւ այլն: Անհիմն է»,-ասում է տիկին Աննան:
Ընտանիքը պայքարում է նաեւ, որպեսզի Օպերայի բակի երկու հանրահայտ քանդակների հեղինակների անունները գրվեն: Աննա Սարգսյանն ասում է՝ «Օրինակ քչերը գիտեն, որ Օպերայի բակի Թումանյանի քանդակի հեղինակը Արա Սարգսյանն է, Սպենդիարյանի քանդակի հեղինակներն են՝ Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանը: Պայքարում ենք, որպեսզի քանդակների վրա գրառում լինի: Էլի կան այդպիսի քանդակներ, որտեղ Արա Սարգսյանի անունը, որպես հեղինակ նշված չէ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
26.04.2019