Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ. «Վալլեքս»

Ապրիլ 26,2019 19:11
alaverdi

«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերու­թյուն) Ալավերդու պղնձաձուլական գործարանի (այսուհետ՝ Գործարան) աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։ Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից Գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո Ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և Ընկերության բոլոր աշխա­տող­ներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են Գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝

Պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ

Աղացագնդերի նոր արտադրության կազմակերպում։ Որպես գործունեության նոր ձև, այս ծրագիրը ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության և այլ իրավական գործընթացներ, որոնք առավել ժամանակատար են։

Դիտարկվում է նաև վերոնշյալ երկու տարբերակների համատեղ իրագործման հնարավորությունը:

Հայեցակարգային պլանի շուրջ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ քննարկումների համար նախապայմաններ ապահովելու նկատառումներով «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել ևս երկու ամսով և աշխատողներին տալ նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019թ. հունիսի 30-ից  լուծելու մասին:

Մենք լիահույս ենք, որ ՀՀ Կառավարության և շահագրգիռ հանրության հետ կառուցողական քննարկումների արդյունքներով հնարավոր կլինի ընտրել Ալավերդի համայնքի համար լավագույն հեռանկար ապահովող տարբերակը և պատրաստ ենք անել հնարավոր առավելագույնը հանրային հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար։

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930