Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակն այս պահին բավական անորոշ է». Արա Շիրինյան

Ապրիլ 26,2019 20:30

«Այս օրինագծում անհրաժեշտ ենք համարում նախատեսել հեռուստաընկերությունների հետ աշխատելու նոր ընթացակարգ: Լիցենզավորման կարգը՝ բարդ մրցակցությունն իրենց դարն ապրել են, և թվային ժամանակներում պետք է անցնել ժամանակակից մոդելի»,- Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ԽԱՊԿ նախագահը տեղեկացրեց՝ մեկ ամսվա ընթացքում նախագիծը կամբողջացվի, և կսկսեն քննարկումները. «Նախագծում ունենք առանձին հոդված սեփականության թափանցիկության վերաբերյալ. ԶԼՄ սեփականատիրոջը թաքցնելը պետք է պատասխանատվության ենթարկվի: Այն հեղափոխությունը, որ մեր երկրում եղել է, պետք է ներառի նաև հեռարձակման ոլորտը: Շատ տարիներ մենք սպիտակ ագռավի նման ենք հանդես եկել, քանի որ կարծես հեռուստաընկերություններից ամեն մեկն իր հարցերը լուծել է իշխանության հետ. հարմարեցրել են օրենքն իրենց»:

Համաժողովի բացման արարողությանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ինդեքսն  էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, մանրամասնելով օրենքի նախագծի դրույթները, նշեց. «Մեր պատկերացմամբ՝ Հանրային հեռուստաընկերության սոցիալական փաթեթի համար բացի մեկ ընդհանուր ուղղվածության և մշակութային պարտադիր երկու ալիքներից, առաջարկում ենք, որ Հանրայինն ապահովի առնվազն ևս երեք մասնագիտացված ալիքներ՝ մանկական, երիտասարդական, տեղական և միջազգային լուրերի շուրջօրյա լրատվական ալիք: Առաջարկում ենք վերականգնել այն դրույթը, որը հանվել է. խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդն իր կազմից, մրցութային հանձնաժողովն ընտրում է միայն խորհրդի անդամներին: Խորհուրդը կազմում ու հաստատում է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների էթիկայի կանոնագիր: Այդ էթիկայի կանոնագրին հետևելու համար մրցութային կարգով առաջարկում ենք ընտրել Հանրային հեռուստառադիոընկերության օմբուդսման՝ լսարանի շահերի պաշտպան»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի համար խնդրահարույց է այն, որ ԶԼՄ մշտադիտարկման մեթոդաբանության մեջ ներառված է միայն քանակական և ոչ որակական մշտադիտարկումը: Այս հարցին ի պատասխան Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առարկեց. «Մենք կգնանք այն ոլորտ, որն ավելի շատ մեր առջև պատնեշներ կդնի, քան կօգնի»:

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մտահոգություն հայտնեց՝ բուն հեռուստառադիոընկերության խորհրդի կարգավիճակն այս պահին բավական անորոշ է. «Սահմանադրական փոփոխությունից հետո, երբ մենք նախագահական համակարգից անցանք խորհրդարանականի, որոշ փոփոխություններ տեղի ունեցան, և խորհուրդն այժմ չունի որոշակի կարգավիճակ: Այս հարցը նույնպես պետք է օրենքում ինչ-որ կերպ ներառված լինի, որ հասկանանք խորհրդի լիազորություններն և պարտավորությունները»:

Տեղեկացնենք, որ համաժողովը կազմակերպեց Երևանի մամուլի ակումբը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այս ծրագրի շրջանակում տեղի ունեցավ նաև ԵՄԱ ամենամյա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:  ԵՄԱ մրցանակի արժանացան «ԺԱՄ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թավշյա էսքիզներ» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Նատալի Հարությունյանը, հրապարակախոս Մհեր Արշակյանը, 1in.am կայքի մեկնաբան Նվեր Մնացականյանը, Սպորտ-Մեդիամաքս նախագծի պատասխանատուներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը: «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում մրցանակի արժանացան «ԱԼՏ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Անժելա Ստեփանյանը, ankakh.com կայքի թղթակից Գևորգ Ավչյանը, «Անկյուն+3» հեռուստաընկերության խմբագիր Հրաչյա Պապինյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930