Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրության դեմ պայքարելու ամենապարզ ուղիները

Ապրիլ 27,2019 12:30

«Փոքրուց մի շարք դիետաներ էի պահում՝ չհասկանալով այդ բառի իմաստը, բայց երբ որեւէ մեկը նոր դիետա էր ասում, միանգամից սկսում էի հետեւել նրա խորհրդին: Վաղ տարիքում չկար այն գիտակցումը, թե ինչն էր ինձ հարկավոր, ինչը` ոչ, այդ իսկ պատճառով ցանկացած դիետա պահելուց հետո կրկնակի գիրանում էի»,- պատմում է 22-ամյա Ժասմինը, ով երկու տարում նիհարել է շուրջ 30 կիլոգրամ:

Գիրությունը շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառներն ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Այն հիմնականում կարող է կապված լինել ընտանեկան ավանդույթների հետ, երբ երեխային սովորեցնում են շատ ուտել, պատճառներից մեկը կարող է լինել սխալ ընտրված սննդաբաժինը, որը չիմացության հետեւանք է, թե ինչ է իրենից ներկայացնում առողջ սննդակարգը:

Դիետոլոգները փաստում են, որ գիրությունը կարող է լինել ժառանգական գործոնի, կենսակերպի եւ լավ ուտելու հակման հետեւանք: Կան նաեւ դեպքեր, երբ գիրությունը որոշ հիվանդությունների հետեւանք է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս գիրությունից խուսափելու համար նախ ստուգվել հատուկ մասնագետի կողմից եւ նոր ընդունել որեւէ սննդակարգ, եւ շաբաթը գոնե մեկ անգամ զբաղվել սպորտով:

«Երբ դեռ նոր էի սկսել սննդակարգիս հետեւել, մարզասրահ չէի հաճախում, բայց երբ հունի մեջ ընկա եւ նկատեցի աննշան արդյունքներ, սկսեցի էլ ավելի հետաքրքրվել առողջ ապրելակերպով եւ հաճախել մարզասրահ: Այսօր առողջ սննդակարգը եւ մարզասրահ հաճախելը իմ ապրելակերպն է»,-մեջբերում է Ժասմինը:

Հոգեբանների կարծիքով՝ գիրությունը հիմնականում առաջանում է հոգեբանական խնդիրներից: Սննդի եւ օդի հետ մենք էներգիա ենք ստանում, որը հետագայում անհրաժեշտ է փոխակերպել ինչ-որ գործունեության` ֆիզիկական, մտավոր, հուզական եւ այլն: Եվ այստեղ շատ կարեւոր է հետեւել էներգիա ստանալու եւ տալու միջեւ հավասարակշռությանը:

Ավելորդ քաշի պատճառները թաքնված են այդ հավասարակշռության խախտման մեջ. մենք անհամեմատ ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք: Մարդու օրգանիզմը, չգիտես ինչու, սկսում է պահուստներ կուտակել: Իսկ ինչի՞ համար: Արժե մտածել:

Գուցե ձեր կյանքի ինչ-որ ոլորտում շեղում կամ արգելակում է առաջացել: Միաժամանակ, որքան էլ տհաճ լինի ձեզ համար, դուք չեք փորձում որեւէ բան փոխել եւ ինչ-որ կերպ շտկել տվյալ իրավիճակը: Դուք չեք փորձում ձեր էներգիան, ժամանակը, ներքին ռեսուրսները տալ, որպեսզի շտկեք առկա իրավիճակը, այսինքն՝ դուք ագահություն եք անում, նշանակում է` հոգեբանական նախադրյալներ են առաջանում ավելորդ քաշի խնդրի առաջացման համար: Եթե ուզում եք սլացիկ լինել, նախ եւ առաջ պետք է վերացնեք ավելորդ քաշի գլխավոր պատճառը` «ագահությունը»: 100 տոկոսով իրացրեք ձեր ներուժը եւ ձեր գիրությունից հետք չի մնա: Զբաղվեք ստեղծագործելով, պլաններ կառուցեք եւ իրականացրեք դրանք, ձեր մեջ նոր պլաններ եւ տաղանդներ հայտնաբերեք եւ իրացրեք դրանք: Առատաձեռնորեն ձեր հույզերը նվիրեք մտերիմներին եւ ընկերներին, օգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, ապրեք լիարժեք, վառ կյանքով, այդ դեպքում ավելորդ կիլոգրամները ձեզ չեն դիպչի:

«Ելնելով իմ օրինակից՝ կարող եմ ասել, որ ինձ մոտ եկավ այն գիտակցումը, որ ժամանակն է փոխել ամեն ինչ` հասկանալով, որ ամեն ինչ իմ ձեռքերում է, եւ «չեմ կարողներ» ուղղակի չկան: Մենք ենք մեր մտքերի պատասխանատուն, եւ մինչեւ չհաղթահարենք հոգեբանական գործոնը, մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Պարզապես պետք է հաղթահարել դժվարին օրերը, երջանիկ օրերը վաստակելու համար եւ պետք է հպարտանալ նրանով, թե ուր ես հասել եւ հավատալ, թե ուր կարող ես դեռ հասնել: Հիմա ես երջանիկ եմ՝ ոչ միայն իմ երազած արդյունքի համար, այլ այն ճանապարհի, որտեղ ինձ դժվարությունների միջոցով էլ ավելի եմ ճանաչել, բացահայտել եմ մի մարդու, ով ունի մեծ կամքի ուժ»,- ժպտալով հավելում է Ժասմինը:

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930