Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումը տեղի է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Համագործակցության միջազգային ֆորումի շրջանակում:
Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների ընթացքից: «Մենք շատ գոհ ենք՝ ինչպես են զարգանում մեր հարաբերությունները: Դրանք ընդգրկում են բոլոր ոլորտները: Եվ տարվում է ակտիվ քաղաքական երկխոսություն: Մենք նկատում ենք ապրանքաշրջանառության աճ»,- ասել է Ալիևը:
Նա նաև հույս է հայտնել, որ իրենց հարաբերությունների մակարդակն այսօր այնպիսին է, որ «թույլ կտա լուծել բազմաթիվ հարցեր և երկկողմ օրակարգում, և՛ տարածաշրջանային բնույթի»:
«Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նաև լավ ազդակ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ աջակցության և փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Կրեմլի հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա առ այն, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ արցախյան հարցին Ալիևն անդրադարձել է ֆորումում իր ելույթում՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ