Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվեց իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու կապակցությամբ հրամանագրի: Այս համատեքստում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում անցկացվեցին առավել լայնամասշտաբ կերպով: Նախագահ Մակրոնը գրառում կատարեց թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր, ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք հայոց ցեղասպանությունը, հիշելու, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է թե ինչն է կապում իրեն իր մերձավորի հետ և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի իր սխալները»:
Փարիզում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հաղթական կամարի ներքո Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրքի մատուցման զինվորական արարողությամբ: Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ՝ հատուկ այդ կապակցությամբ մասնակիորեն փակված Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Շուրջ երեք տասնյակ ծաղկեպսակներ տեղադրվեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքների, մարզերի, խորհրդարանական բարեկամության խմբերի, ինչպես նաև՝ հրեական, հունական, ասորա-քալդեական համայնքների ղեկավարների կողմից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:
Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Կարդացեք նաև
Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակի հարևանությամբ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի արձանի մոտ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա գտնվեց և ընդարձակ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, Գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմը, կրթության և երիտասարդության հարցերով պետքարտուղար Գաբրիել Ատալը, օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:
Իր ելույթում վարչապետ Ֆիլիպը նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերին Ֆրանսիան հավատարիմ է ինքն իրեն, հավատարիմ իր արժեքներին, և իր համար պատիվ է դա ընդունելը: Ֆրանսիայի վրա չի կարող ազդել որևէ ճնշում կամ սուտ: Այն ինչ մենք փնտրում ենք՝ պատմական ճշգրտությունը և հաշտեցումն է»:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտեր պողոտայով:
Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանի Աստվածամոր տաճարում մատուցվել էր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այդ ամենամյա պատարագը նախատեսված էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը սակայն տեղափոխվեց ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:
Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում` Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
ՀՀ ԱԳՆ