Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում գողությունների թիվը կտրուկ աճել է, ընդ որում խոսքը ոչ միայն բնակարաններից, այլ ավոտոմեքենաներից կատարվող համատարած գողությունների մասին է: Այս մասին բարձրաձայնել էր նաև Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն՝ իր մտահոգությունը հայտնելով բացահայտման ցուցանիշների մասին, որը 2018 թվականին ընդամենը կազմում էր 22 տոկոս:
Վերջերս, սակայն, որոշակի աշխատանքներ են սկսվել բացահայտումների ուղղությամբ: Համենայնդեպս, ոստիկանության պաշտոնական կայքում՝ police.am-ում ավելացել է բացահայտումները շեշտադրող վերնագրերով լրահոսը:
Ոստիկանական այսօրվա նորությունները ևս բացառություն չեն. «Մուշի ոստիկանների համատեղ ձեռնարկը. գողություններ են բացահայտվել»
վերնագիրը կրող լուրից տեղեկանում ենք, որ գողության մասին տրված հայտարարությունից մեկ ամիս անց ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի Հիվանդանոցային փողոցում գտնվող մի գոմից 45 հավ և չորս ճագար, իսկ ավտոտնակից էլեկտրական սղոց և շաղափ գողանալու մեջ կասկածվողներին:
«2018թ. մարտի 29-ին հաղորդվել էր Գյումրիի Հիվանդանոցային փողոցում գտնվող մի գոմից 45 հավ և չորս ճագար, իսկ ավտոտնակից էլեկտրական սղոց և շաղափ գողանալու մասին:
Ապրիլի 25-ին ՊՊԾ դասակի ծառայողների և Մուշի քրեական հետախույզների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 29-ամյա Ռաֆիկ Գ.-ն և 57-ամյա Ավետիք Ս.-ն:
Պարզվել է նաև, որ նրանք այս տարվա ապրիլի 24-ին մի բնակարանից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ ջեռուցման կաթսա, 30 հազար դրամ արժողությամբ անկողնային պարագաներ և երկաթյա փոքր պահարան:
Այս դեպքով գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն»:
Նկատենք, որ վերջերս գողությունները կանխարգելու թեմայով Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ ուժային կառույցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը կարծես որոշակիորեն տալիս է իր արդյունքը, թեև բազմաբնակարան շենքերի մուտքերում տեսախցիկներ տեղադրելը դեռ երազանք է մնում Շիրակի մարզի քաղաքներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ